Մեկնաբանություն

20.05.2012 22:18


ՀՀԿ–ն ՕԵԿ–անու՞մ է

ՀՀԿ–ն ՕԵԿ–անու՞մ է

Եկեք մի պահ կտրվենք հայկական իրականությունից և ներքաղաքական զարգացումներին գնահատական տանք՝ հիմք ընդունելով մայիսի 6–ին տեղի ունեցած «ընտրության» պաշտոնական արդյունքները։ Հավատացնում եմ, որ շատ «խոխմա» բան կստացվի։

Ինչպես հայտնի է, ԿԸՀ–ի կողմից ՀՀԿ–ի օգտին հայտարարվել է ընտրողների 44% քվե։ Եթե սրան գումարում ենք մեծամասնական ընտրակարգով ՀՀԿ–ականների վերցրած պատգամավորական աթոռների քանակը, ապա ստացվում է, որ Սերժ Սարգսյանի թիմն ունի խորհրդարանի կեսից ավելին և առանց որևէ մեկի հետ կոալիցիոն համաձայնության գալու՝ կարող է միայնակ կառավարություն կազմել։

Գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ երազում է ընտրությունների միջոցով ստանալ այնքան ձայն, որ կարողանա ինքնուրույն կյանքի կոչել իր ծրագրերը։ Կոալիցիաները ստեղծվում են այն ժամանակ, երբ առանձին վերցրած մեկ ուժ չի ունենում սահմանադրական մեծամասնություն, և ստիպված է լինում գործընկեր գտնել։

Հիմա մեզանում այնպիսի վիճակ է ստեղծվել, որ ՀՀԿ–ն «նորընտիր» ԱԺ–ում ունի անկոալիցիա կառավարելու համար օրենսդրորեն պահանջվող 66 պատգամավորից ավել թիմակիցներ, բայց արի ու տես, որ սիրտը կոալիցիա է ուզում։

ՀՀԿ–ի կոալիցիա կազմելու ցանկությունը երկու բացատրություն կարող է ունենալ.

1.կա՛մ ՀՀԿ–ն շատ լավ գիտի, որ իրականում ձայն չունի և 660 հազարի կարգի թիվ է ստացել ընտրացուցակային կեղծիքների, ընտրակաշառքի և բազմակի քվեարկությունների շնորհիվ, ուստի փորձում է լեգիտիմության սուր դեֆիցիտը լրացնել ԲՀԿ–ի հետ կոալիցիա կազմելով,

2.կա՛մ էլ ՀՀԿ–ն ՕԵԿ–ացման ճանապարհով է գնում, երբ ԲՀԿ–ին առաջարկում է համատեղ կոալիցիա կազմել։ Կարծում եմ որևէ մեկը չի վիճի հետս, եթե պնդեմ, որ  հանրապետականներին ձայն տվողները (եթե հիմք ենք ընդունում ԿԸՀ–ի հրապարակած տոկոսները) լիազորել են նրանց միայնակ կառավարել։ Առավելևս ՀՀԿ–ին սրտանց ձայն տվողը հաստատ դեմ է եղել Գագիկ Ծառուկյանի ու նրա թիմակիցների այն հայտարարություններին, թե պետք է վերացնել վերջին տարիներին Հայաստանի անկման պատճառ դարձած քաղաքական մենաշնորհը։ Հիմա եթե ՀՀԿ–ն այդքանից հետո ուզում է ԲՀԿ–ի հետ կոալիցիա կազմել, նշանակում է «քցում» է իր ընտրողներին ճիշտ այնպես, ինչպես 2008ին վարվեց Արթուր Բաղդասարյանը՝ միանալով մի իշխանության, որը վարում էր ՕԵԿ առաջնորդի խոստումներին հակասող տնտեսական կուրս։ Պարզ է, որ 2008–ին Արթուրի օգտին քվեարկողները չէին սպասում, որ նա կգնա ու կմիանա Սերժ Սարգսյանին։

Արթուր Բաղդասարյանը հանուն ԱԽՔ պաշտոնի և իշխանական կերակրատաշտին մոտ գտնվելու դավաճանեց իր ընտրողներին և դաշնակցեց Սերժ Սարգսյանի հետ։ Վերջինս էլ այժմ հանուն նախագահի երկրորդ ժամկետի ուզում է դաշնակցել Գագիկ Ծառուկյանի հետ, այնինչ նման քայլի գնալու «դաբրո» չի ստացել իր ընտրողներից, եթե, իհարկե, ընդունենք, որ հարյուր հազարավոր մարդիկ, իրոք, գլխապատառ նետվել են ընտրատեղամասեր և քվեարկել վատ կառավարում իրականացրած Սերժ Սարգսյան–Տիգրան Սարգսյան զույգի օգտին։

Եվ այսպես, ՀՀԿ–ում հիմա պետք է հնարավորինս արագ կողմնորոշվեն շատ կարևոր մի հարցում։ Եթե նրանք այդքան շատ են ուզում կոալիցիա կազմել ԲՀԿ–ի հետ, ապա դրանով իսկ ակամայից խոստովանում են, որ ընտրազանգված չունեն և կեղծել են ընտրությունները՝ հետևաբար պետք է չեղյալ համարվեն մայիսի 6–ի ընտրության արդյունքները և նշանակվեն նոր ընտրություններ։

Իսկ եթե ՀՀԿ–ն արժանահավատ ու լեգիտիմ է համարում ԱԺ վերջին ընտրությունների արդյունքները, բայց հակառակ իր ընտրողների բուռն ցանկության ուզում է միանալ ԲՀԿ–ին՝ ուրեմն մենք գործ ունենք ՀՀԿ–ի ՕԵԿ–ացման գործընթացի հետ, քանզի նախընտրական փուլում ակնհայտ էր հանրապետականների ու նրանց կողմնակիցների ատելությունը Գագիկ Ծառուկյանի գլխավորած ուժի նկատմամբ։ Այժմ կոալիցիոն առաջարկ ներկայացնելով ԲՀԿ–ին՝ ՀՀԿ–ն, ըստ էության, գնում է Արթուր Բաղդասարյանի ճանապարհով՝ «քցելով» իր ընտրողներին։

Դատելով ամենից՝ ԲՀԿ–ն ուզում է փրկել ՀՀԿ–ին ՕԵԿ–ացումից, բայց հանրապետականները մարտական են տրամադրված ու չեն ուզում շեղվել բռնած գծից։ Ինչևէ։

Ի դեպ, որոշ ՀՀԿ–ականների այն խոսքերը, թե իրենք հանուն «պետական շահի» են ուզում կոալիցիա կազմել՝ պարզ դեմագոգիա է։ Արթուր Բաղդասարյանն ու Արտաշես Գեղամյանը, եթե հիշում եք, հաճախորդացան նույն այդ չարաբաստիկ «պետական շահից» ելնելով։

Հանուն «պետական շահերի» էր իր «ազգային–ազատագրական» բեղերը սափրել ու մեյդան դուրս եկել նաև Րաֆֆի Հովհաննիսյանը, բայց վերջում բավարարվեց իրեն նետած հինգ տոկոսով, և «պետական շահի» փոխանցիկ դրոշը հանձնեց «Հանրապետության» Արամ Սարգսյանին։

 Կորյուն Մանուկյան

Հ.Գ.։ Ճակատագրի ինչպիսի՜ հեգնանք. ՀՀԿ–ն իր շուրջն այնքան ՕԵԿ–ներ աճեցրեց, որ կամաց–կամաց ինքն է սկսում նմանվել իր հաճախորդներին։

Այս խորագրի վերջին նյութերը