Լրահոս

10.05.2012 14:10


Ո՞վ է առևանգել հացադուլ հայտարարած Արտավազդ Վարդանյանին

Ո՞վ է առևանգել հացադուլ հայտարարած Արտավազդ Վարդանյանին

Արդեն մեկ շաբաթ հացադուլ հայտարարած Արտավազդ Վարդանյանը, ում առողջական վիճակը լավ չէ, ԿԸՀ-ի դիմաց հրավիրված մամլուլի  ասուլիսում պատմել է երեկ իր հետ տեղի ունեցածը։ Մայիսի 9-ի երեկոյան նա որոշում է կայացրել վրան տեղադրել ԿԸՀ հարակից պուրակում։ Վրանը տեղադրելու պահին «վրա են հասել այդտեղ շուրջօրյա հերթապահող ոստիկանները» և այն վերցրել: «Բացի վրանից ոստիկանները նաև հովանոցն են խլել։ Ինձ Ռոբերտ Մելքոնյանը զոռով վրանից հանեց, վրանն ու հովանոցը տարան: Իսկ մի քանի ժամ անց ինձ տեղեկացրեցին, որ կարող եմ գնալ ու ստանալ գույքը հետ: Անգամ ասացին, որ կարող եմ վրանը տեղադրել, սակայն այնպիսի վայրում, որը չի խանգարի քաղաքացիներին: Հետո ավելացրեցին, որ անհրաժեշտ է նաև Երևանի քաղաքապետարանի թույլտվությունը ստանալ։ Իսկ կեսգիշերին, երբ ընկերներս հեռացել են ինչ-որ մեկը ինձ ձայն է տվել՝ համոզվելու, որ Արտավազդը ես եմ։ Դրանից հետո մի քանի հոգով ինձ բռնի ուժով տարել են դեպի ավտոմեքենա։ Քանի որ քնապարկում էի, և դրանում լինելը այնքան էլ հարմար չէ բռնի գործողություններին խոչընդոտելու համար՝ սկսեցի ոստիկաններին կանչել օգնության: Սակայն, տարածքում ոչ մի ոստիկան չկար։ Նրանք օր ու գիշեր այստեղ էին, իսկ այդ պահին չկային»,- ասել է Արտավազդ Վարդանյանը։


Այնուհետ նրան տեղափոխել են Մուսալեռ գյուղ, ճանապարհին ճշտել, թե արդյոք իրեն օրվա ընթացքում Մուսալեռի գյուղապետը այցի չի եկել ու հասցնելով դռան շեմին` զգուշացրել, որ հատկապես այսօր այլևս չվերադառնա հացադուլի վայր: 
Նրանց հեռանալուց հետո եկել է գյուղապետը, հորդորել չվերադառնալ ու վերջ տալ ակցիային, սակայն Ա.Վարդանյանն այդ պահին զբաղված է եղել հեռախոսով ընկերներին իրավիճակը պարզաբանելով: Այնուհետ ոտաբոբիկ հասել է Էջմիածին-Երևան խճուղի ու տաքսիով վերադարձել ԿԸՀ-ի մոտ։

«Եթե ոստիկանները իսկապես ուզում են բացահայտեն, թե ովքե՞ր են ինձ առևանգողները, ապա պետք է նախևառաջ հարցնեն գյուղապետից, քանի որ ես այն կարծիքին եմ, որ նույն այդ անձիք են  նրան ուղորդել ինձ այցի գալ: Ես ենթադրում եմ, որ նույն մարդիկ են»,- նշել է Ա.Վարդանյանը:

Հիշեցնենք, որ Ա.Վարդանյանը պահանջում է այլընտրանքային ընտրություններ և իր պահանջը, մասնավորապես, ուղղված է հասարակությանը:
Ուշագրավ է նաև այն, որ Ա.Վարդանյանի ասուլիսին ուշադիր հետևում էին նաև ոստիկանները, նկարահանում ողջ ընթացքը ու նույնիսկ մինչև ասուլիսի մեկնարկը բոլորին հատ առ հատ նկարահանում: Իսկ բուն ասուլիսի ժամանակ անգամ մոտենում ու հետաքրքրվում, թե ո՞ր լրագրողը որտեղից է:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը