Լրահոս

11.05.2012 09:15


Արձագանք «Հայերը, Միկլոշկոն և Հարաբինը» հոդվածին

Արձագանք «Հայերը, Միկլոշկոն և Հարաբինը» հոդվածին

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ մամլո քարտուղարությունից հայտնում են, որ Սլովակիայի «Տիժդեն» շաբաթաթերթում տպվել է Թուրքիայի դեսպանուհու` Գյուլհան Ուլուտեկինի  արձագանքը ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանի ապրիլի 5-ին կազմակերպված Հայոց ցեղասպանության վերաբերյալ միջոցառմանը, որի ժամանակ ցեղասպանության նվիրված հուշակոթող-խաչքարի մոտ ելույթ էին ունեցել ինքը` պարոն Գրիգորյանը, Սլովակիայի Ազգային Խորհրդի առաջին նախագահ, խոշոր քաղաքական գործիչ Ֆրանտիշեկ Միկլոշկոն, Սլովակիայի Գերագույն դատարանի նախագահ, արդարադատության նախկին նախարար, փոխվարչապետ Շտեֆան Հարաբինը /որի առաջարկով Սլովակիան ընդունել է ցեղասպանության մերժման քրեկանացման օրենքը/, ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը և  ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը: Միջոցառման մասին «Տիժդեն» շաբաթաթերթը արդեն ներկայացրել էր և տեսահոլովակ էր պատրաստել «Հայերը,Միկլոշկոն և Հարաբինը» վերնագրով իր էլեկտրոնային էջի վրա:

 Ներկայացնում ենք տիկին դեսպանուհու նամակը և պարոն Աշոտ Գրիգորյանի պատասխանը նրան:

Արձագանք «Հայերը, Միկլոշկոն և Հարաբինը» հոդվածին

/Գյուլհամ Ուլուտեկին, Թուրքիայի դեսպանը Սլովակիայում/

 

«Միջոցառման ժամանակ տրված հարցազրույցների մեջ կատարված հայտարարությունները ստեղծում են սխալ տպավորություն 1915թ-ի դեպքերի նկատմամբ  Թուրքիայի ունեցած դիրքորոշման շուրջ: Թուրքիան, ոչ մի կերպ, չի ցանկանում իր հիշողություններից ջնջել կատարված դեպքերը և չի խուսափում պատասխանատվություն կրել սեփական պատմության հարցում: Հակառակ, Թուրքիան անընդհատ ընդգծում է վերոհիշյալ ժամանակահատվածի շուրջ օբյեկտիվ գնահատականներ տալու անհրաժեշտությունը` մատչելի բոլոր սկզբնաղբյուրների հիման վրա: Այդ իսկ պատճառով Թուրքիան առաջարկել է Հայաստանին ստեղծել համատեղ հանձնաժողով, որի կազմում կընդգրկվեին ոչ միայն երկու կողմի պատմաբաններ և մասնագետներ, այլ նաև մասնագետներ երրորդ երկրից, որոնց խնդիրը կլիներ 1915թ-ի դեպքերի համատեղ ուսումնասիրությունը` հիմնված ոչ միայն Թուրքիայի և Հայաստանի, այլ նաև մնացած երկրների արխիվային նյութերի  վրա: Այս առաջարկին համաձայն և կատարվածի վրա անկեղծորեն լույս սփռելու և վիճելի պատմական հարցը պարզաբանելու նպատակով մենք բացեցինք մեր բոլեր արխիվները, ընդհուպ նաև զինվորականները: Չնայած դրան, Հայաստանը ոչ մի հանդիպակած քայլեր չկատարեց: Տվյալ խնդրի լրիվ և օբյեկտիվ վերլուծությունը կատարելու համար անհրաժեշտ է, որ հայկական կողմը նույնպես բացի իր արխիվները, որոնք ցավալիորեն մինչ այսօր մնում են անմատչելի: Մեր առաջարկությունը համանման հանձնաժողով կազմակերպելու հարցում կատարվել է դեռևս 2005թ-ին: Հարց է ծագում, ինչու+ է Հայաստանը վախենում ճշմարտությունից, և նույնիսկ այն ճշմարտությունից, որը գտնվում է իր սեփական արխիվներում:

1915թ-ի դեպքերը «ցեղասպանություն» հայտարարել լուրջ և միաժամանակ կասկածելի քայլ է: Ցեղասպանությունը` լուրջ հասկացություն է և դրա շուրջ ցանկացած պնդումներ պահանջում են լրիվ և հիմնովին վերլուծություն` հիմնված վստահելի աղբյուրների և գիտական հետազոտությունների վրա, համաձայն միջազգային իրավաբանության համապատասխան սկզբունքների:

Հանուն արդարության պետք է ընդունել, որ 1915թ-ի դեպքերը ոչ միայն հայերի համար են ողբերգություն հանդիսանում, այլ նաև թուրքերի և այդ ժամանակ Օսմանյան Կայսրության տարածքում ապրող մյուս ժողովուրդների: Տառապյալ հայերի նկատմամբ հարգանք և ցավակցություն ունենալով հանդերձ, ես ցանկանում եմ հայտնել իմ ափսոսանքն այն բանի շուրջ, որ այսօր չկա ոչ մի հիշեցում թուրքերի կամ մուսուլմանների կրած տառապանքների մասին, այդ ժամանակներում ունեցած զոհերի ու կորուստների և առաջին համաշխարհային պատերազմի դաժանությունների մասին»:

Ներկայացնում ենք Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանի պատասխանը, որը մայիսի 9-ին պաշտոնապես ուղղարկվել է Սլովակիայի դեսպանուհի Գյուլհան Ուլուտեկինին և «Տիժդեն» շաբաթաթերթի խմբագրությանը:

«Հարգելի տիկին դեսպանուհի Գյուլհան Ուլուտեկին, ապրիլի 24-ին մենք նշեցինք այն դեպքերի 97-ամյակը, որոնք հիմք հանդիսացան ազգությամբ լեհ, ամերիկացի իրավաբան Ռաֆայել Լեմկինի համար, տալ սահմանում մարդկության դեմ կատարվող ոճիրների շուրջ, որոնք կատարվել են որոշակի ժողովուրդների, ռասաների կամ կրոնական խմբերի նկատմամբ` ապագայում դրանք կանխելու միտումով: Նա այդ ցանկությունն ուներ դեռևս Լվովի համալսարանում սովորելու ժամանակ, երբ ուսումնասիրում էր այս դեպքերն, ինչպես նաև դրան նախորդող դեպքերը` սկսված Աբդուլ Համիդի կողմից, և դրան հաջորդող դեպքերը` կազմակերպված Երիտթուրքական իշխանությունների ուղղակի ղեկավարությամբ, որոնք ավարտին հասցվեցին Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից: Եվ ահա այդ ուսումնասիրությունների հիման վրա Ռաֆայել Լեմկինը տվեց ցեղասպանության սահմանումը: Ցանկանում եմ Ձեզ միայն բացատրել, որ Լեմկինը այս հասկացողությունը հիմնեց կոնկրետ և ոչ թե վերացական  դեպքերի վրա: Ցեղասպանության այս սահմանումը, սակայն ընդհանրացվեց, երբ Հայոց ցեղասպանությանը հաջորդեցին նաև մարդկության դեմ կատարված այլ ոճիրներ:

«Տիժդեն» շաբաթաթերթում Ձեր հրապարակած նամակում ներկայացնում եք, որ թուրքական կողմն առաջարկում է արխիվային նյութերի համատեղ հետազոտում: Բայց չէ որ արխիվները վաղուց բաց են և ոչ մեկը չունի խնդիր դրանք ուսումնասիրելու: Բավարար է միայն գալ Երևան, այցելել ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, որտեղ գտնվում են հսկայական արխիվային նյութեր, որոնցում ներկայացված են վերոհիշյալ դեպքերը: Նույն ճանապարհով, և այլ երկրների արխիվները Ձեզ կտան հնարավորություն ուսումնասիրելու համապատասխան փաստաթղթերը: Ողջ աշխարհը, բացի Թուրքիայից և նրա սատելիտ Ադրբեջանից, այս հարցի շուրջ ունի հստակ պատկերացում: Եվ դա հասկանալի է, ոճրագործը` բացառությամբ որոշ այլասեռվածներից, չի հպարտանում իր ոճրագործություններով և չի ցուցադրում այն: Թուրքիան չի պատկանում այդքան այլասեռվածների դասին և, գիտակցելով իր ոճիրը, փորձում է այն ամեն կերպ մոռացության մատնել` իր զոհին կոչ անելով զբաղվելու դատարկաբանությամբ, հրավիրելով նրան կլոր սեղանի շուրջ երկխոսության:

Ձեր նամակի մեջ գրում եք. «1915թ-ի դեպքերը «ցեղասպանություն»  հայտարարել լուրջ և միաժամանակ կասկածելի քայլ է: Ցեղասպանությունը` լուրջ հասկացություն է և դրա շուրջ ցանկացած պնդումներ պահանջում են լրիվ և հիմնովին վերլուծություն` հիմնված վստահելի աղբյուրների, գիտական հետազոտությունների վրա, համաձայն միջազգային իրավաբանության համապատասխան սկզբունքների»: Այս պնդմամբ Դուք անարգում եք Սլովակիայի Ազգային Խորհրդին` 2004թ-ի նոյեմբերի 30-ին ընդունած թիվ 1341 բանաձևի համար, որով այս երկիրը հաստատում է Հայոց ցեղասպանության փաստը, և կոնֆլիկտի մեջ եք մտնում Սլովակիայի ՔՕ-ի / հաստատված 2005թ-ի մայիսի 30-ին/ թիվ 300/2005 օրենքի հետ, որի լրացված տարբերակը, որը գործում է 2009թ-ի սեպտեմբերի մեկից, ասում է.

«հոդված 424,

1/ ով հրապարակավ անարգում է մարդկանց խմբին կամ անձին կամ նրանց սպառնում է նրանով, որ հրապարակավ արդարացնում է միջազգային ՔՕ-ի կողմից սահմանված գործողությունները` ընդունված Հռոմեական Ստատուտի 6,7,8 հոդվածներով, որպես ցեղասպանություն, մարդկության դեմ կատարված ոճիր … պատժվում է ազատազրկմամբ 1-3 տարի ժամանակով:

2/ 2-5 տարի ժամկետով ազատազրկմամբ պատժվում են այն անձինք, որոնք վերոհիշյալ հանցագործությունը կատարում են նպատակադրված>>:

Ձեր վերոհիշյալ նամակը պարունակում է մի միտք, որի հետ կարելի է համաձայնվել. «հանուն արդարության պետք է ընդունել, որ 1915թ-ի դեպքերը ոչ միայն հայերի համար են ողբերգություն հանդիսանում, այլ նաև … այդ ժամանակ Օսմանյան Կայսրության տարածքում ապրող մյուս ժողովուրդների>>: Մենք շնորհակալ ենք Ձեզ այս մտքի համար, որովհետև իսկապես նաև հույները, ասորիները և այլ ժողովուրդները նույնպես արժանի են, որ օսման թուրքերի կողմից նրանց նկատմամբ կատարված ցեղասպանությունը ստանա համապատասխան իրավական գնահատական: Ձեր հաջորդ պնդումը << … այսօր չկա ոչ մի հիշեցում թուրքերի կամ մուսուլմանների տառապանքների մասին …>>  նմանվում են նեոնացիստական պահանջներին, կոնկրետ Երրորդ Ռայխի ղեկավարներ Հիտլերին, Հերինգին, Գեբելսին, Հիմլերին ու մյուս ֆաշիստներին ցավակցելու խնդրանքին: Դուք ինչե+ք մտածում, ինչպիսի+ն կլինի հրեաների արձագանքն այսպիսի պահանջների նկատմամբ: Սա տիկին դեսպանուհի ուղղակի գռեհիկ ցինիզմ է:

Որպես ԵՀՄՖ-ի և Սլովակիայի հայ համայնքի նախագահ Ձեզնից պահանջում եմ հրապարակավ բացատրություն տալ. ինչի+ հիման վրա եք Դուք խախտում Սլովակիայի Հանրապետության օրենքները: Եթե Դուք մտադրված եք օգտվելու դիվանագիտական անձեռնմխելիությունից, միանգամից Ձեզ պատասխանեմ այն բառերով, որը ես ուղղել եմ ԵՄ-ի գծով թուրք նախարար Էգեմեն Բաղիշին. դիվանագետը, եթե ներկայացնում է քաղաքակիրթ երկիր և, եթե ունի անհրաժեշտ համապատասխան մասնագիտական կրթություն, երբեք թույլ չի տա իրեն խախտել տվյալ երկրի օրենքները, որտեղ գտնվում է, քանի որ հակառակ դեպքում կասկածներ են առաջանում նրա արհեստավարժության և այն երկրի քաղաքակրթության մակարդակի վերաբերյալ, որը նա ներկայացնում է:

            ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն

Այս խորագրի վերջին նյութերը