Լրահոս

12.05.2012 14:57


«Պատանի հնագետ» դպրոցի մեկնարկը «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում

«Պատանի հնագետ» դպրոցի մեկնարկը  «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում

 Կարևորելով հնագիտական ժառանգության պահպանության նկատմամբ յուրաքանչյուրի պատասխանատվությունը, ինչպես նաև թանգարանի կրթական-մանկավարժական առաքելությունը` «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում իր գործունեությունը կսկսի «Պատանի հնագետ» դպրոցը:

Նախաձեռնության նպատակն է դպրոցական տարիքից բարձրացնել հնագիտական ժառանգության արժեքի նկատմամբ  հանրային իրազեկման աստիճանը` անցյալը հասկանալու, ինչպես նաև այդ ժառանգությանն սպառնացող վտանգները կանխելու համար: Դպրոցը հնարավորություն կտա ոչ միայն ձևավորել կենդանի և խաղարկային պատկերացում անցյալի մասին, այլ կդաստիարակի նաև պատասխանատվություն հնագիտական հուշարձանների պահպանության նկատմամբ` փորձնական հնագիտության միջոցով:  Տեսական ու գործնական պարապմունքներով ընթացող դասընթացի  առանցքում դնելով Էրեբունի ամրոցը` արգելոց-թանգարանը հետապնդում է մեկ այլ հեռահար նպատակ ևս` նոր սերնդի համար բարձրացնել Երևանի բնօրրանի` Էրեբունի ամրոցի ճանաչելիության աստիճանը:

Ինտերակտիվ տեսական դասընթացը կներկայացնի 6 թեմաներ` հնագիտության տարրական հասկացությունների, պեղումների, Ուրարտուի հնագիտության, սեպագրերի և դրանց ընթերցման մեթոդների, թաղման ծեսի և հետուրարտական հնագիտական ժառանգության վերաբերյալ: Գործնական պարապմունքները կընթանան թանգարանի շենքի հարևանությամբ կառուցված պեղումների ուսումնական հրապարակում, որը  վերստեղծված է Էրեբունի ամրոցի միջնաբերդի մի հատվածի կրկնությամբ:

Առաջին դասընթացին, որի մեկնարկը կտրվի 2012թ. մայիսի 16-ին, ժամը 15:00-ին, մասնակցության հայտ են ներկայացրել Երևանի դպրոցների և բարձրագույն  ուսումնական հաստատությունների 18 սաներ: Դասընթացի հեղինակն է երիտասարդ գիտնական, «Էրեբունի» արգելոց-թանգարանի գիտահետազոտական բաժնի աշխատակից Միքայել Բադալյանը: Առաջին դասընթացի հաջողությամբ պայմանավորված` «Պատանի հնագետ» դպրոցը կարող է առաջիկայում դառնալ թանգարանային մարկետինգի արդյունավետ գործիք:

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան

Այս խորագրի վերջին նյութերը