Մեկնաբանություն

17.05.2012 00:45


Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանն ուզում կոալիցիա ձևավորել

Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանն ուզում կոալիցիա ձևավորել

Եթե մի պահ վերանանք այն իրողությունից, որ մայիսի 6–ին տեղի ունեցած ընտրություններն աչքի են ընկել պետականորեն կազմակերպված աննախադեպ ընտրակեղծիքներով և ԿԸՀ–ի հայտարարծ թվերն ամենևին չեն համապատասխանում հանրային տրամադրություններին, ապա լրիվ անհասկանալի է, թե ինչու է խորհրդարանական մեծամասնության տիրապետող ՀՀԿ–ն «յալվար» ընկել և ուզում է կոալցիա կազմել ԲՀԿ–ի հետ (ՕԵԿ–ի թեման, բոլորիս հայտնի պատճառներով, չենք քննարկում)։

Զուտ քաղաքագիտական կանոններից և ՀՀ Սահմանադրությունից ելնելով՝ նոնսենս է, երբ ԱԺ–ում հսկիչ փաթեթ ունեցող ուժը՝ ՀՀԿ–ն, խնդրում և աղաչում է ԲՀԿ–ին կոալիցիա կազմել իր հետ։ Սրա բացատրությունը շատ պարզ է։ ՀՀԿ–ն պաշտոնապես ստացել է ավելի քան 600 հազ ձայն, իսկ ԲՀԿ–ն՝ մոտ կես միլիոն։ Սակայն խնդիրն այն է, որ Սերժ Սարգսյանը շատ լավ գիտի, որ իր օգտին գրված ձայները մեծամասամբ ձեռք են բերվել բազմակի քվեարկությունների, մարդկանց ահաբեկման, կեղծ գրանցումների և այլ խախտումների օգնությամբ։ Ասել է թե՝ ՀՀԿ–ի ձայները թղթի վրա գրված վիրտուալ ձայներ են, իսկ ԲՀԿ–ինը՝ իրական։ Ահա սա՛  է այն հիմնական պատճառը, որը ստիպում է նախագահական ընտրությունների պատրաստվող Սերժ Սարգսյանին կոալիցիա կազմել Գագիկ Ծառուկյանի թիմի հետ։

Նկատենք, որ կոալիցիոն առաջարկով ԲՀԿ–ին դիմելով՝ ՀՀԿ–ն, ըստ էության, ընդունում է, որ մայիսի 6–ի ընտրությունները կեղծվել են ու Սերժ Սարգսյանի թիմը պարտվել է ԲՀԿ–ին ու միգուցե նաև խորհրդարան անցած մյուս ուժերին։

Դատե՛ք ինքներդ. եթե ՀՀԿ–ն իրականում լիներ այն ուժը, որը հավաքել է 44 տոկոս համամասնական ձայն ու մեծամասնականով անցած պատգամավորների հետ միասին կարողացել է ԱԺ–ի կեսից ավելիին տիրանալ, ապա որևէ պարագայում չէր մտածի անգամ Արթուր Բաղդասարյանի հետ կոալիցիա կազմելու մասին, բայց քանի որ իրականում ՕԵԿ–ի չափ վարկանիշ ունի, ուստի՝ հանրային վստահություն ունեցող ուժին է ուզում կցվել, որպեսզի հետագայում, երբ ոտքը պնդացրած լինի, արդեն իրեն կցի և ոչնչացնի ԲՀԿ–ին։ 

Մեկ այլ բանի վրա նույնպես կուզենայի հրավիրել բոլորիս ուշադրությունը. եթե ԲՀԿ–ի մոտ կես միլիոնանոց իրական ձայներին գումարում ենք նաև մյուս կուսակցությունների ստացած քվեները և հաշվի առնում այն օբյեկտիվ հանգամանքը (նախորդ տարիների ընտրություններին մասնակցածների քանակը և վերջին տարիների արտագաղթը), որ ընտրություններին դե ֆակտո մասնակցել է ոչ ավել, քան 1 միլիոն մարդ, ապա պատկերն ամբողջական է դառնում և հստակ երևում է, որ քվեարկությանը մասնակցած քաղաքացիների ավելի քան 75 %ը դեմ է քվեարկել ՀՀԿ–ին և կողմ իշխանափոխությանը կամ քաղաքական մենաշնորհի վերացմանը։ Այս մասին ամենալավը, թերևս, գիտի Սերժ Սարգսյանը և կոալիցիա կազմելու առաջարկ անելով այս ընտրություններում փաստացի առաջին տեղը գրաված ԲՀԿ–ին՝ ձգտում է կա՛մ կտրուկ իջեցնել վերջինիս վարկանիշը, կա՛մ Ծառուկյանին միանալով ստանալ ԲՀԿ–ի ձայների մի մասը նախագահական ընտրություններում։

Ակնհայտ է, որ ներկա վիճակում, երբ Սերժ Սարգսյանը ԱԺ–ում մեծամասնություն ունի գլխաքանակով, բայց գրեթե զրոյական վարկանիշ հանրության մոտ, ԲՀԿ–ի հետ կոալիցիա կազմելը ձեռնտու է միայն իրեն։

Իսկ ի՞նչ է շահում ԲՀԿ–ն կոալիցիա կազմելու դեպքում։ Հարցի պատասխանը գտնելու համար պետք է նախ հստակ արձանագրել, որ խնդրող կողմը Սերժ Սարգսյանն է։ Ճիշտ է, իշխանամետ լրատվամիջոցները, նախագահականի «պասով», նենգափոխված են ներկայացնում պատկերը՝ տարածելով, թե Ծառուկյանը նախարարական պորտֆելների «բազառ» է անում, բայց դա հերթական «մուտիլովկան» է և հիշեցնում է «ԲՀԿ–ն ՀՀԿ–ի հետ միասնական ցուցակով է մասնակցելու ԱԺ ընտրություններին» էժանագին քարոզը, որը փուչիկի պես պայթեց։

Իշխանական քարոզչամեքենան նաև տարածում է, թե ՀՀԿ–ԲՀԿ բանակցությունների առարկան ապագա կոալիցիայում նախարարական տեղերի ու մարզպետների քանակին է վերաբերում, բայց մեր ունեցած հավաստի տեղեկություններով, նման բան չկա։ Ծառուկյանին ընդհանրապես չեն հետաքրքրում մեկ կամ երկու նախարարական ավել պորտֆելները կամ ԲՀԿ–ական մարզպետների քանակը ավելացնելու  հարցերը։

Ինչ վերաբերում է ՀՀԿ–ի հետ ենթադրյալ կոալիցիա կազմելուն, ապա ԲՀԿ–ն դրա դիմաց պետք է ստանա և՛ ԱԺ նախագահի, և՛ վարչապետի պաշտոնները, ինչպես նաև ինքնուրույնաբար կառավարություն կազմելու և ժողովրդին ներկայացրած ծրագրային խոստումները  կյանքի կոչելու կոալիցիոն համաձայնագրով ամրագրված հնարավորություն ունենա (հարկային բեռի թեթևացում փոքր ու միջին բիզնեսի համար, պետության տնտեսական դերի վերանայում, վերջին տարիների սխալ կուրսից հրաժարում և այլն)։ Այլ պայմաններով պարզապես անիմաստ է մտնել ձախողված իշխանության հետ պատասխանատվություն կիսելու և բացառապես Սերժ Սարգսյանի շահերից բխող ձևական կոալիցիա կազմելու բեռի տակ։ Եթե ԲՀԿ–ում մտածում են ցնցումների չգնալու և կոալիցիա կազմելու միջոցով տիգրանսարգսյանական տխրահռչակ տնտեսական քաղաքականությունը փոխելու մասին, ապա միայն այս պայմաններով պետք է քաղաքական պատասխանատվություն վերցնեն։ Ցանկացած այլ կոնֆիգուրացիայով կոալիցիոն հարաբերությունների հաստատումն աշխատելու է Հայաստանի և ԲՀԿ–ի դեմ։

Կա նաև այլ տարբերակ, և մենք դա Հայաստանի հանրության ու ԲՀԿ–ի համար ամենաճիշտն ենք համարում, այն է՝ պետք է ՀՀԿ–ին մենակ թողնել իր ՕԵԿ–ի հետ ու ոչ մի կոալիցիա էլ չկազմել, իսկ առաջիկա նախագահական ընտրություններին, այլ ուժերի հետ համախմբված, մասնակցել միասնական թեկնածուով։

Ինչպես ցույց տվեցին այս ընտրությունները՝ մեր ժողովուրդը, չնայած իշխանության կողմից ինտենսիվորեն տարածվող «ծախվածության» թեզին,  բավական առողջ է քվեարկել՝ ճնշող մեծամասնությամբ մերժելով Սերժ Սարգսյան–Տիգրան Սարգսյան զույգի կառավարումը։ Այսինքն՝ հանրային ռեսուրսը պատրաստ է համապատասխան քայլերի։ Մնում է միայն ճիշտ կազմակերպվել, քաղաքական մտածողությամբ առաջնորդվել և հուպ տալ ձայնագողերին մինչև «վարդապետի խազը»։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը