Աշխարհ

09.05.2012 11:30


Դատ բացելու միշտ պատրաստ թուրքական խումբը կորցնում է ցեղասպանության դատավճիռը

Դատ բացելու միշտ պատրաստ թուրքական խումբը կորցնում է ցեղասպանության դատավճիռը

Վերջին տարիներին, դատ բացելու մոլուցքով տարված Ամերիկայի թուրքական համախմբումը (ԱԹՀ) դատական գործեր է հարուցել այն դասախոսների, պետական ծառայողների և քաղաքացիական խմբերի դեմ, ովքեր սատարում են Հայոց ցեղասպանության ճանաչմանը։

 

Անցյալ շաբաթ, դաշնային վերաքննիչ դատարանի երեք դատավորները վերջ դրեցին ԱԹՀ–ի դատական քաշքշուկներին ընդդեմ Մինեսոտայի համալսարանի և միաձայն վերահաստատեցին դաշնային դատարանի նախկին որոշումը՝ մերժելով ԱԹՀ–ի անհիմն պնդումները։

 Թուրքական շահերին ջատագով խումբը հայց էր ներկայացրել ընդդեմ Մինեսոտա համալսարանի Հոլոքոստի և ցեղասպանության ուսումնասիրության կենտրոնի պրոֆեսոր Բրունո Չաուաթի, ով պիտակել էր ԱԹՀ–ի ինտերնետային կայքը և մի քանի այլ կայքեր որպես «ոչ արժանահավատ»։ Համալսարանի ինտերնետային էջում տեղադրվել էր հետևյալ խիստ զգուշացումը ուսանողներին. «Խորհուրդ չենք տալիս օգտվել այդ կայքերից։ Ուսումնասիրություն կատարող ուսանողներին պետք է զգուշացնել,  որ նրանք չօգտվեն այս կայքերից, քանի որ դրանք ժխտում են ցեղասպանությունը, աջակցվում են անհայտ կազմակերպության կողմից կամ պարունակում են այնպիսի բովանդակություն, որ փաստերի և կարծիքների տարօրինակ խառնուրդն է»։

 

Ի սկզբանե, ԱԹՀ–ն բողոքել էր, որ իր ինտերնետային էջի ներառումը Համալսարանի «Ոչ արժանահավատ ինտերնետային էջերի ցուցակում» ոտնահարում է Թուրքական խմբի խոսքի ազատությունը։ Համալսարանը մերժեց ԱԹՀ–ի ամբաստանությունը, թեև 2010 թվականի նոյեմբերի 18–ին Հոլոքոստի և ցեղասպանության ուսումնասիրության կենտրոնը վերանայեց իր ինտերնետային կայքը՝ հանելով «Ոչ արժանահավատ ինտերնետային կայքեր» ցուցակը և առաջարկելով ցեղասպանության ուսումնասիրության համար ավելի ստույգ նոր աղբյուրներ։ Համալսարանը հավաստիացրեց, որ այս վերանայումը պայմանավորված չէր ԱԹՀ–ի բողոքով և հերքեց, որ կատարվել է որևէ խախտում։ 2010 թվականի նոյեմբերի 24–ին պրոֆեսոր Չաուաթը Կենտրոնի ինտերնետային էջում տեղադրեց հայտարարություն, որտեղ բացատրում էր, որ «Ոչ արժանահավատ ինտերնետային էջերի» ցուցակը հանվել է, քանի որ ինքը չի ցանկանում «խթանել, նույնիսկ բացասական ձևով, անվավեր տեղեկատվական աղբյուրները»։

 ԱԹՀ–ն ապա դատական հայց հարուցեց համալսարանի, նրա նախագահի և պրոֆեսոր Չաուաթի դեմ՝ պնդելով, որ իրենց ինտերնետային էջի ներառումը նույն ցուցակում, որտեղ ներառված են հրեաների հոլոքոստը մերժող ինտերնետային էջերը, վնասում է թուրքական կազմակերպության հեղինակությանը։ Դատարանը մերժեց հայցը։  

 2012 թվականի մայիսի 3–ին 8–րդ շրջանի դաշնային վերաքննիչ դատարանի 3 դատավորները մերժեցին ավելի ցածր ատյանի դատարանի վճիռը՝ որոշում կայացնելով, որ համալսարանը չի խախտել ԱԹՀ–ի՝ Սահմանադրությամբ  ամրագրված խոսքի ազատության իրավունքները, քանի որ դա ոչ արգելափակում, ոչ էլ սահմանափակում է թուրքական կայքէջի օգտագործումը։  

Դատավորները նաև մերժեցին թուրքական խմբի երկրորդ պահանջը, այն, որ զրպարտանք է եղել, երբ համալսարանը հայտարարել է, որ ԱԹՀ–ի կայքէջը «արժանահավատ չէ», «ժխտողական է», ներակայացնում է «փաստերի և կարծիքների տարօրինակ խառնուրդ» և «անվավեր  տեղեկատվական աղբյուր է»։ Դատը շահելու անհույս փորձ անելով՝ ԱԹՀ–ն պնդեց, որ իր ինտերնետային էջը չի ժխտում հիմնական որոշակի պատմական փաստեր՝ հայտարարելով, որ «անշուշտ հարյուր հազարավոր հայեր են մահացել»։ Այնուամենայնիվ, քանի որ թուրքական կայքէջը  պնդում է, որ «խիստ անհավանական է, որ ցեղասպանության մեղադրանք կարող է կիրառվել Օսմանյան կառավարության կամ նրա իրավահաջորդներին նկատմամբ», դատավորները որոշում կայացրեցին համալսարանի օգտին՝ պնդելով, որ ԱԹՀ–ն իրականում ներգրավված է «ժխտման» գործընթացում։

 ԱԹՀ–ի այս չարամիտ դատական գործերը մտահոգել են բազմաթիվ ԱՄՆ դասախոսների, ովքեր անհանգստացած են, որ այս գործը կլինի վտանգավոր նախադեպ և սառն ազդեցություն կունենա ակադեմիական ազատության վրա։ Այս լուրջ մտահոգությունները ստիպեցին Մերձավոր արևելքի ուսումնասիրությունների ընկերակցությանը պահանջել, որպեսզի ԱԹՀ–ն հետ վերցնի իր հայցը։

 Թեև ԱԹՀ–ի Մինեսոտայի համալսարանի դեմ վարած ագրեսիվ մարտավարությունը տապալվեց, ոչ մի երաշխիք չկա, որ թուրքական խումբը կդադարի դատի տալ այլ ակադեմիական կամ քաղաքացիական կազմակերպություններին, որոնք կհրաժարվեն ներգրավվել Թուրքիայի ժխտողական արշավներում։ Հարկ է նկատել, որ ԱԹՀ–ն իր 2010 թվականի 3.6 միլիոն դոլարի բյուջեից դատական հայցերի վրա ծախսել է 630,000 ԱՄՆ դոլար։ Հատկանշական է, ԱԹՀ–ն իր տարեկան հաշվետվությունում չի նշում իր ֆինանսավորման աղբյուրների մասին, բացառությամբ մի հպանցիկ հիշատակմանը, որ «այն ամբողջությամբ աջակցվում է մասնավոր նվիրատվությունների» հաշվին։ «Boston Business Journal»-ը հայտնում է, որ «Hittite Microwave» կորպորացիայի հիմնադիր թուրք–ամերիկացի Յալչին Այասլին 2007 թվականին ԱԹՀ–ին հատկացրել է 30 միլիոն ԱՄՆ դոլար։

 2010 թվականին ԱԹՀ–ն իրագործել է հետևյալ լայնածավալ գործողությունները և քաղաքական աշխատանքները` ծախսելով 3.6 միլիոն ԱՄՆ դոլար՝

 -         ներկայացրել է 75 քաղաքական հուշագրեր Կոնգրեսի անդամներին և ԱՄՆ կարծիք ձևավորողներին,

-         վերահսկել է Ամերիկյան մամուլին,

-         Թուրքիա այցելության է տարել բնիկ ամերիկացիների գործարարների պատվիրակությանը,

-         լոբբիստական գործունեություն է իրականացրել Կոնգրեսում Հայոց ցեղասպանության բանաձևի դեմ,

-         գովազդել է «Roll Call»  և «Washington Quarterly» թերթերում,

-         կազմակերպել է թուրք ուսանողների համար ստաժավորման ամառային դասընթացներ Վաշինգտոնում,

-        կրթաթոշակներ է տվել աֆրիկա–ամերիկացի, հայ–ամերիկացի, իսպանա–ամերիկացի, բնիկ ամերիկացի և թուրք ուսանողներին՝ Թուրքիայի համալսարաններում սովորելու համար,

-         դրամաշնորհներ է տվել գիտական համաժողովների համար,

-         հետազոտական դրամաշնորհներ է տվել պրոֆեսոր Մայքլ Գունթերին, Ջասթին Մքքարթիին, Հական Յավուզին և այլոց,

-         նվիրաբերել է 100,000 ԱՄՆ դոլորի դրամաշնորհներ Թուրք-Ամերիկյան ընկերակցությունների համախմբմանը և Թուրք- ամերիկյան ընկերակցությունների դաշնությանը և ավելի նվազ գումար՝ Ամերիկայի Ադրբեջանական ընկերությանը,

-         ծախսել է 630,000 ԱՄՆ դոլար դատեր բացելով Հայոց ցեղասպանության հարցում աջակցող տարբեր մարմինների դեմ,

-         ֆինանսավորել է Ամերիկայի կոնգրեսականների այցը Թուրքիա և

-        ներկայացրել է բողոք ԱՄՆ կառավարությանը, որով մեղադրում էր Ամերիկայի հայ դատի հանձնախմբին «ատելություն սերմանող խումբ» լինելու մեջ։

 Հաշվի առնելով ԱԹՀ–ի հարկերից ազատված բարեգործական կազմակերպություն լինելու կարգավիճակը՝ ԱՄՆ հարկային վարչությունը պետք է ստուգի Թուրքական համախմբման՝մեծածախս քաղաքական և լոբբիստական գործունեություն ծավալելու օրինականությունը։

 Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր

Թարգմանիչ՝ Կարինե Գևորգյան

Այս խորագրի վերջին նյութերը