Տնտեսական

16.05.2012 15:56


«Երևան ջուր»-ի աշխատակիցներին հեռացնում են լավ աշխատանքի համա՞ր

«Երևան ջուր»-ի աշխատակիցներին հեռացնում են լավ աշխատանքի համա՞ր

2011թ. ապրիլին «Երևան ջուր» ՓԲԸ–ն լուծարել էր իր կազմում գործող Ջրային հաշվեկշռի համակարգման և վերահսկողության տնօրինությունը՝ աշխատանքից ազատելով տնօրինության 40 աշխատակցի։ Ընկերության ներկայացուցիչները պնդում են, որ տնօրինությունը լուծարվել է աշխատանքի անարդյունավետության պատճառով։ Սակայն աշխատանքից ազատված տնօրինության նախկին աշխատակիցները վստահ են, որ իրենց աշխատանքից հեռացնելու պատճառը լավ աշխատանքն է եղել։ Կառույցի նախկին տնօրեն Միքայել Դավթյանը հայտնել է, որ վերահսկողության տնօրինությունն իր 11 ամսվա գործունեության ընթացքում ավելի քան 15 հազ խախտում է հայտնաբերել և արձանագրել, ինչը ընկերությանը 60 մլն դրամի լրացուցիչ եկամուտ է ապահովել ամեն ամիս։

Սակայն Միքայել Դավթյանը հայտնել է նաև, որ վերահսկողություն իրականացնող կառույցը հայտնաբերել է խախտումներ և անճշտություններ հենց «Երևան ջուր» ընկերության գործունեության մեջ։ Դավթյանի խոսքերով՝ տնօրինությունը 7 զեկույց է ներկայացրել ընկերության ղեկավարությանը, որում արձանագրել է խախտումները և աշխատանքի արդյունավետության բարձրացման համար մի շարք առաջարկներ արել, որոնք անտեսվել են ղեկավարության կողմից։

Ըստ Դավթյանի՝ հայտնաբերված խախտումները կապված են ընկերության ներկայացրած հաշվետվությունների հետ, համաձայն որոնց՝ ջրամատակարարման ընթացքում ջրի կորուստը Երևանում կազմում է 86 տոկոս, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր 100 լիտր ջրից, որն ընկերությունը վերցնում է Հայաստանի ընդերքից, բաժանորդին է հասնում միայն 14 լիտրը։ Դավթյանն ընդգծել է, որ այդ կորուստներից միայն կեսն է բնական, մնացածն առևտրային կորուստներ են, որոնցում իր դերակատարումն ունի նաև «Երևան ջուրը»։ Ընկերությունը յուրաքանչյուր ամիս հաշվետվություն է ներկայացնում, համաձայն որոնց՝ ընկերության եկամուտները կազմում են 600–800 մլն դրամ, այնինչ անկախ աուդիտորական ընկերության անցկացրած հետազոտության տվյալներով՝ եկամուտները պետք է գերազանցեին 1 մլրդ դրամը։

Տնօրինության աշխատակիցները դիմել են դատարան՝ պահանջելով վերականգնել իրենց կառույցը և նորից աշխատանքի վերցնել իրենց այդ կառույցում։ Տնօրինության նախկին աշխատակիցների փաստաբան Տիգրան Դավթյանն ընդգծել է, որ նման վերահսկող կառույցի գործունեությունն ամրագրված է ֆրանսիական «Վիոլա» ընկերության և ՀՀ կառավարության միջև ստորագրված պայմանագրով։

«7օր»–ի հարցին՝ արդյոք տնօրինության կատարած բացահայտումները վկայո՞ւմ են, որ ընկերությունը միտումնավոր է ուռճացնում կորուստների մասին տվյալները՝ թաքցնելու իրական եկամուտները, Միքայել Դավթյանը պատասխանել է, որ դա պետք է որոշի դատախազությունը և դատարանը, սակայն իր համար մեկ բան պարզ է՝ ջրի նման կորուստները չեն լինում նույնիսկ աֆրիկյան ամենահետամնաց պետություններում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը