Լրահոս

22.05.2012 13:27


Սուրեն Զոլյան. «Կրթության և գիտության նախարարը ստախոս է և վախկոտ»

Սուրեն Զոլյան. «Կրթության և գիտության նախարարը ստախոս է և վախկոտ»

ԿԳ նախարարի հրամանով աշխատանքից հեռացված՝ Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանը երեք հայցադիմում է ներկայացրել ընդհանուր իրավասության և վարչական դատարաններ՝ պահանջելով անօրինական ճանաչել ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանները Զոլյանին նկատողություն հայտարարելու, այնուհետև աշխատանքից հեռացնելու մասին, ինչպես նաև վերականգնել ԵՊԼՀ բարի համբավը, որը, Զոլյանի կարծիքով, ոտնահարվել է ԿԳ նախարարի և նախարարության այլ աշխատակիցների ապօրինի գործունեության և անգրագիտության պատճառով։

Սուրեն Զոլյանը հայտարարել է, որ երկրից բացակայելու համար իրեն նկատողություն հայտարարելու հիմքեր չկային, քանի որ ինքը կատարել է միջազգային պայմանագրով ստանձնած պարտավորությունը և համաժողովում ներկայացրել է Հայաստանը։

ԵՊԼՀ–ի նախկին ռեկտորն անդրադարձել է նաև համալսարանում նախարարության կողմից անցկացված ստուգմանը, որը խախտումներ էր հայտնաբերել, ինչն էլ հիմք էր դարձել իրեն աշխատանքից հեռացնելու համար։ Զոլյանը նախ նշել է, որ ստուգում անցկացնելու մասին որոշումն ինքնին անօրինական է եղել, քանի որ այդ մասին համալսարանին պետք է նախօրոք զգուշացվեր։ Ստուգմումից հետո նախարարության աշխատակիցները  ԵՊԼՀ ռեկտորին մեղադրել են, թե տարիներ շարունակ գոյություն չունեցող մասնագիտություններով պետական նմուշին չհամապատասխանող դիպլոմներ է տվել։ Ի պատասխան այս մեղադրանքի՝ Սուրեն Զոլյանն ասել է.

–Մենք ունեինք այդ մասնագիտությունների լիցենզիա, և եթե պարոն նախարարը կամ նրա վարչության պետերը տեղյակ չեն, որ գոյություն ունի ինչ–ինչ մասնագիտություն, դա չի նշանակում, որ այդ մասնագիտությունը գոյություն չունի. չի կարելի ամբողջը սեփական տգիտության մակարդակով չափել։

Հարկ է նշել, որ, ի նշան բողոքի ԵՊԼՀ բարի համբավը ոտնահարելու դեմ, Վալերի Բրյուսովի մի շարք աշխատակիցներ՝ գիտխորհրդի անդամներ, աշխատանքից ազատվելու դիմում են ներկայացրել։

Զոլյանն ընդգծել է, որ փաստորեն նախարարն իրեն մեղադրում է կեղծ դիպլոմներ տրամադրելու համար, ինչը քրեական հանցագործություն է, և եթե այդ մեղադրանքներն իրոք իրական հիմքեր ունենային, Աշոտյանը պարտավոր էր դիմել դատախազություն։ Այնինչ նախարարը, ընդհակառակը, խուսափում է գործը դատարանում քննելուց։ Սուրեն Զոլյանը ցույց է տվել մի գրություն, որն Արմեն Աշոտյանը ներկայացրել է վերաքննիչ դատարան և որով պահանջում է չքննել Սուրեն Զոլյանի հայցը։ Այսպիսով՝ Սուրեն Զոլյանն ասել է, որ ինքը բոլոր հիմքերն ունի Արմեն Աշոտյանին ստախոս և վախկոտ անվանելու, քանի որ Արմեն Աշոտյանը բազմիցս հայտարարել է, թե պատրաստ է հանդիպել Զոլյանի հետ դատարանում և հարցը լուծել իրավական դաշտում։ Այս առիթով Զոլյանը մեջբերել է հայտնի ասացվածքը՝ գող՝ սիրտը դող։

Սուրեն Զոլյանն իր հայցով պահանջում է նաև իրեն վերականգնել ԵՊԼՀ–ի ռեկտորի պաշտոնում, քանի որ ԿԳ նախարարը իրավունք չունի ազատել ռեկտորներին. համալսարանների ռեկտորներն ընտրվում են գիտական խորհուրդների և հաստավում ՀՀ կառավարության կողմից, նախարարն էլ, որպես լիազորված անձ, ստորագրում է պայմանագիրը ՀՀ Կառավարության անունից։

Նախարարն իմ գործատուն չէ։ Պետք է խորհուրդը հավաքվեր, համապատասխան առաջարկ ներկայացներ Կառավարությանը, և Կառավարությունը եթե որոշեր, որ պետք է հեռացվեմ, լիազորեր նախարարին համապատասխան հրաման տալ, այլ ոչ թե նախարարն իր ստորագրությամբ հեռացներ ինձ աշխատանքից,–ասել է Սուրեն Զոլյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը