Լրահոս

21.05.2012 12:16


Թուրքիան փորձում է Չիկագոյում տեղի ունեցող ՆԱՏՕ–ի գագաթաժողովի հռչակագրի մեջ կետ մտցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին

Թուրքիան փորձում է Չիկագոյում տեղի ունեցող ՆԱՏՕ–ի գագաթաժողովի հռչակագրի մեջ կետ մտցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին

Չիկագոյում ընթացող ՆԱՏՕ–ի գագաթնաժողովին մասնակցող թուրքական պատվիրակությունը փորձում է վերջնական հայտարարության մեջ մտցնել կետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին։ Թուրքական «Սաբահ» թերթը գրում է, որ թուրքական պատվիրակությունը հայտարարության «չլուծված հակամարտությունների մասին» հատվածում փորձում է մտցնել «Լեռնային Ղարաբաղի հայ–ադրբեջանական հակամարտության կարգավորման մասին» կետը։

Ըստ աղբյուրի Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը Չիկագոյում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և հայտարարել, թե Անկարան Ադրբեջանին մինչև վերջ սատարելու է ղարաբաղյան հարցում։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հայտարարության տեքստը։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ով մասնակցում է գագաթնաժողովին, հայտնել էր, որ թեև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստացել էր գագաթնաժողովին մասնակցելու հրավեր, սակայն  Չիկագո չի մեկնել։ Պարզաբանելով Սերժ Սարգսյանի այս որոշումը՝ Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ Չիկագոյի համաժողովի հռչակագրի նախագծում ներառված է Հարավային Կովկասում և Մոլդովայում հակամարտությունների լուծման վերաբերյալ ընդհանրական ձևակերպում, որը թեև լիսաբոնյան հռչակագրի համեմատությամբ որոշակիորեն փոփոխված է, հակասում է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման միջազգային միջնորդական մանդատ ունեցող Մինսկի խմբի համանախագահների մոտեցումներին, որոնք բազմիցս արտահայտվել են Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների կողմից:  Դա կարող է ոչ միայն վնաս հասցնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին, այլև վտանգել փխրուն իրավիճակը տարածաշրջանում՝ հատկապես Ադրբեջանի ռազմական ծախսերի աննախադեպ աճի և նրա ղեկավարության ռազմատենչ հռետորաբանության ֆոնի վրա։

 Էդվարդ Նալբանդյանի խոսքով՝ հենց այս հանգամանքը հաշվի առնելով է, որ Սերժ Սարգսյանը որոշել է չմասնակցել ՆԱՏՕ–ի գագաթնաժողովին։

Այս խորագրի վերջին նյութերը