Մեկնաբանություն

14.05.2012 15:02


Մաշտոցի պուրակը և «Հանրապետություն» կուսակցությունը

Մաշտոցի պուրակը և «Հանրապետություն» կուսակցությունը

Առաջին հայացքից դժվար է որևէ ընդհանրություն գտնել Մաշտոցի պուրակի և «Հանրապետություն» կուսակցության միջև, բայց դա միայն առաջին հայացքից։

Իրականում բազում ընդհանրություններ կան պուրակի և այդ կուսակցության միջև։  Բանն այն է, որ և՛ պուրակում տեղի ունեցող ցանկացած իրադարձություն, և՛ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի ցանկացած քայլ լայնորեն լուսաբանվում է «ընդդիմադիր» ու խիստ «անկախ» լրատվամիջոցներով, ինչը հազար ու մի բան տեսածներիս հուշում է, որ գործ ունենք հանրային ակտիվությունն իշխանական շահերին ծառայեցնելու (պուրակի պարագայում) կամ «էն գլխից» իշխանական պրոյեկտ  լինելու հետ (Արամ Սարգսյանի գործողությունների պարագայում)։

Շատերը նկատած կլինեն, որ պուրակում և «Հանրապետություն» կուսակցությունում տեղի ունեցող ցանկացած իրադարձություն, ներողություն արտահայտությանս համար, «հոռոմի տեռ» են սարքում խիստ որոշակի շրջանակների շահեր սպասարկող լրատվամիջոցները։ Այդ ամենն այնքան կոպիտ ու «կացնային» ձևով է արվում, որ անգամ կասկածի տեղ չի մնում, թե ինչն ինչոց է։

Ինչպես հայտնի է, Մաշտոցի պուրակի պահպանման ու «բուծիկների» ապամոնտաժման պահանջով բազմաթիվ ակտիվիստներ են դուրս եկել փողոց։ Նրանցից շատերը դա անում են ազնիվ մղումներից ելնելով, իսկ ոմանք էլ ուղղորդվում են Բաղրամյան 26–ից։

Նախընտրական շրջանում բեմադրված թատրոնը ցույց տվեց, որ պուրակային պայքարի ձրի գովազդը որպես թակարդ է օգտագործվել՝ ելնելով ինչ–ինչ շահերից։ Բոլորս էլ տեսանք, որ Մաշտոցի պուրակի շուրջ ստեղծված իրավիճակը ծառայեցվեց Սերժ Սարգսյանի PR–ին։ Այլ հարց է, որ ուզում էին «գեղեցիկ կինո» ստանալ, բայց ստացվեց ինչպես միշտ։

Անկախ այն բանից, թե ովքեր էին ներգրավված պուրակային գործընթացում և ինչ նպատակ էին հետապնդում, Սարգսյանի այցից հետո այդ տարածքի հետ կապված ամեն ինչ արդեն հիշեցնում է «Տարո՛ն ջան, ինքդ էլ ես տեսնում, որ սիրուն չի։ Ձև գտի...» մոնոլոգը։

Ինչ վերաբերում է «Հանրապետություն» կուսակցությանը, ապա չեմ կասկածում, որ այնտեղ էլ բազմաթիվ ազնիվ մարդիկ կան, ովքեր ուզում են երկրում վիճակ փոխել ու բարելավել մթնոլորտն այնպես, ինչպես բնապահպաններից ոմանք Մաշտոցի պուրակի համար են կռիվ տալիս։ Սակայն «Հանրապետության» ազնիվ անդամները պետք է լավ իմանան, որ ուրիշի խաղերում կարող են գործիք դառնալ, ինչպես Սերժ Սարգսյանի ձեռքին գործիք դարձավ պուրակը։

Դատելով ամենից՝ չի բացառվում, որ մի օր Սերժ Սարգսյանը կայցելի «Հանրապետություն» կուսակցության «պուրակ» և կասի. «Արա՛մ ջան, ինքդ էլ ես տեսնում, որ կուսակցությունդ ընդդիմադիր դաշտում պահելը սիրուն չի։ Լավ կլինի՝ մի ձև գտնես ու տեղավորվես Արտաշես Գեղամյանի կողքին։ Այդպես «էկոլոգիապես» ավելի մաքուր կլինի»։ Արամն էլ, ի պատասխան, կարող է ասել, թե ձև կգտնենք, պարո՛ն նախագահ, և այդ ամենը կցուցադրվի ազատ եթերով։ Կարծես թե ամեն ինչ հենց դրան էլ գնում է։

Կորյուն Մանուկյան  

Այս խորագրի վերջին նյութերը