Մեկնաբանություն

17.05.2012 14:36


Հայ-թուրքմենական ժողովրդավարություն

Հայ-թուրքմենական ժողովրդավարություն

Սերժ Սարգսյանն այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստում կհրապարակի ինքնաբացարկ հայտարարող անձանց ցուցակը: Այս միտքը արդեն 4-5 օր տարբեր  լրատվամիջոցների օգնությամբ սղոցում է մեր բոլորի ականջները:

Մենք հասկանում ենք, որ սա վիրավորական չէ այն 70 հոգու համար, որոնք այսօր երեկոյան պիտի իմանան, որ «ինքնաբացարկ» են հայտնում, դա վիրավորական չէ այն մնացած 40-ի համար, ովքեր այս երեկո կիմանան, որ իրենց շնորհվել է «ՀՀԿ համամասնական ցուցակով պատգամավորի կոչում»: Նրանք սովոր են, նրանք, մեծ հաշվով, արժանի են դրան:

Վիրավորականը մեզ համար է: Վիրավորական է այն, որ 21–րդ դարում արագ քայլերով կառուցում ենք նոր թուրքմենական հանրապետություն:

Այն 750.000 մեր քաղաքացիները, ովքեր քվեարկեցին ՀՀԿ-ական մենաշնորհի դեմ, մոլորված են, չգիտեն՝ ինչ անել: Նրանք, այսինքն՝ մենք, պարտվել ենք անդեմ, անանուն  քվեաթերթիկներին, որոնք քվեատուփերում հայտնվել են բազմակի քվեարկությունների  արդյունքում:

Այդ 750.000-ը հիմա շվարած է: Ու այդ է պատճառը, որ Երևանում այս օրերին ամենատարածված թեման` այս երկրից թողնել-գնալն է:

Պետք է մի բան ճիշտ հասկանալ` 750.000–ը մոլորվել և ընկճվել է ոչ թե լցոնված քվեաթերթիկների ծավալից ու նաև ոչ թե ՀՀԿ վերնախավի ցինիկությունից, այլ իր նախընտրած ուժերի լիդերների մոլորվածությունից և հեզիկ–նազիկությունից:

Եթե 750 հազար ձայնի տերերը չգիտեն՝ ինչ անել այդ ձայների հետ ու, կոպիտ ասած, կրակն են ընկել իրենց ստացած ձայների ահռելի քանակից, ապա մրցակիցներին և տոտալ ընտրակեղծարարներին մեղադրելու նրանց բարոյական իրավունքը նվազում է:

Ինչ մնում է Ս. Սարգսյանին, ապա նա   բոլորից լավ գիտի իր համամասնական ցուցակից յուրաքանչյուրի մարդկային և քաղաքացիական արժանապատվության աստիճանը: Ու հավանաբար դա էլ հաշվի առնելով՝ ընտրություններից 10 օր հետո միայն կհայտարարի ՀՀԿ ցուցակից «ինքնաբացարկվողների» անունները և կշնորհավորի «ինքնամնացողներին»: Կստացվի, որ «ինքնաբացարկվողները» հավասար են, իսկ մյուսները՝ ավելի հավասար։ Սա ձեզ հայտնի ստեղծագործության, հայտնի ֆերման չի՞ հիշեցնում։

Ափսոսը պետությունն է, ափսոսն արտագաղթն է, ափսոսը մեռնող բիզնեսն է, ափսոսը Ղարաբաղն է, ափսոսն ապագա աղետներն են: Իսկ ուսխորհուրդների դուրսպրծուկները արժանի են ոչ միայն թուրքմենական, այլև հյուսիսկորեական վերաբերմունքի:

Արման Սահակյան

Այս խորագրի վերջին նյութերը