Հարցազրույց

17.01.2011 16:41


Տիգրան Քոչարյան

Տիգրան Քոչարյան

Հարցազրույց տեղեկատվության անվտանգության մասնագետ, բլոգեր Տիգրան Քոչարյանի (Փիղ) հետ

-Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում խոսքի ազատության վիճակը։

-Գնահատում եմ բավարար: Հայաստանում երկար ժամանակ, ի տարբերություն այլ երկրների, լրագրողներին չեն սպանում կամ խոշտանգում, և հիմնականում նրանք կարող են հասցնել լսարանին այն, ինչ ուզում են ասել: Նաև մեծ դեր են խաղում բլոգները և սոցիալական ցանցերը, որոնք արդեն կայացել են որպես այլընտրանքային տեղեկատվության աղբյուրներ, որոնց շատ ավելի բարդ է վերահսկել, քան նույն հեռուստաեթերը կամ մամուլը:

-Որպես տեղեկատվության անվտանգության մասնագետ, բլոգեր՝ ի՞նչն է ամենից շատ Ձեզ խոչընդոտում աշխատելու համար։

-Հիմնական խոչընդոտը մեր լրատվամիջոցների հաճախ ոչ պրոֆեսիոնալ մոտեցումն է այս ոլորտին, ինչպես նաև չստուգված կամ խեղաթյուրված տեղեկատվության տարածումը, որը միանգամից խուճապի է բերում ընթերցողներին:

-Հայաստանի մասին տեղեկատվությունը հիմնականում որտեղի՞ց եք ստանում՝ հեռուստատեսությունի՞ց, մամուլի՞ց, թե՞ էլեկտրոնային կայքերից։

-Փորձում եմ հասցնել բոլոր աղբյուրներից տեղեկանալ, բայց հիմնականում, իհարկե, համացանցից, քանի որ ե՛ս եմ ընտրում՝ ինչ կարդալ՝ ի տարբերություն հեռուստատեսության, որն ի՛նքն է որոշում՝ ինչ տեղեկատվություն մատուցել կամ, որոշ դեպքերում, փաթաթել ունկնդրին:

-Եթե հնարավորություն ունենայիք, առաջին հերթին ի՞նչը կշտկեիք մեր երկրում։

-Համահայկական լացուկոծային վիճակները և սեփական երկիրն արհամարելու ու փնովելու՝ շատերի սիրած զբաղմունքը: Եվ, իհարկե, փորձել մարդկանց սովորեցնել, որ պետական բյուջեն մասնավոր անձանց սեփականությունը չէ՛:

-Տեսակետ կա, որ ՀՀ-ում լրատվության որակն ընկնում է, քանի որ ճիշտ մարդիկ ճիշտ տեղում չեն, մասնագետներն էլ քչանում են։ Համամի՞տ եք այդ տեսակետին։

-Այո՛, համամիտ եմ: Լրատվամիջոցները հիմնականում զբաղված են նույն նորությունը արտատպելով կամ ասուլիսից ասուլիս մեկնաբանելով, ինչը շատ հաճախ ձանձրացնում է ընթերցողներին: Սեփական «content» շատ քչերն են ստեղծում (այստեղ «7or.am»-ը դրականորեն առանձնանում է շատերից), խոր վերլուծությունները կամ լրագրողական հետաքննությունները համարյա թե բացակայում են: Իմ կարծիքով՝ լրատվամիջոցները պետք է ավելի նախահարձակ լինեն ու պրոակտիվ, որպեսզի կարողանան մրցակցել նույն սոցցանցերի կամ բլոգների հետ՝ տեղեկատվությունը օպերատիվ և պատշաճ ձևով ընթերցողին հասցնելու համար:

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը