Լրահոս

26.05.2009 16:02


Թուրքիայի ԱԳ նախարար. «Չի կարելի բաց թողնել այդ պատմական պահը»

Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, և Թուրքիան կանի ամեն հնարավորը՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար։ Այս մասին Բաքվում հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախագահ Ահմեդ Դավիթօղլուն՝ ադրբեջանցի իր գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ կայացած բանակցություններից հետո։

«Ադրբեջանցի մեր բարեկամներին ցանկանում եմ վստահեցնել, որ ԼՂ-ի հարցը և Հայաստանի կողմից «օկուպացված» ադրբեջանական հողերի ազատագրումը շատ կարևոր է Թուրքիայի համար, և դրանում թող ոչ ոք չկասկածի։ Սառեցված հակամարտությունները տարածաշրջանում՝ ինչպես ականներ, կարող են յուրաքանչյուր րոպե պայթել»,- հայտարարել է Դավիթօղլուն։

Այդ իսկ պատճառով նա կարծում է, որ հակամարտության կարգավորման նպատակով անհրաժեշտ է շարունակել բանակցությունները։ Թուրքիայի ԱԳ նախարարը կարևորել է նաև Սանկտ-Պտերբուրգում կայանալիք տնտեսական համաժողովի շրջանակներում սպասվելիք՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։

«Չի կարելի բաց թողնել այդ պատմական պահը»,- ընդգծել է Դավիթօղլուն՝ հավելելով, որ Ադրբեջան է եկել այնպես, ինչպես իր հայրենիք կգար։   

Իր հերթին, Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Ադրբեջանի և Թուրքերի միջև բոլոր ուղղություններով հաջողությամբ զարգանում են հարաբերությունները։

«Մեր հարաբերությունները ոչ միայն եղբայրական են, այլ նաև ռազմավարական»,- ասել է նա։

Այս խորագրի վերջին նյութերը