Լրահոս

08.05.2012 17:11


Փոխվարչապետը ՀԲ գրասենյակի ղեկավարի հետ քննարկեց ոռոգման համակարգում իրականացվող ծրագրերի ընթացքը

Փոխվարչապետը ՀԲ գրասենյակի ղեկավարի հետ քննարկեց ոռոգման համակարգում իրականացվող ծրագրերի ընթացքը

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Համաշխարհային բանկի (ՀԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Ժան Միշել Հափիին:

Կողմերը քննարկեցին ոռոգման համակարգում ՀԲ աջակցությամբ իրականացվող ծրագրերի եւ, մասնավորապես, "Ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրով" կատարվող աշխատանքների ընթացքին վերաբերող հարցեր: Այս ծրագրով շարունակվում են մայր ջրանցքների եւ միջտնտեսային ցանցերի վերականգնման աշխատանքները: Երկուստեք գոհունակություն հայտնվեց աշխատանքների որակի, դրանք ըստ ժամանակացույցի կատարելու առնչությամբ:

Փոխվարչապետը կառավարության անունից շնորհակալություն հայտնեց ՀԲ-ին` Մարմարիկի ջրամբարի շինարարության համար, որը շահագործման հանձնվեց օրերս: Անդրադարձ եղավ Հայաստանում ջրամբարաշինությունը շարունակելու հարցին: Ա. Գեւորգյանը կարեւորեց ջրային պաշարների կուտակման հնարավորությունների ընդլայնումը ինչպես գյուղատնտեսության զարգացման, այնպես էլ էներգետիկ եւ բնապահպանական անվտանգության տեսանկյունից: Նշվեց, որ կառավարությունն այս տարի գերմանական KfW բանկի աջակցությամբ նախատեսում է սկսել Կապսի անավարտ ջրամբարի կառուցման նախապատրաստական աշխատանքները: Ընդ որում, ջրամբարի կառուցումը կնպաստի նաեւ Արփի լճի բնապահպանական խնդիրների լուծմանը: Քննարկվեցին նաեւ մի շարք անավարտ ու նաեւ նոր ջրամաբարների կառուցման հնարավորությունները, որոնք կարեւոր նշանակություն կունենան գյուղացիական տնտեսությունների համար` ոռոգման ջրի անխափան մատակարարում երաշխավորելով:

Հասարակայնության հետ կապերի բաժին 

Այս խորագրի վերջին նյութերը