Հարցազրույց

15.05.2012 09:02


Նվարդ Մանասյան.

Նվարդ Մանասյան.

Հարցազրույց 2012թ. խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ համամասնական ցուցակի 22–րդ տեղում ընդգրկված, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի որակի ապահովման կենտրոնի ղեկավար Նվարդ Մանասյանի հետ

Խորհրդարանական այս ընտրություններն առանց կեղծիքների չանցան, չնայած ավելի վաղ իշխանություններն այլ բան էին խոստանում։ Առջևում նոր ընտրություններ են։ Հնարավո՞ր է դրանք իրոք ազատ և արդար, առանց կեղծիքների անցկացնել։

Վարչակազմը մնաց իր սկզբունքներին հավատարիմ՝ ձևական ու անբովանդակ: «Ազատ» բառը նշանակում է այլընտրանքների բազմության առկայություն և դրանց հավասարազոր քննարկում և հանրային օրակարգի հասունացում, որը, նախընտրական քարոզչության թափանցիկ, այն է՝ ձևական, բայց բովանդակային բացակայության պայմաններում, երբ ծրագրային դրյութների շուրջը հիմանկան քաղաքական ուժերը բանավեճ չծավալեցին, դադարեց գոյություն ունենալ` մեզ թողնելով այդ բառի հուշը միայն: «Ազատ» նաև նշանակում է կենսական հիմնական պահանջների նվազագույն շեմը բավարարած ու վարչական լծակներից անկախ մասնակցություն, իսկ մեր երկրում, երբ պաշտոնական վիճակագրությամբ արհեստական աղքատության շեմի սահմանման պայմաններում երկրի 35 տոկոսը այդ գծից ներքև է, մնացածները այս կամ այն կերպ քաղաքական «կերակրամանին» հասու մարդկանց ու դրանց միջոցով պետական կառույցները տնօրինողների անմիջական ղեկավարության ներքո են, անկախ մասնակցությունը ֆիկցիա է, հետևաբար ևս մեկ անգամ փոշիացնելով «ազատության» իմաստը: Վերջապես, «ազատ» ընտրությունը հնարավոր է, եթե կա օրինական պետություն` իշխանությունը օրենքից վեր չէ, իսկ ընդիմությունն ու այլախոհությունն էլ օրենքից դուրս չեն, հետևաբար և անպաշտպան: Նման պարագայում «արտոնյալ»` օրենքից վեր հայտնված խավն իր սոցիալական ցանցով կյանքի ու մահու կռիվ պիտի տանի, որպեսզի չհայտնվի օրենքից դուրս: Ազատությունների այս բացակայությունը անհնարին դարձրեց արդարության երևակումը, ու արդյունքում 100–տոկոսանոց ձևական ընտրություններով վերջնականապես խարխլվեց սահմանադրական կարգը:

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ ՀՅԴի պայքարը շարունակվելու է թե՛ ԱԺի ներսում, թե՛ դրսում՝ փողոցում։ Ի՞նչ գործողություններ է հատկապես վերջինը ենթադրում։

ՀՅԴ–ն իր նախընտրական ծրագրով սահմանել է փոփոխությունների ամբողջականությունը, որի մարտավարությունը ենթադրելու է պայքար թե՛ խորհրդարանում, թե՛ այդտեղից դուրս:

ՀՀԿի հետ ՀՅԴն ո՞ր դեպքում է հնարավոր՝ կոալիցիա կազմի։

–Սրան ՀՅԴ ԳՄ-ն արդեն սպառիչ պատասխան է տվել, ավելացնելու բան չունեմ:

Ներքաղաքական ապագա ի՞նչ զարգացումներ եք տեսնում։ Փոփոխությունների հասնել հնարավո՞ր է ի վերջո։

Հնարավոր է։ Կա «էս երկիր» եզրույթը և «մեր երկիր»-ը, և սեփական երկրի ու դրա տիրոջ զգացողության քաղաքացիների, սահմանադրական արժեքների համար պայքարելու պատրաստ մարդկանց թիվը պիտի ավելանա ու «էս երկրի» հուշերում իբրև պատմություն թողնի այդ եզրույթի կրողներին: Սա բաց դռների աշխարհ է, ցանկացած մարդ կարող է «էս երկրից» ներգաղթել «մեր երկիր», բայց որոշների համար ասեղի անցքով անցնել ավելի հեշտ կլինի, քան այս անցումը, քանի որ այն պահանջելու է հանձնառություն ու իրավագիտակցություն:

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի շուրջը ստեղծված իրավիճակը բոլորին է հայտնի։ Այս պահին, սակայն, կարծես հանդարտվել է։ Ի՞նչ նորություն կա այս պատմության հետ կապված, և արդյոք չե՞ն հետապնդվում ԿԳ նախարարի որոշմանը դեմ արտահայտված համալսարանականները։

Հետապնդվում են վարչական մեթոդներով և շատ ընտրողական, ստուգվում են այդ մարդկանց աշխատանքի գալու վայրկյանները, դասերը, ռեկտորի ԺՊ-ի մակարդակում կենտրոնացվում են դռների բանալիները, բուհական տեղեկատվության շրջանառությունը կենտրոնացվում է, և 6-ից հետո շենքում գործում է «պարետային ժամ» հիշեցնող հրամանը, որը ակնհայտ հակասության մեջ է նույն բուհի կանոնդարության հետ: Աստիճանաբար համալսարանական մշակույթի ձևավորմանը փոխարինելու է գալիս վարչական` բյուրոկրատացված ու կենտրոնաձիգ կառավարումը: Սրանից իրականում «սովետական ռեժիմի» հոտ է գալիս: Շատ արագ ու առանց որևէ հիմնավորման փոխվել է բուհի խորհրդի կազմը, ուսանողներին բարոյալքող պատգամներ են փոխանցում, պարբերաբար ուժի դիրքերից շատ նուրբ ակնարկվում է գնահատականով ազդելու կարելիությունը: Վերջապես, հերթական անգամ, այսօր, բուհից առանց պատշաճ ծանուցման վարչակազմի գիտությամբ քրեական վարչություն, իսկ հետո Գլխավոր քննչական վարչություն է տեղափոխվում ուսանող, և բուհում փորձ չի կատարվում ղեկավարության կողմից կանխել օրենքից դուրս գործողությունները և պաշտպանել սեփական բուհի ուսանողին:

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը