Լրահոս

18.05.2012 16:46


Զոլյանը դիմում է գրել իրեն աշխատանքից ազատելու մասին

Զոլյանը դիմում է գրել իրեն աշխատանքից ազատելու մասին

Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը, ով ռեկտորի պաշտոնից ազատվելուց հետո շարունակում էր բուհում աշխատել որպես պրոֆեսոր, ուրբաթ օրը դիմում է գրել աշխատանքից ազատման մասին:

«Ազատություն» ռ/կ–ն հայտնում է, որ Սուրեն Զոլյանը նախկինում համատեղում էր ռեկտորի եւ դասախոսի աշխատանքները (քառորդ դրույքով) եւ, ազատվելով ռեկտորի պաշտոնից, պիտի տեղափոխվեր պրոֆեսորի կես դրույքով աշխատանքի` պայմանագրային հիմունքներով, իսկ այդ տեղափոխումը, ըստ Զոլյանի դիմումի, անհարկի ձեւով ձգձգվում է:

«Նման պայմաններում ես հնարավոր չեմ համարում իմ` օրինական որեւէ ձեւով չվավերացված պրոֆեսորի գործունեությունը: Ուստի խնդրում եմ ձեզ ազատել ինձ լեզվաբանության եւ հաղորդակցման տեսության ամբիոնի համատեղության կարգով  0.25 դրույքով պրոֆեսորի հաստիքից եւ կատարել վերջնահաշվարկ», - իր դիմումում նշել է Սուրեն Զոլյանը:

Նրա խոսքով, իրեն պրոֆեսորի աշխատանքի տեղափոխելը ձգձգել են ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը եւ աշխատակազմի ղեկավարը:

«Սկսել են ինչ-ինչ անհեթեթ պատմություններ պատմել, թե ես դիմում չեմ գրել, թե ես պիտի իմ համաձայնությունը տամ: Եթե ես մտնում եմ լսարան, ուրեմն ես իմ համաձայնությունը տվել եմ աշխատելով, ոչ թե ես պիտի գամ իրենց ասեմ` գիտես, ես համաձայն եմ աշխատել: Եթե ես մտնում եմ լսարան, տետրեր եմ ստուգում, թվանշաններ եմ դնում, ինչի՞ մասին է խոսքը: Այդ պատճառով ես գրեցի իմ դիմումը, թող ովքեր որ այսպիսի վիճակ են ստեղծել, մտնեն լսարան եւ դասընթացները կարդան, ինչպես նաեւ թող ընդունեն թեկնածուականները», - ասել է Սուրեն Զոլյանը:

Բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գայանե Գասպարյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է, որ դիմումը դեռ չի մակագրել` հրաժարվելով հավելյալ մեկնաբանություններից:

Այս խորագրի վերջին նյութերը