Լրահոս

14.05.2012 20:42


Ալիևը զինված ուժերին օգնելու պատրվակով թալանում է սեփական ժողովրդին

Ալիևը զինված ուժերին օգնելու պատրվակով թալանում է սեփական ժողովրդին

Մայիսի առաջին օրերին ադրբեջանական լրատվամիջոցները, չխնայելով ո՛չ իրենց, ո՛չ էլ սեփական ընթերցողին, մեծ խանդավառությամբ աղաղակում էին երկրի զինված ուժերի օգնության հիմնադրամում հավաքված դրամական միջոցների «ռեկորդային» քանակի մասին: Այսպես, համաձայն Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության` զինված ուժերի օգնության հիմնադրամում հավաքվել է ավելի քան 25 մլն ադրբեջանական մանաթ (մոտ 32 մլն դոլար):

Իրականում Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածած հաղորդագրությունները, կապված այդ հիմնադրամի գործունեության հետ, սահմանափակվում են միայն հավաքագրված միջոցների մասին հրապարակումներով: Ստեղծման օրվանից` 2002թ. օգոստոս 17-ից  մինչ օրս, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նույնիսկ գեթ մեկ անգամ հանրությանը չի տեղեկացրել հիմնադրամում հավաքագրված ֆինանսական միջոցների նպատակաուղղվածության մասին: Նշված հիմնադրամի թափանցիկ չլինելու, ինչպես նաև Ադրբեջանի` աշխարհի ամենակոռումպացված պետություններից մեկը հանդիսանալու փաստը հիմք են տալիս ենթադրելու, որ այդ միջոցները, մեղմ ասած, չեն օգտագործվում ըստ նշանակության: Կարելի է լինել լավատես և մտածել, թե հիմնադրամում հավաքված միջոցները անցած տասը տարիների ընթացքում դեռևս չեն օգտոգործվել: Սակայն տվյալ պարագայում հարց է առաջանում այդ հիմնադրամի գործունեության անհրաժեշտության և նպատակահարմարության մասին:

Չի կարելի անտեսել նաև այն փաստը, որ հիմնադրամը ստեղծվել է ոչ թե հասարակական նախաձեռնությամբ, այլ հենց պետության կողմից` ի դեմս երկրի նախագահի: Զարմանալի է, որ նավթադոլարների մեջ խեղդվող Ադրբեջանը, որը տարբեր տեսակի եվրատեսիլներ կազմերպելու և Բաքվում տասնյակ երկնաքերերի կառուցման համար յուրաքանչյուր տարի միլիարդավոր դոլարներ է ծախսում, զինված ուժերի օգնության համար նախագահի մակարդակով հասարակ ժողովրդից փող է հավաքում: Վերջապես, հենց Ադրբեջանի իշխանություններն են ամենամյա տարվա բյուջեի նախագծման և ընդունման ամբողջ գործընթացի ժամանակ գլուխ հիացմունքով խոսում երկրի բյուջեի հսկայական աճի և հաջորդ տարի ռազմական ոլորտին հատկացվող հսկայական միջոցների մասին:

Ամեն դեպքում, մնում է միայն խղճալ ադրբեջանական հասարակ ընտանիքներին և ձեռնարկատերերին, քանի որ հանրությունը արդեն իրազեկ է Ադրբեջանում «ինքնակամ» հիմունքներով անցկացվող դրամահավաքության բոլոր մութ անկյուններին` ի դեմս այս տարվա մայիսի վերջին Բաքվում կայանալիք Եվրատեսիլի ծախսերի համար կազմակերպված անկանոն դրամահավաքին, երբ ադրբեջանական դպրոցների հասարակ ուսուցիչներին ուղղակիորեն թալանում էին` յուրաքանչյուրի աշխատավարձից առանց որևէ բացատրության պահելով 10 մանաթ (մոտ 12,5 ԱՄՆ դոլար): Մնում է միայն գուշակել, թե Ադրբեջանի հասարակ բնակչության որ դասն է տուժել այս անգամ:

Տիգրան Աբրահամյանց

Այս խորագրի վերջին նյութերը