Լրահոս

17.01.2011 17:25


Սերժ Սարգսյան. «Չնայած հարաբերությունները կարգավորելու Հայաստանի պատրաստակամությանը, հայ-թուրքական սահմանն առաջվա պես փակ է»

Սերժ Սարգսյան. «Չնայած հարաբերությունները կարգավորելու Հայաստանի պատրաստակամությանը, հայ-թուրքական սահմանն առաջվա պես փակ է»

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Կիպրոսի նախագահ ԴեմետրիսԽրիստոֆիասի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ

Մեծարգո՛ պարոն Նախագահ,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Շնորհակալ եմ Նախագահ Խրիստոֆիասին հրավերի, ջերմ ընդունելության և բովանդակալից զրույցի համար: Շատ ուրախ եմ հյուրընկալվել բարեկամ Կիպրոսում:

Նախագահ Խրիստոֆիասի հետ ունեցանք հետաքրքիր և բովանդակալից քննարկում։

Հայաստանի անկախությունից ի վեր մեր երկրների միջև հաստատվել են ամուր կապեր, որոնց հիմքում մեր ժողովուրդների դարավոր բարեկամությունն է, իսկ նոր ժամանակներում' նաև ընդհանուր եվրոպական ժողովրդավարական արժեքները:

Հայ-կիպրական բարեկամությունն ունի զարգացման մեծ ներուժ: Այսօր ստորագրված չորս փաստաթղթերը կարևոր խթան են այդ ուղղությամբ:

Մենք պայմանավորվեցինք պահպանել քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և ինտենսիվությունը:

Գոհունակությամբ եմ նշում, որ հատկապես վերջին շրջանում բավականին ակտիվ զարգացում է ապրում համագործակցությունը մեր երկրների ռազմական գերատեսչությունների միջև: Ինձ համար սա նաև անձնական նշանակություն ունի, որովհետև այս համաձայնագիրը ես եմ ստորագրել 2002թ., երբ ՀՀ պաշտպանության նախարարն էի:

Քննարկելով առևտրատնտեսական հարաբերություններում առկա վիճակը' Նախագահ Խրիստոֆիասի հետ արձանագրեցինք, որ հավելյալ քայլեր կձեռնարկենք համագործակցության ողջ ներուժը լիարժեք օգտագործելու համար: Կարծում եմ' դրան կնպաստի հենց այս այցի շրջանակներում տեղի ունեցող գործարար համաժողովը, ինչպես նաև մի քանի օր առաջ Երևանում կայացած հայ-կիպրական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստը:

Հեռանկարային է համագործակցությունը զբոսաշրջության և սննդամթերքի վերամշակման ոլորտներում:

Բացառիկ կարևոր է մեր երկրների միջև ձևավորված ամուր մշակութային կապերի զարգացումը' մասնավորապես ակտիվ մշակութային փոխանակումների միջոցով: Ընդհանուր համագործակցության կարևոր բաղադրիչ է նաև կրթական կապերի ամրապնդումը, որտեղ էական գործոն է միջբուհական համագործակցության խորացումը:

Անշուշտ անդրադարձանք հայ-թուրքական և կիպրա-թուրքական հարաբերություններին։

 Ինչպես և մեր բարեկամ Կիպրոսը,մենք սովորություն չունենք մեր խնդիրները լուծել սպառնալիքների և քաղաքական շահարկումների լեզվով։ Կարծում եմ, քաջատեղյակ եք, որ չնայած հարաբերությունները կարգավորելու Հայաստանի պատրաստակամությանը, հայ-թուրքական սահմանն առաջվա պես փակ է, Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատվել:

Հայաստանը դեմ չէ հարևան Թուրքիայի ԵՄ անդամակցությանը։ Միևնույն ժամանակ համոզված ենք, որ Թուրքիային չի հաջողվի ճանապարհ հարթել դեպի Եվրոպական Միություն առանց իր անցյալի հետ հաշտվելու և անմիջական հարևանների հետ կառուցողական հարաբերություններ հաստատելու:

Խոսեցինք նաև Լեռնային Ղարաբաղի և Կիպրոսի հիմնախնդիրների կարգավորման հեռանկարների մասին: Մենք համամիտ ենք, որ յուրաքանչյուր հակամարտություն պետք է լուծվի' հաշվի առնելով պատմական անցյալն ու յուրահատկությունները: Հենց դա է պատճառը, որ մենք սատարում ենք միմյանց դիրքորոշումները՝ այդ հակամարտությունների կարգավորման առումով և չենք համարում, որ ազգերի ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքները իրարամերժ են:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Հայաստան-Կիպրոս բարեկամական հարաբերությունները փայլուն ապագա ունեն, և ուզում եմ վստահեցնել բոլորին, որ ես և պարոն Խրիստոֆիասը կանենք ամեն ինչ այդ ուղղությամբ:

Շնորհակալություն։

Այս խորագրի վերջին նյութերը