Լրահոս

11.05.2012 10:24


Հմայակ Հովհաննիսյան. «ՀՀԿ–ԲՀԿ կոալիցիան ամենևին էլ չի կարող արդյունավետ լինել»

Հմայակ Հովհաննիսյան. «ՀՀԿ–ԲՀԿ կոալիցիան ամենևին էլ  չի կարող արդյունավետ լինել»

Հայաստանի քաղաքագետների միության նախագահ և ԲՀԿ համամասնական ցուցակով պատգամավորի թեկնածու Հմայակ Հովհաննիսյանը, անդրադառնալով արդեն նոր գումարման խորհրդարանում ՀԱԿ-ԲՀԿ-ՀՅԴ համագործակցության հնարավորությանը, «Aravot.am»-ի հարցադրմանն ի պատասխան՝ այն  առավել քան ռեալ է համարել.

«Համենայնդեպս, ընտրական օրենսդրության արմատական բարեփոխման և  երկրում ստեղծված ընտրական արատավոր համակարգի փոփոխության ու  իրապես ժողովրդավարական ընտրությունների մեխանիզմի հաստատման ուղղությամբ  համագործակցությունը, անշուշտ, պետք է ԱԺ-ում շարունակվի, որովհետև դրա համար լուրջ հիմքեր ստեղծվել են շտաբի շրջանակներում, որտեղ այդ ուղղությամբ համագործակցությունն արդյունավետ է եղել»:

Իսկ ահա ՀՀԿ-ԲՀԿ կոալիցիա ձևավորելու վերաբերյալ էլ այսպիսի  կարծիք է հայտնել.

«Գտնում եմ, որ վաղուց էր պետք  հրաժարվել ինքնանպատակ կոալիցիոն ձևաչափից: Կոալիցիան, և դա ասվել է նաև շտաբի շրջանակներում տեղի ունեցած լսումների ընթացքում, երբ դրան ներկա էր նաև ՀՀԿ-ից Գալուստ Սահակյանը, պետք է բխի ընտրությունների արդյունքից, և պետք է արտացոլի ուժերի իրական հարաբերակցությունը: Բայց քանի որ ուժերի իրական հարաբերակցությունն այս ընտրությունների պաշտոնական արդյունքներով չարտացոլվեց և չի արտացոլվելու խորհրդարանում, ուստի կոալցիայի ձևավորումը  դառնում է հերթական անգամ ինքնանպատակ, և ամենևին էլ  չի կարող արդյունավետ լինել՝ որպես երկրի  կառավարման մեխանիզմ: Ինչ վերաբերում է կոնկրետ տարբերակներին, և թե քաղաքական կոնֆիգուրացիաներից ո՞ր մեկը կուրվագծվի նոր խորհրդարանում, ապա այդ մասին դատողություններ կարող ենք անել ավելի մոտ ապագայում՝ ԱԺ անդրանիկ նստաշրջանի գումարմանը»:

Նշենք, որ այսօր Հայաստանի քաղաքագետների միությունում տեղի է ունենալու ընտրությունների հանրային վերահսկողության միջկուսակցական միասնական շտաբի լիագումար նիստը, որին կմասնակցեն  շտաբի անդամներ Վարդան Օսկանյանը՝ ԲՀԿ-ից, Արմեն Ռուստամյանը՝ ՀՅԴ-ից և Լևոն Զուրաբյանը՝ ՀԱԿ-ից: Ակնկալվում է, որ հենց այդ նիստում էլ շտաբի մասնակից ուժերը հանդես կգան մայիսի 6-ին տեղի ունեցած ընտրությունների և դրանց արդյունքների վերաբերյալ համատեղ հայտարարությամբ:  

Հմայակ Հովհաննիսյանը «Aravot.am»-ին ասել է, որ քվեարկության օրը տեղամասերում նկարահանված նյութերը հավաքվում են, իսկ մայիսի 6–ին ուղիղ հեռարձակում տեղի չունեցավ տեխնիկական պատճառներով։ «Այդ տեսախցիկները պետք է բերվեին, բայց քանի որ, ինչպես գիտեք,  տեղամասերում խոչընդոտներ էին եղել դրանց տեղադրման համար, հնարավորություն չտրվեց դրանք օրենքով սահմանված կարգով օգտագործել: Դա չհաջողվեց անել, բայց տեսագրություններն անհրաժեշտության դեպքում, երբ արդեն դրանք կբերվեն ու կմշակվեն, այստեղ կցուցադրվեն: Ամեն դեպքում, դա դեռ առջևում է, որովհետև  անմիջապես դա անելը տեխնիկական պատճառներով այնքան էլ հեշտ չէր, և մենք այսօր ուսումնասիրում ենք այդ տեսագրությունները, որոնցից շատերն արդեն հայտնվել են կայքերում»,-ասել է Հովհաննիսյանը՝ հավելելով, թե դրանք կտեղադրվեն նաև միասնական շտաբի կայքում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը