Լրահոս

11.05.2012 15:00


Բրիտանական խորհուրդը միանում է Եվրոպայի օրվա տոնակատարություններին

Բրիտանական խորհուրդը միանում է Եվրոպայի օրվա տոնակատարություններին

Բրիտանական ժամանակակից նորարական հիթերը, Միացյալ Թագավորության ոգին ու շունչը հաղորդող հագուստները Եվրոպայի օրվա շրջանակում մայիսի 12-ին կներկայացվեն Հյուսիսային պողոտայում:

 Ժամը 16.00-ից սկսած Բրիտանական խորհրդի «Նորաձևության ճանապարհ» ծրագրի մասնակիցներ Լուսինե Կոստանյանի (Հայաստան) և Մելանի Ֆրեյերի (Գերմանիա) հագուստների վահանակները կտեղադրվեն Հյուսիսային պողոտայում: Նկարիչ-մոդելավորողների հագուստները «կրել» ցանկացող բոլոր այցելուները կարող են լուսանկարվել վահանակների ետևում: Բրիտանական խորհրդի լուսանկարիչը կնկարի բոլոր ցանկացողներին: Լուսանկարները կտեղադրվեն Բրիտանական խորհրդի ֆեյսբուքյան էջում (www.facebook.com/britishcouncilarmenia), որին միանալով նրանք կարող են ներբեռնել իրենց լուսանկարները:

 «Նորաձևության ճանապարհ» ծրագիրը մեկնարկել էր շուրջ երկու տարի առաջ` իր շուրջը համախմբելով տասը հայ և եվրոպացի նկարիչ-մոդելավորողի, ովքեր համատեղ աշխատանքի արդյունքում ստեղծել են 20 հագուստից բաղկացած հավաքածու: Այն արդեն ցուցադրվել է Հայաստանում, իսկ հունիսից կներկայացվի եվրոպական երկրներում:

 Իսկ արդեն երեկոյան 22.30-ից սկսած «Բուրբոն սթրիթ» ակումբում DJ Վակցինան կներկայացնի The Selector ռադիոհաղորդման` բրիտանական ժամանակակից երաժշտության լավագույն հիթերը: Հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա ծանոթանալ Մեծ Բրիտանիայի ժամանակակից երաժշտարվեստի նորագույն ստեղծագործություններին, լսել այն անսովորն ու նորարարականը, որը դուրս է մնում ավանդական հիթային սանդղակներից:

 Բրիտանական խորհրդի «The Selector» ռադիոհաղորդումը Հայաստանում հեռարձակվում է Արձագանք ռադիոկայանով FM 103.5 յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի 15.40-ին: The Selector ռադիոհաղորդումը հեռարձակվում է աշխարհի ավելի քան 30 եվրոպական երկրներում:

 

Նույն եվրոպական երկրների հետ միասին արդեն մի քանի տարի է Հայաստանը տոնում է Եվրոպայի օրը: Մայիսի 9-ը պաշտոնապես նշվում է որպես Եվրոպայի օր: 1950 թվականին ճիշտ այդ օրը Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ռոբերտ Շումանը հանդես եկավ հայտարարությամբ` կոչ անելով Ֆրանսիային, Գերմանիային և եվրոպական այլ երկրներին միավորվել ածուխի և պողպատի արտադրությամբ` որպես եվրապական ֆեդերացիայի հիմնադրման ուղղությամբ իրականացվող կոնկրետ քայլ: Եվրամիության ձևավորման առաջին քայլերն սկսվեցին պատմական այդ օրից: Այդ իսկ պատճառով 1985 թվականին Եվրամիության ղեկավարների գագաթնաժողովի ընթացքում որոշում ընդունվեց մայիսի 9-ը տոնել որպես Եվրոպայի օր:

Այս խորագրի վերջին նյութերը