Քաղաքական

10.05.2012 08:35


Ահազանգ թիվ 12 ընտրատարածքից

Ահազանգ թիվ 12 ընտրատարածքից

Հենց նոր «7օր»–ն ահազանգ է ստացել, որ երեկ երեկոյան թիվ 12 ընտրատարածքում ինչ–որ գործողություններ են տեղի ունեցել։ «Օրինաց երկիր» կուսակցության դիմումով այս օրերին այնտեղ մայիսի 6–ին կայացած ընտրությունների արդյունքների վերահաշվարկ է իրականացվում, և կասկածներ կան, որ ամեն ինչ արվում է այս տարածքում ընտրությունները չեղյալ հայտարարելու համար։

Ահազանգը ճշտելու համար «7օր»–ը կապ է հաստատել թիվ 12 ընտրատարածքից պատգամավոր ընտրված, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Լյովա Խաչատրյանի հետ։ Նա հաստատաել է այս տեղեկությունը՝ ասելով, որ 15 ընտրատեղամասերից արդեն 12–ում վերահաշվարկն իրականացվել է, և պարզվել է, որ տեխնիկական վրիպակ է եղել, ու իր ձայները 300–ով ավելացել են։ Լյովա Խաչատրյանը, սակայն, նշել է, որ երեկ երեկոյան՝ վերահաշվարկից հետո, երբ բոլորը հեռացել են ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից, քիչ անց հանձնաժողովի նախագահն ու քարտուղարը վերադարձել են և 2 ժամ ինչ–որ գործողություններ իրականացրել, իր վստահված անձին էլ թույլ չեն տվել ներս մտնել։ Լյովա Խաչատրյանն ահազանգել է ԿԸՀ, և վերջինի միջամտությունից հետո նոր հանձնաժողովի նախագահն ու քարտուղարը հեռացել են տարածքից։

–Մտահոգություն կա, որ նախապատրաստում էին կեղծիքների՝ հօգուտ ՕԵԿ–ական Ռուբեն Մասումյանի,–ընդգծել է Լ. Խաչատրյանը՝ ավելացնելով, որ հանձնաժողովի նախագահը կապի և տրանսպորտի ՕԵԿ–ական նախկին նախարար Գուրգեն Սարգսյանի կինն է։

Այսօր ժամը 9:00–ից վերահաշվարկը շարունակվելու է։

Հիշեցնենք, որ թիվ 12 ընտրատարածքում առաջադրվել էին ԲՀԿ–ական Լյովա Խաչատրյանը, «Ժառանգությունից»՝ Անահիտ Բախշյանը, ՀՅԴ-ից` Կառլեն Գևորգյանը, ՕԵԿ-ից՝ Ռոբերտ Մասումյանը, ինքնաառաջադրված անկուսակցականներ Տիգրան Տեր-Պետրոսյանը և Գոհար Վեզիրյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը