Մեկնաբանություն

10.05.2012 16:13


Անվավեր հաղթանակ

Անվավեր հաղթանակ

Այն, որ ՀՀԿ–ն «շռնդալից» հաղթանակ տարավ ընտրակեղծիքների նոր տեխնոլոգիայի շնորհիվ, չգիտեն միայն դպրոցահասակ երեխաները։ Նոր տեխնոլոգիա կոչվածն ընտրողների ուռճացված ցուցակներն էին, ինչը բազմակի քվեարկությունների հնարավորություն տվեց ցնդող դրոշմակնիքի օգնությամբ։ Այս ամենին եթե գումարում ենք ընտրակաշառքը և բանակի միահամուռ քվեարկությունը, ապա վերջնականապես պարզ է դառնում, թե որտեղից գոյացան ՀՀԿ–ի ավելի քան 600–հազարանոց «ֆանատների» ակումբի անդամները։

ՀՀԿ–ի մեծամասնական թեկնածուները նույնպես օգտվել են այդ ամենից։ Թիվ 4 ընտրատարածքում, օրինակ, ահագին եղվարդցի է գրանցված եղել, ովքեր առավոտ կանուխ գլխապատառ նետվել են ՀՀԿ–ական (նախկին ՕԵԿ–ական, թեև ՕԵԿ–ականի նախկինը չի լինում) խանութպան Արտակ Սարգսյանի օգտին քվեարկելու։ Ինչ վերաբերում է այդ ընտրատարածքի հանձնաժողովականներին, ապա շատ էին «ՍԱՍ»–ի աշխատակիցները, ինչը շատ խոսուն փաստ է։ Իրավական առումով այստեղ «զացեպկայի» պահը մի փոքր խնդրահարույց է, սակայն բոլորին էլ պարզ է, թե ինչն ինչոց է։

Թիվ 7–ում, որտեղ առաջադրվել էր Սամվել Ալեքսանյանը, դիմել էին ավանդական մեթոդներին՝ տարեցներին և խեղճուկրակներին խմբերով բերում էին ընտրատարածք և «օգնում» քվեարկել։ Տեղամասային կուտակումներ կային, ու վստահված անձինք չէին հասցնում քվեախցիկների մոտից հեռու պահել «օգնող» երիտասարդներին։ Արդյունքում ՀՀԿ գաղափարական առաջամարտիկ Սամվելը կրկին պատգամավոր դարձավ։

Իսկ ահա թիվ 10 ընտրատարածքում ՀՀԿ–ական մեկ այլ թեկնածու Գարեգին Նուշիկյանին օգնության են հասել անվավեր ճանաչված քվեաթերթիկները։ Բանն այն է, որ այս ընտրատարածքում առաջադրված մեծամասնական թեկնածու Սարիբեկ Սուքիասյանի օգտին տրված ձայներն իր մրցակցին, ըստ ԿԸՀ տվյալների, զիջել են 437–ով։ Սուքիասյանը ստացել է 14 295, իսկ Նուշիկյանը՝ 14 732 ձայն։ Թվում է, թե թեժ մրցակցության արդյունքում հաղթել է ՀՀԿ–ի թեկնածուն ու «Ժառանգություն» կուսակցության համար «պապայի» կարգավիճակ ստացած Նուշիկյանը, սակայն ուշագրավն այն է, որ այս ընտրատարածքում անվավեր է ճանաչվել ռեկորդային թվով քվեաթերթիկ՝ 2 340 հատ։ Սա խիստ կասկածելի թիվ է։ Այդ անվավեր քվեաթերթիկներն էլ, ըստ ամենայնի, օգնել են Նուշիկյանին դառնալ մանդատավոր։ Ի դեպ, հարկ է նկատել, որ այլ ընտրատարածքներում մեծամասնականի անվավեր քվեաթերթիկների նման առատություն չի գրանցվել։

Այս մի քանի օրինակները ցույց են տալիս, թե ինչպիսին է եղել ՀՀԿ–ի «հաղթանակը» մեծամասնական ընտրակարգով։

Այսպիսով, ՀՀԿ–ն ինչպես մեծամասնականով, այնպես էլ համամասնականով անվավեր հաղթանակ է տարել, ինչի առիթով չենք շնորհավորում նրանց։ Պատահական չէ, որ հանրապետականների մեծ մասի մոտ էլ առանձնապես էյֆորիա չկա. իրենք բոլորից էլ լավ գիտեն, որ ձայն չունեն, ու հիմա մտածում են, թե ինչպես մարսեն այս աննախադեպ «լավ ընտրությունների» արդյունքները։ Դա է պատճառը, որ կոալիցիա կազմելու մասին խոսակցություններ են նետվում հրապարակ, բայց դե պարզ է, որ ինքնուրույնություն ունեցող որևէ ուժ չի մտնի ՀՀԿ–ի հետ կոալիցիայի մեջ։ Խոսքս,  իհարկե, ՕԵԿ–ի ու «Ժառանգության» մասին չէ. այն, ինչ արեց ՀՀԿ–ն սրանց հետ, պարզապես պարտավոր է «ամուսնանալ»։

Գևորգ Դավթյան

Այս խորագրի վերջին նյութերը