Լրահոս

17.01.2011 17:23


Հայաստանի և Կիպրոսի միջև ստորագրվել է երկկողմ հարաբերությունների մասին հռչակագիր

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը և Կիպրոսի Հանրապետության Նախագահ Դեմետրիս Խրիստոֆիասը ստորագրել են համատեղ հռչակագիր Հայաստանի Հանրապետության և Կիպրոսի Հանրապետության միջև երկկողմ հարաբերությունների մասին:

Համատեղ հռչակագիր

Հայաստանի Հանրապետության և Կիպրոսի Հանրապետության միջև երկկողմ հարաբերությունների մասին

Նախաբան

Հայաստանի Հանրապետության Նախագահը և Կիպրոսի Հանրապետության Նախագահը, Նախագահ Սերժ Սարգսյանի Կիպրոսի Հանրապետություն կատարած պետական այցի շրջանակներում, հունվարի 17-ին Նիկոսիայում տեղի ունեցած բարձր մակարդակի բանակցությունների արդյունքում,

գիտակցելով խորը արմատավորված և եղբայրական հարաբերությունները, որ գոյություն են ունեցել Հայաստանի և Կիպրոսի միջև պատմության ընթացքում, նրանց հարուստ մշակութային ժառանգությունը և կիպրացի ու հայ ժողովուրդների միջև համերաշխությունը,

առաջնորդվելով միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներով և նորմերով, համաձայն Միավորված Ազգերի Կազմակերպության կանոնադրության նպատակներին և սկզբունքներին, ինչպես նաև երկու պետությունների մասնակցությամբ գործող միջազգային պայմանագրերին,

վերահաստատելով, որ հայ-կիպրական համագործակցությունը կշարունակի հիմնվել փոխադարձ վստահության, քաղաքական անկախության և ինքնիշխանության հարգման, ներքին գործերին չմիջամտելու և հավասարության վրա,

նպատակ ունենալով երկկողմ հարաբերությունները հասցնել համապարփակ փոխգործակցության նոր որակական մակարդակի,

հաշվի առնելով 2009թ. հուլիսին Կիպրոսի Նախագահի Հայաստան կատարած պետական այցի ընթացքում ձեռք բերված համաձայնությունների իրականացման առաջընթացը,

հռչակում են հետևյալի մասին.

I. Քաղաքական հարաբերություններ

Հայաստանի Հանրապետությունը և Կիպրոսի Հանրապետությունը, որոնց կապում են երկար տարիների խորը և բարեկամական հարաբերությունները, գոհունակությամբ նշելով քաղաքական հարաբերությունների առաջընթաց զարգացումը և ընդլայնումը, կակտիվացնեն իրենց քաղաքական կապերը և համագործակցությունը բոլոր մակարդակներով' ինչպես երկկողմ հիմքով, այնպես էլ Միավորված Ազգերի Կազմակերպության և այլ միջազգային կազմերպությունների շրջանակներում,

Այս առումով Հայաստանի Հանրապետությունը և Կիպրոսի Հանրապետությունը հայտարարում են իրենց պատրաստակամության մասին փոխադարձության հիմքով և դրականորեն դիտարկել միմյանց թեկնածությունները տարբեր միջազգային կազմակերպություններում տեղի ունեցող ընտրությունների ընթացքում,

Կողմերը վերահաստատում են իրենց հանձնառությունը Միավորված Ազգերի Կազմակերպությանը, խաղաղության և անվտանգության պահպանման գործում նրա ունեցած դերակատարությանը, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին և սկզբունքներին,

Կողմերն ընդգծում են միջազգային իրավունքի նորմերին համապատասխան և փոխադարձ հարգանքի ու փոխըմբռնման հիման վրա հարևան պետությունների հետ առանց նախապայմանների, բնականոն հարաբերություններ հաստատելու և զարգացնելու անհրաժեշտությունը,

Հայաստանի Հանրապետությունը իր աջակցությունն է հայտնում Կիպրոսի հիմնախնդրի լուծմանն ուղղված ջանքերին' քաղաքական հավասարությամբ երկգոտի և երկհամայնքային դաշնության հիմքի վրա, ինչպես նկարագրված է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերում,

Հայաստանի Հանրապետությունը ողջունում է նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի միջնորդությամբ ընթացող բանակցությունները, և կիսում է միջազգային հանրության ակնկալիքները, որ Կիպրոսի հիմնախնդրի համաձայնեցված, տևական, արդար, կենսունակ և փոխադարձ ընդունելի կարգավորում ձեռք կբերվի' հիմնվելով միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի, 1977թ. և 1979թ. բարձր մակարդակի համաձայնությունների, ԵՄ հիմնարար սկզբունքների, ինչպես նաև մարդու իրավունքների հարգման վրա,

Հայաստանի Հանրապետությունը գնահատում է Կիպրոսի Հանրապետության ստեղծագործական մոտեցումը և նախաձեռնություններն ուղղված Կիպրոսի հիմնախնդրի լուծմանը, և ափսոսանք է հայտնում, որ թուրքական կողմը պատշաճ կերպով չի արձագանքում այդ քայլերին,

Կիպրոսի Հանրապետությունն իր աջակցությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ջանքերին ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի շրջանակներում և շեշտում է, որ հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ միջոցներով, առանց ուժի կիրառմանը դիմելու և բանակցությունների միջոցով' հիմնվելով միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի վրա:

 

Կիպրոսի Հանրապետությունն իր աջակցությունն է հայտնում Հայաստանի Հանրապետության կառուցողական ջանքերին ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանը' ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի շրջանակներում ընթացող բանակցությունների միջոցով, որոնք հիմնված են Միավորված Ազգերի Կազմակերպության կանոնադրության, Հելսինկիի Եզրափակիչ ակտի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջարկած տարրերի վրա, որոնք, ի թիվս այլոց, ներառում են Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշումը իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտության միջոցով:

Կողմերը պատրաստակամություն են հայտնում ամրապնդել և ընդլայնել համագործակցությունը Եվրոպական Միության նախաձեռնությունների շրջանակներում, ներառյալ Արևելյան գործընկերությունը,

Կիպրոսի Հանրապետությունը կշարունակի նպաստել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև քաղաքական երկխոսության և համագործակցության հետագա ամրապնդմանը,

Կիպրոսի Հանրապետությունը նաև ողջունում է Հայաստանի և ԵՄ-ի միջև ապագա Ասոցացման Համաձայնագրի մեկնարկը և առաջընթացը, և հույս հայտնում, որ դրանք կշարունակեն սահուն կերպով առաջադիմել.

Կիպրոսի Հանրապետությունը ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը' հատկապես Հայաստանի, սակայն ափսոսանք հայտնում, որ 2009թ. ստորագրված դիվանագիտական հարաբերությունների հաստատման և հարաբերությունների զարգացման մասին երկու արձանագրությունների վավերացումը կանգ է առել թուրքական նախապայմանների պատճառով:

II. Տնտեսական հարաբերությունները

Հայաստանի Հանրապետությունը և Կիպրոսի Հանրապետությունը ընդգծում են  իրենց տնտեսական համագործակցության ընդլայնման կարևորությունը: Միաժամանակ կողմերը համաձայնեցին, որ հավելյալ պայմաններ կարող են ստեղծվել առևտրային և տնտեսական հարաբերությունների ներուժն ամբողջությամբ օգտագործելու համար:

Կողմերը կցուցաբերեն ամեն հնարավոր աջակցություն Հայաստանի Հանրապետության և Կիպրոսի Հանրապետության ընկերություններին' համապատասխանաբար կիպրական և հայկական շուկաներում,

Կողմերը հատուկ նշանակություն են տալիս տնտեսական, արդյունաբերական և տեխնոլոգիական համագործակցության հարցերով հայ-կիպրական միջկառավարական հանձնաժողովի գործունեությանը, որի առաջին հանդիպումը տեղի ունեցավ Երևանում 2011 թ. հունվարի 14-ին:

Կողմերը անհրաժեշտ քայլեր կձեռնարկեն հանձնաժողովի մեխանիզմներն արդյունավետ օգտագործելու համար' երկկողմ առևտրական և տնտեսական կապերի զարգացմանն էլ ավելի խթանելու նպատակով:

Կողմերը նշում են տարբեր բնագավառներում համատեղ ձեռնարկությունների և ընկերությունների ստեղծման աշխատանքներն ընդլայնելու անհրաժեշտությունը' նոր տնտեսական իրողությունների և փոխադարձ ներդրումների խրախուսման միջազգային չափանիշների համապատասխան:

III. Ռազմա-տեխնիկական համագործակցություն

Հայաստանի Հանրապետությունը և Կիպրոսի Հանրապետությունը նպատակ ունեն ամրապնդել իրենց համագործակցությունը ռազմական և տեխնիկական բնագավառում, ինչպես նախանշված է 2002թ. և 2010թ. ստորագրված համապատասխան Համաձայնագրում և Արձանագրությունում:

 

Կողմերը նաև կարևորում են երկու պետությունների պաշտպանության նախարարությունների միջև կանոնավոր շփումների պահպանումը:

IV. Համագործակցություն այլ բնագավառներում

Կողմերը հաստատում են, որ հումանիտար բնագավառում երկկողմ համագործակցության զարգացումը ամուր հիմք ունի' հաշվի առնելով երկու պետությունների ժողովուրդների պատմական, մշակութային և կրոնական մոտիկությունը,

Այս առնչությամբ Կողմերը գիտակցում են Կիպրոսում շատ հաջողակ և աշխույժ հայ համայնքի ներդրումը, որը որպես ակնառու կապող օղակ է ծառայում երկու երկրների և ժողովուրդների միջև,

Կողմերը շահագրգռվածություն են հայտնում ընդլայնել և բարելավել մշակութային և հումանիտար համագործակցության իրավական շրջանակը, փոխգործակցությունը գիտության և համատեղ հետազոտությունների, առողջապահության և այլ բնագավառներում,

Կողմերը կշարունակեն աջակցել մշակութային և գեղարվեստական խմբերի պատվիրակությունների փոխադարձ այցերի կազմակերպմանը' որպես երկու պետությունների ժողովուրդների փոխադարձ հոգևոր հարստացմանն ուղղված հաղորդակցության կարևոր տեսակ,  

Կողմերը ակտիվորեն կաջակցեն երկու ժողովուրդների մշակութային ինքնության պահպանությանը և ջանքեր կգործադրեն բարենպաստ պայմաններ տրամադրելու հայերեն և հունարեն լեզուների խրախուսման համար' երկու երկրների պետական կրթական և ակադեմիական հաստատությունների միջև ընդլայնված համագործակցություն զարգացման միջոցով,

Կողմերը պարտավորվում են շարունակել խրախուսել մարդկանց միջև շփումները, ներառյալ Արևելյան գործընկերության շրջանակներում: Կիպրոսի Հանրապետությունը կաջակցի ԵՄ հետ մուտքի արտոնագրերի դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրերի հնարավորինս սեղմ ժամկետներում կնքելու    Հայաստանի ջանքերին:

Կողմերը նաև շեշտում են զբոսաշրջության, հանրային վարչարարության և հաղորդակցության ոլորտներում փորձի փոխանակման և հարաբերությունները շարունակաբար խորացնելու կարևորությունը, 

Սույնով հռչակված դրույթների միջոցով Հայաստանի Հանրապետությունը և Կիպրոսի Հանրապետությունը հայտնում են իրենց վճռականությունը' նոր որակական մակարդակի հասցնել փոխադարձ վստահության և հարգանքի եղբայրական առկա հարաբերությունները' ի շահ իրենց ժողովուրդների:

Այս նպատակով, Կողմերը մոտ ապագայում գործնական քայլեր կձեռնարկեն վերոնշյալ դրույթների արդյունավետ իրականացման համար:

Այս խորագրի վերջին նյութերը