Լրահոս

22.05.2012 16:12


Բնապահպաններ. «Ո՞վ է տվյալ շինարարությունն իրականացնողը»

Բնապահպաններ. «Ո՞վ է տվյալ շինարարությունն իրականացնողը»

ՀՀ բնապահպանության նախարար

 

Պարոն Ա. Հարությունյանին

ՀՀ գյուղատնտեսության նախարար

Պարոն Ս. Կարապետյանին

 Հարգարժան պարոնայք,

 Սույն թվականի մայիսի 21-ին համացանցում հայտնվեցին լուսանկարներ, որոնք անվանակոչված են “Dalarik river, Armenia” եւ որտեղ ներկայացված են ինչ որ օբյեկտի կառուցման մանրամասներ /լուսանկարները ներկայացված են հետեւյալ հասցեներով https://www.facebook.com/media/set/?set=oa.415564445130772&type=1 եւ https://www.facebook.com/photo.php?fbid=439302889414287&set=o.130454790308407&type=1&theater/: Ենթադրվում է, որ խոսքը վերաբերվում է «Արզական-Մեղրաձորի» արգելավայրի տարածքով հոսող Դալար գետի վտակներից մեկի մասին, այսինքն չի բացառվում, որ շինարարությունն իրականացվում է հատուկ պահպանվող տարածքում:  

 Լուսանկարներից պարզ երեւում է որ.

  1. Ներկայացված վտակի ափին կառուցվում է ինչ որ փայտե կառույց եւ գետի որոշակի հատվածն իր շրջակայքով ցանկապատված է,
  2. Վտակի մի մասում հունն ամբողջովին ավիրված է, ջուրը ամբողջությամբ հոսում է մետաղական խողովակի միջով,
  3. Վտակի հունում կատարված են բետոնապատման աշխատանքներ ենթադրաբար արհեստական լճակի, ՀԷԿ-ի կամ նմանատիպ այլ օբյեկտի կառուցման նպատակով:

 Մեր կարծիքով, տեղի է ունեցել տվյալ հատվածի էկոհամակարգի խախտում, վտակի հունի եւ ափերի ավիրում, հետեւաբար շրջակա միջավայրին հասցվել է որոշակի վնաս:

 Հետևաբար, ելնելով վերոշարադրյալից և հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ և 9-րդ հոդվածների պահանջները, խնդրում ենք օրենքով սահմանված 5-օրյա ժամկետում մեզ տրամադրել հստակ և մանրամասն տեղեկատվություն հետևյալ հարցերի վերաբերյալ.

 

  1. Արդյո՞ք տվյալ շինարարությունն իսկապես իրականացվում է «Արզական-Մեղրաձորի» արգելավայրի տարածքում,
  2. Ո՞վ է տվյալ շինարարությունն իրականացնողը,
  3. Արդյո՞ք այդ շինարարությունն իրականացնողն ունի համապատասխան թույլտվություններ, այդ թվում՝ շինարարություն իրականացնելու, վտակի հունը փոփոխելու եւ տարածքը ցանկապատելու համար:

 Միևնույն ժամանակ նախարարություններից պահանջում ենք անմիջապես ձեռնարկել համապատասխան միջոցառումներ տվյալ հատվածում իրականացվող շինարարությունը դադարեցնելու, բնությանն արդեն իսկ հասցված վնասը վերականգնելու ուղղությամբ:

 «Բնապահպանություն» ֆեյսբուքյան խումբ

«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնություն

Այս խորագրի վերջին նյութերը