Լրահոս

12.05.2012 12:09


Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Մինսկի խմբի համանախագահներին

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Մինսկի խմբի համանախագահներին

Մայիսի 12-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց տարածաշրջանային այցի շրջանակներում Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին, Իգոր Պոպովին, Ժակ Ֆորին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:

Էդվարդ Նալբանդյանը, խորհրդանշական համարելով ղարաբաղյան հակամարտության գոտում զինադադարի հաստատման 18-րդ տարեդարձի օրը համանախագահների այցը Երևան, նշեց, որ կրակի դադարեցումից հետո անցած տարիների ընթացքում կողմերը մի քանի անգամ հնարավորություն են ունեցել մոտենալու հիմնախնդրի կարգավորմանը, սակայն Ադրբեջանն ամեն անգամ հետքայլ է կատարել՝ խոչընդոտելով համաձայնությունների ձեռքբերումը:

«Ադրբեջանն այս տարիներին չկարողացավ վեր կանգնել խնդիրը ուժի միջոցով լուծելու գայթակղությունից, և իր ժողովրդին  խաղաղությանը պատրաստելու փոխարեն, շարունակում է ռազմատենչ հռետորաբանությունը, շփման գծում սադրանքները, հսկայական ծավալներով սպառազինությունների ձեռքբերումը, ինչը խոչընդոտում է կարգավորման գործընթացը, վտանգում է փխրուն իրավիճակը տարածաշրջանում», հավելեց նախարար Նալբանդյանը:

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Սոչիում հունվարի 23-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների համատեղ հայտարարության մեջ արտացոլված պայմանավորվածությունների իրականացմանը, մասնավորապես՝ միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծմանը: 

Այս խորագրի վերջին նյութերը