Մեկնաբանություն

10.05.2012 22:50


«Հաճախորդ» օպերացիա. մաս 4–րդ

«Հաճախորդ» օպերացիա. մաս 4–րդ

Դատելով այն ոգևորությունից և «ռասկրուտկայի» ինտենսիվությունից, որով իշխանամետ լրատվամիջոցները «ավետում» են Արամ Զավենի Սարգսյանի՝ ՀԱԿ–ից դուրս գալու և մանդատը վայր դնելու մասին՝ իշխանությունը որոշել է հրապարակավ «երկխոսացնել» հերթական հաճախորդին։

Օրեր շարունակ «անկախ» և սաստիկ «ընդդիմադիր» լրատվամիջոցները նախապատրաստում են Արամի հեռացումը՝ փորձելով սովորական «ականի» քայլը ներկայացնել որպես դարակազմիկ իրադարձություն, բայց փորձված ընթերցողը լավ գիտի, որ եթե շատ հայտնի տեղից կառավարվող ԶԼՄ–ները և Բաղրամյան 26–ի պատերի տակ քարշ եկող «վերլուծաբան–տեխնոլոգները» մի բանի մասին շատ են խոսում, ուրեմն դա իրենց պրոյեկտն է, որի իրականացման վերջում հայտնվում է «կինոյի մեջի տղան» և մեկ հարվածով լուծում բոլոր հարցերը։ Ճիշտ է, վերջում անկապ բան է ստացվում, բայց դե մարդիկ աշխատում են այնքան, որքան կարողանում են։

Թե ինչ նպատակով են ուզում Արամի շուրջ շոու սարքել և ինչ նպատակով են ուզում «մեյդան» հանել նրան, այնքան էլ հետաքրքիր չէ, քանզի «ականը» արդյունավետ է գործում, երբ դրա մասին չգիտես։ Տվյալ դեպքում գործ ունենք «զռռացող» ֆիգուրի հետ, ով չի էլ թաքցնում, որ Սերժ Սարգսյանն ու Տիգրան Սարգսյանն իրենց ընտանիքի բարեկամն են։ Իրականությունն այն է, որ Վազգեն Սարգսյանի մյուս եղբոր՝ Արմենի վաղաժամ արձակումն է «բարեկամացրել» Արամին ու իշխանությանը։ Վերջինս էլ շահագործում է սրան սրտի ուզածի չափով։

Արամ Զավենիչի հետ տեղի ունեցողը այդ շարքից է։ Վերահսկվող լրատվամիջոցներն անոնս են անում, թե նա վաղը կտրուկ հայտարարություն է անելու ու ձեռքի հետ էլ չեն մոռանում նշել, թե դրանից առաջ նա Բրյուսելում է եղել։ Դրանով հավերին ուզում են կուտ տալ, թե Արամ Սարգսյանը ոչ թե վաղուց պայթած «ական» է և անխնա օգտագործվում է նախագահականի կողմից, այլ եվրոպաների «դաբրոն» ունեցող մեկը. հին ու էժանագին «PR–տրյուկ», որը պարզապես ծիծաղ է առաջացնում։ Ի՞նչ դրսի «դաբրոյի» մասին է խոսքը։ Նման բան չկա։ Դրսից Հայաստանում ոչ մեկին «դաբրո» չեն տալիս ու չեն կարող տալ. ձերբազատվե՛ք այդ ստրկամիտ հոգեբանությունից։

Մի խոսքով, եթե ճիշտ են այն լուրերը, որ «Անորսալի Ջո»–ի կարգավիճակ ունեցող  Արամ Սարգսյանը վաղը իրոք դուրս է գալու ՀԱԿ–ից և հրաժարվելու է իրեն չհասանելիք մանդատից, ապա դրա մեջ ոչ մի սենսացիա պետք չէ փնտրել։ Ընդամենը մենք ականատես կլինենք «Հաճախորդ» անվանումը կրող հերթական օպերացիային։ Արտաշես Գեղամյանից, Արթուր Բաղդասարյանից, Րաֆֆի Հովհաննիսյանից հետո Արամը կդառնա չորրորդը։

Շատ զվարճալի տեսարան է սպասվում, որն, ի դեպ, վաղուց պետք է լիներ, քանզի ոչ ֆորմալ առումով ՀԱԿ–ում Զավենիչը շուտվանից էր «պերսոնա նոն գրատա»։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Հոդվածին կից նկարն արվել է 2003–ի նախագահական ընտրությունների շրջանում։ Գեղամյանն այն ժամանակ Սերժ Սարգսյանին ինչեր ասես որ չէր ասում։ Արամ Սարգսյանը հիմա շատ ավելի պարկեշտ է պահում իրեն. չի թաքցնում, որ Սերժի դաշտում է խաղում։

Այս խորագրի վերջին նյութերը