Լրահոս

15.05.2012 15:02


«Ազատ դեմոկրատներ» կուսակցության հայտարարությունը

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության հայտարարությունը

«2012թ. մայիսի 6-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները կարող էին լավ հիմք հանդիսանալ Հայաստանի ժողովրդավարացման եւ ազատականացման ճանապարհին, սակայն պետք է արձանագրենք, որ այս ընտրությունները չարդարացրին մեր, ինչպես նաեւ այլ քաղաքական ուժերի եւ հայ հասարակության ակնկալիքները:

Ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ ՀՀ քաղաքացու ընտրության իրավունքի ազատ իրացման վրա մեծ ազդեցություն ունի երկրի սոցիալ-տնտեսական անմխիթար վիճակը, ինչից էլ օգտվեցին իշխանական կուսակցությունները՝ գործի դնելով իրենց վարչական եւ ֆինանսական ողջ ռեսուրսը: Սույն թվականի մայիսի 6-ի ընտրությունների իրական արդյունքները եւ ազատ, արդար մթնոլորտում ընտրություն իրականացնելու նպատակադրությունը ստվերեցին ընտրակաշառքի եւ կեղծ բարեգործության աղաղակող չափերի հասնող դեպքերը:

Ցավոք, այս ընտրությունները չարձանագրեցին ՀՀ քաղաքացու իրական կամքը եւ քաղաքական ուժերի իրական հարաբերակցությունը խորհրդարանում: Այս անգամ եւս ժողովրդի կամքը ստորադասվեց ընտրակաշառքների տարափին: Արձանագրվեց նաեւ մի հանգամանք, որ ընտրակեղծիքների մեխանիզմները բավականին հղկվել են եւ դրանք չեն իրականացվում ընտրատեղամասերում, այլ գործի են դրվում տեղամասերից դուրս եւ մինչ ընտրությունների օրը՝ օգտագործելով վարչական եւ ֆինանսական ողջ ներուժը:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն արձանագրում է, որ թեեւ ընտրատեղամասերում ընտրական գործընթացի բուն ընթացքը, այդ թվում` քվեաթերթիկների հաշվարկը, ինչպես նաեւ նախընտրական քարոզչության ընթացքում հեռուստաեթերի օգտագործման համեմատաբար հավասար պայմանների ապահովումը կարելի է գնահատել որպես առաջխաղացում նախորդ ընտրությունների համեմատ, այդուհանդերձ` ընտրատեղամասերից դուրս իրականացված զանգվածային ընտրախախտումները մթագնել են ընտրությունների օրինականությունը եւ լեգիտիմությունը:

Շնորհակալ ենք ՀՀ այն քաղաքացիներից, ովքեր իրենց ձայնը վստահել են Ազատ դեմոկրատներ-Ժառանգություն կուսակցություններից եւ հանրային սեկտորի ներկայացուցիչներից ձեւավորված միասնական թիմին եւ քվեարկել հանուն Նոր Հայաստանի: Շնորհակալ ենք նաեւ այն քաղաքացիներից, ովքեր կատարել են գիտակցված ընտրություն եւ իրենց քաղաքացիական պարտքի իրականացումը չի ստվերվել ընտրակաշառք կոչված արատավոր երեւույթով:

Արձանագրելով այն հանգամանքը, որ այս ընտրությունները եւս չարտահայտեցին ՀՀ քաղաքացու իրական կամքը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն, այդուամենայնիվ, չի նահանջում եւ շարունակելու է իր սկզբունքային պայքարը հանուն Նոր Հայաստանի եւ հանուն ՀՀ քաղաքացու բարօրության»:

Այս խորագրի վերջին նյութերը