Լրահոս

08.05.2012 09:47


Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր պարգևատրելու մասին

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր պարգևատրելու մասին

Հաղթանակի օրվա, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձի կապակցությամբ նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր պարգևատրելու մասին:

Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ քաջության և անձնական արիության համար «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրվել են 2-ը, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով` 3-ը:

Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած անձնական արիության համար «Արիության համար» մեդալով պարգևատրվել են 42-ը, որից 18-ը` հետմահու:

Մարտական առաջադրանքների կատարմանը նպաստող հմուտ, համարձակ գործողությունների, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման, երկրի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության համար «Մարտական ծառայություն» մեդալով պարգևատրվել են 620 հոգի, որից 20-ը` հետմահու:

Շուշի քաղաքի ազատագրման համար մղված մարտերում ցուցաբերած անձնական խիզախության համար «Շուշիի ազատագրման համար» մեդալով պարգևատրվել են 57 հոգի, որից 8-ը` հետմահու:

«Մեսրոպ Մաշտոց» շքանշանով պարգևատրվել են 2-ը, «Վաչագան Բարեպաշտ» մեդալով` 4 հոգի, «Երախտագիտություն» մեդալով` 12-ը և «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպությունը (ԱՄՆ): Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած վաստակի համար ԼՂՀ ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր աշխատողի պատվավոր կոչում է շնորհվել մեկին:

Նույն օրը նախագահը ստորագրել է նաև կարգադրություն 5 ազատամարտիկի ՎԱԶ-2115 մակնիշի ավտոմեքենաներ պարգևելու մասին:

Երկրի ղեկավարը ստորագրել էր նաև կարգադրություն մի խումբ Հայրենական մեծ պատերազմի վետերանների, Պաշտպանության բանակի զինծառայողների, Արցախի ազատամարտիկների, զոհված և անհայտ կորած ազատամարտիկների հարազատների, ընդհանուր թվով 200 հոգու, արժեքավոր նվերներ հանձնելու մասին:

ԼՂՀ նախագահի լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը