Լրահոս

25.05.2009 14:16


Արման Մուսինյանը՝ ընտրությունների արդյունքների մասին

Արման Մուսինյանը՝ ընտրությունների արդյունքների մասին

-Մենք ունենք կեղծման տեխնոլոգիաների կիրառման հակազդեցության մեխանիզմները, բայց եթե խոսքը 50 հոգով ընտրատարածք մտնելու, ջարդուփշուր անելու և ամեն ինչ ավերելու մասին է, իսկապես, խնդիր ունենք,-խոսելով Երևանի ավագանու ընտրությունների մասին՝ «Հայացք» ակումբում ասել է ՀԱԿ անդամ, Լևոն Տեր-Պետրոսյանի մամլո խոսնակ Արման Մուսինյանը։

Նա նշել է, որ դժվար է լինելու պայքարել ընտրակեղծիքների դեմ և մտավախություն է հայտնել, որ, այնուամենայնիվ, կեղծիքներ կլինեն։

- Ես կխուսափեմ մեր ռազմավարությունը ներկայացնելուց։ Սա, ուղղակի, մարտավարակական առումով ճիշտ չէր լինի, բայց մենք հասարակական զանգվածների անմիջական մասնակցությամբ բոլոր օրինական միջոցներն օգտագործելու ենք, որ արձանագրենք այն արդյունքը, որը մայիսի 31-ին քվեարկության արդյունքում ձևավորվել է,-խոսելով հետընտրական զարգացումների մասին՝ ասել է նա։

Արման Մուսինյանն ասել է, որ մյուս քաղաքական ուժերի կողմից ընտրակեղծիքների դեմ պայքարի միտումներ դեռևս չի տեսնում, բայց չի բացառում, որ ընտրությունների օրը նրանք կարող են ընդվզել և փորձ կանեն հասնել  իրական արդյունքների արձանագրմանը։  Նա նշել է, որ եթե իշխանությունները քաղաքական կամք դրսևորեն՝ չկեղծելու ընտրությունները, դա կլինի Հայսատանի և հայ հասարակության հաղթանակը։

-Արդար ընտրությունների դեպքում մենք ինչքան ձայն էլ հավաքենք, դա մեզ համար կլինի բավարար։ Այդ դեպքում, կարևոր չէ նույնիսկ, թե ով կհաղթի։ Այլ բան է, որ մենք գիտենք, որ եթե նրանք չբռնանան ընտրությունների վրա, մենք կստանանք ձայների բացարձակ մեծամասնությունը,-ասել է նա։

Այս խորագրի վերջին նյութերը