Լրահոս

22.05.2012 11:03


Սուրեն Զոլյանը դիմել է իր նախկին գործընկերներին

Սուրեն Զոլյանը դիմել է իր նախկին գործընկերներին

ԿԳ նախարարի հրամանով Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտորի պաշտոնից ազատված  Սուրեն Զոլյանը դիմել է իր նախկին գործընկերներին։ Նամակում ասված է.

«Ինչպես հիշում եք, ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից օրենքների խախտումներով կազմակերպված եւ անցկացված ստուգումների արդյունքների հիման վրա, ՀՀ ԿԳ նախարարը եւ նույն նախարարության այլ բարձրաստիճան պաշտոնյաներ թույլ են տվել իրենց մեղադրանքներ հնչեցնել ԵՊԼՀ-ի հասցեին՝ մատնանշելով ինչ-ինչ գոյություն չունեցող «խախտումներ»: Համալսարանի 17.04.2012թ.-ի արտահերթ եւ ընդլայնված գիտական խորհուրդը բոլոր ֆակուլտետային եւ մեթոդական խորհուրդների մասնակցությամբ մանրամասնորեն անդրադարձել է ստուգման արդյունքներին:

Ելնելով քննարկման արդյունքներից՝ 17.04.2012թ.-ի արտահերթ եւ ընդլայնված գիտական խորհուրդը որոշեց. «…հանձնարարել ԵՊԼՀ  ռեկտորին` դիմել դատարան ՀՀ ԿԳ նախարարի 19.03.2012թ. թվականի թիվ 190-Ա/Ք հրամանով իրականացված վերահսկողության արդյունքներով կազմված ակտի իրավաչափությունը եւ օրինականությունը վիճարկելու հայցով, ինչպես նաեւ ԵՊԼՀ բարի համբավը արատավորող ակտը չեղյալ համարելու պահանջով, իսկ անհրաժեշտության դեպքում` նաեւ ՀՀ ԿԳ նախարարության կողմից ընդունված իրավական ակտերի օրինաչափության եւ վերադաս օրենսդրության համապատասխանության հայցով»:

Սակայն ԵՊԼՀ արտահերթ եւ ընդլայնված գիտական խորհրդի 17.04.2012թ.-ի որոշումը մինչ օրս կատարված չէ: ՀՀ առաջին ատյանի վարչական դատարանի դատավոր Կարեն Ավետիսյանը մերժեց ընդունել հայցադիմումը՝ պատճառաբանելով, որ «…հայցադիմումը ստորագրել է այն ստորագրելու լիազորություն չունեցող անձը: Հետեւաբար հայցադիմումը պետք է վերադարձնել, քանի որ վարչական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն հայցադիմումը վերադարձվում է, եթե այն ստորագրված չէ կամ ստորագրել է ստորագրելու լիազորություն չունեցող անձը»: Իրոք, կա անհամապատասխանություն, քանի որ վերոնշյալ հայցադիմումը ս.թ. ապրիլի 17-ին ստորագրվել է իմ կողմից եւ կնքվել ԵՊԼՀ կնիքով: Սակայն ԵՊԼՀ աշխատակազմի ղեկավար եւ իրավախորհրդատու Ն. Ներսիսյանի, ինչպես նաեւ Գրասենյակի աշխատակիցների անփութության պատճառով ուղարկվել է դատարան միայն ս.թ. մայիսի 8-ին: Ստորագրման եւ առաքման ժամկետների նման անհամապատսխանությունը հիմք է ծառայել դատարանի կողմից հայցադիմումը ետ վերադարձնելու համար:

Նման պայմաններում հարցը հնարավոր էր շտկել, եթե ԵՊԼՀ ռեկտորի ժ/պ Գ.Գասպարյանը մայիսի 4-ին ստորագրեր հայցադիմումը, ինչը վերջինս հրաժարվել է կատարել, որի արդյունքում կազմվել է արձանագրություն գիտխորհրդի հետեւյալ անդամների կողմից՝ ԵՊԼՀ իրավական, վարչական եւ տնտեսական գծով պրոռեկտոր Գ. Բալայան, Աշխատակազմի ղեկավար եւ իրավախորհրդատու Ն. Ներսիսյան, Ռուսաց լեզվի, գրականության եւ օտար լեզուների ֆակուլտետի դեկան Գ. Մարկոսյան, Որակի ապահովման կենտրոնի ղեկավար Ն. Մանասյան, ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ամբիոնի վարիչ Տ. Թորոսյան: Չնայած որ վարչական դատարանը ետ է վերադարձրել հայցադիմումը, սակայն դեռեւս հնարավորություն կա բողոքարկելու դատարանի որոշումը, ինչը պետք է արվի սեղմ ժամկետներում:

Հիշեցնում եմ նախկին գործընկերներիս, որ այս հարցը վերաբերվում է ոչ թե իմ անձին, այլ ողջ համալսարանին, ուստիև ամեն մի համալսարանականի պատվին և արժանապատվությանը: Թույլ տվեք հուսալ, որ գոնե այս հարցում ԵՊԼՀ-ի նոր ղեկավարությունը և դասախոսական անձնակազմը ի վիճակի կլինի առնվազն փորձել տեր կանգնել իր իսկ ընդունած որոշմանը եւ պաշտպանել Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի օրեցօր նվազող հեղինակությունը»։

Հիշեցնենք, որ մայիսի 21-ին վարչական դատարանը մերժել է ընդունել ՀՀ ԿԳ նախարարության կողմից ԵՊԼՀ-ում իրականացված վերահսկողության արդյունքներով կազմված ակտի իրավաչափությունը և օրինականությունը վիճարկելու հայցադիմումը ` հիմք ընդունելով ստորագրման եւ առաքման ժամկետների անհամապատսխանությունը:

Դատարանը նշել է, որ որոշումը կարող է բողոքարկվել օրենքով սահմանված կարգով եւ սեղմ ժամկետներում: Այս կապակցությամբ Սուրեն Զոլյանը դիմել է ԵՊԼՀ ռեկտորի ժ/պ Գ. Գասպարյանին սահմանված կարգով բողոքարկել դատարանի որոշումը` կատարելով ապրիլի 17-ի ԵՊԼՀ գիտական խորհրդի արտահերթ եւ ընդլայնված նիստի որոշումը:

Այս խորագրի վերջին նյութերը