Մեկնաբանություն

23.05.2012 01:37


Արամ Սարգսյանի հետագիծը

Արամ Սարգսյանի հետագիծը
Արամ Սարգսյանի և նրա գլխավորած «Հանրապետություն» կուսակցության դուրս գալը Հայ ազգային կոնգրեսից, հաշվարկված թե ոչ, դարձավ այն թեմաներից մեկը, որը հետընտրական շրջանում պետք է շեղեր հասարակության ուշադրությունը  հիմնական՝ ընտրակեղծիքների թեմայից։ Բնական է նաև, որ քաղաքական գործչի կամ ուժի վարքագծի նման կտրուկ փոփոխությունը առաջացնում է փաստերի համադրման եղանակով դրա իրական պատճառները վերհանելու, վերլուծելու և հասկանալու անհրաժեշտություն։ Իսկ փաստերն այսպիսին են.

Վախ մենությունից

1.Արամ Սարգսյանը մայիսի 15-ին լրատվական կայքերից մեկին տված հարցազրույցում հայտարարել է, թե առաջիկա նախագահական ընտրություններում չի առաջադրվելու որպես նախագահի թեկնածու և ավելացրել, որ դա կանի միայն ֆորսմաժորային իրավիճակում կամ եթե զգա, որ միավորիչ ֆիգուր է դարձել։ Հաշվի առնելով Արամ Սարգսյանի անցած ուղին՝ վստահաբար կարելի է պնդել, որ նա նախագահի թեկնածու կդառնա, երբ իրեն հրահանգեն դա անել։ Այլ դեպքերում նա կվարվի ինչպես միշտ՝ կթաքնվի ինչ–որ մեկի ետևում։ Հիշենք, որ Արամ Սարգսյանը երբեք հանդես չի եկել որպես ինքնուրույն քաղաքական գործոն։

2. Մինչև 1999թ. նա ընդհանրապես քաղաքականությամբ չի զբաղվել։ Ըստ տարածված լուրերի՝ Ա. Սարգսյանը, իր ընտանիքի անդամները և հարազատները սեփականաշնորհման բուռն շրջանում ամբողջությամբ կամ մասնաբաժնով տիրել են Արարատի շրջանի բոլոր արժեքավոր և եկամտաբեր ձեռնարկություններին (պահածոների գործարան, ոսկու հարստացուցիչ ֆաբրիկա, ցեմենտի երկու գործարան, կրաքարի հանք, Ավշարի գինու գործարան, Արարատի նավթաբազա և այլն)։

3. Արամ Սարգսյանը քաղաքականության մեջ հայտնվել է 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո և  ստանձնել վարչապետի պաշտոնը՝ ըստ էության առևտրի առարկա դարձնելով ողբերգությունը։ Նրան ցույց տվեցին վարչապետի աթոռը, ու նա անմիջապես դարձավ «կառուցողական»։

4. Վարչապետության ընդամենը 5 ամիսների ընթացքում թուլակամություն դրսեւորելով՝ կորցրել է վերահսկողությունը եղբոր ղեկավարած Հանրապետական կուսակցության նկատմամբ, օգտագործվել է Քոչարյանի կողմից, իսկ այնուհետև դուրս շպրտվել պաշտոնից։ Տեղին է ընդգծելը, որ Կառավարության գլխի դերում նա, փաստացի, պաշտպանում էր Ռոբերտ Քոչարյանին, և ոչ թե Քոչարյանն էր իր մոտ նախագահ աշխատում, ինչպես վերջերս էր պատանեկան կոմպլեքսավորվածությամբ խոսում Արամը «Ա1+»–ի եթերում, այլ ինքն էր ժամանակավոր բերվել Կառավարության շենք, որտեղ իր շրջապատն անվերջ օգտվում էր բուֆետի ծառայություններից։ Մի փոքր սնելուց հետո Քոչարյանը սրան ցույց տվեց իր իրական տեղը։

5. Պետական համակարգից հեռացվելուց և ընդդիմադիր ուժ հռչակվելուց հետո էլ, նա և իր գլխավորած «Հանրապետություն» կուսակցությունը ոչ մի ինքնուրույն նախաձեռնությամբ կամ գործողությամբ (քաղաքական շարժում, հանրահավաք, ցույցեր և այլն) հանդես չեն եկել, միշտ եղել են որևէ ուժի սատարողի կամ կցորդի դերում, բայց այդ ամենը փորձել է ներկայացնել իբրև թիմային խաղալու վկայություն.

- 1999թ. սատարել է Ռոբերտ Քոչարյանին։

- 2003թ. նախագահական ընտրություններում, հանելով իր թեկնածությունը, սատարել է Ստեփան Դեմիրճյանին։

- Նույն՝ 2003թ., խորհրդարանական ընտրություններում պատգամավոր է դարձել Ստեփան Դեմիրճյանի շնորհիվ՝ ընդգրկվելով նրա գլխավորած «Արդարություն» դաշինքի համամասնական ցուցակում։

- 2008թ. սատարել է Լևոն Տեր-Պետրոսյանին։

Արամ Սարգսյանի միակ ինքնուրույն քայլը 2007թ. խորհրդարանական ընտրություններին առանձին մասնակցությունն էր, որտեղ էլ բացահայտվել է նրա և «Հանրապետություն» կուսակցության իրական վարկանիշը՝ 22 000 ձայն կամ 1,6%։

6. Այս փաստերի լույսի ներքո՝ Արամ Սարգսյանի հայտարարությունը, թե առաջիկա նախագահական ընտրություններին չի մասնակցի, նշանակում է, որ նա հավատարիմ է իր քաղաքական վարքագծին և այս անգամ էլ սատարելու է մի այլ քաղաքական ուժի, ամենայն հավանականությամբ՝ մեկ այլ անսկզբունքային գործիչ Րաֆֆի Հովհաննիսյանին՝ դրանով ևս մի անգամ հաստատելով հավերժ կցորդ լինելու իր կարգավիճակը։ Ամեն ինչ, ըստ ամենայնի, կախված կլինի այն բանից, թե ինչ կորոշի Սերժ Սարգսյանը։

«Արևմտամետը»

7. Վերջերս Արամ Սարգսյանը հայտարարել է նաև հետևյալը. «Ժողովրդավարության հասնելու համար մենք որպես մոդել տեսել ենք Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ-ը և առաջադեմ Եվրոպան... Եթե հասարակությունը կուզենա ինձ արևմտամետ համարել, թող համարի, ես դրանից չեմ հրաժարվում»։ Բայց նկատենք, որ սրանք ընդամենը խոսքեր են՝ իշխանությունների հետ համագործակցությունը քողածածկելու միջոց և ՀԱԿ–ից դուրս գալու իբր «գաղափարական» հիմնավորում։

Արամ Սարգսյանն իր «արևմտամետ» լինելը, ամենայն հավանականությամբ, հասկանում է ԱՄՆ դեսպանատան համար «կոնտակտ» լինելով ու նարնջագույն  փողկապ կապելով։

Բերանբացը

8. Ասում են, թե մի քանի ամիս առաջ Արամ Սարգսյանը «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի և Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամներին տեղեկացրել է, որ իրեն հանդիպման են հրավիրել ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներ Քրիս Անդերսոնը և Լիլիթ Օհանյանը ու պաշտոնապես առաջարկել, որ ինքը Արարատ Զուրաբյանի, Խաչատուր Քոքոբելյանի և Ալիկ Արզումանյանի օրինակով դուրս գա Հայ ազգային կոնգրեսից ու միանա «Ժառանգութան» և «Ազատ դեմոկրատների» դաշինքին։ Նրա հաղորդմամբ՝ այդ ուժերին միանալու նույնպիսի մի առաջարկ էլ դեսպանատունն արել է ոչ անհայտ թերթի գլխավոր խմբագրին։ Այն թերթի, որն ամբողջությամբ գործում է իշխանության վերահսկողության տակ և միաժամանակ «Ժառանգության», Ազատ դեմոկրատների» և «Հանրապետություն» կուսակցության PRօրգանն է։

Բայց այս ամենը, մեր կարծիքով, Արամ Սարգսյանի կողմից Սերժ Սարգսյանին ծառայելը «աշխարհաքաղաքական» գործոններով բացատրելու անհաջող փորձ է։

Ընկերությունն ու «մարտի 1»–ը

9. Արամ Սարգսյանի վարքագծում նկատվում է նաև դեմագոգիայի մեծ չափաբաժին։ Բացատրելով Կոնգրեսի հետ իր, այսպես կոչված, «տարաձայնությունները» ԲՀԿ-ի հետ ընտրությունների օրինականության վերահսկման շուրջ համագործակցության կապակցությամբ, նա բազմիցս բացականչել է, թե ինչպե՜ս կարելի է համագործակցել մի մարդու՝ Գագիկ Ծառուկյանի հետ, ով մարտի 1-ի սպանդից հետո Սերժ Սարգսյանի հետ շամպայն է խմել։ Ինչպիսի՜ ազնիվ ճիչ։ Բայց այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչպե՞ս է Արամ Սարգսյանը նույն մարտի 1–ից հետո Սերժ Սարգսյանի հետ շամպայն խմած տխրահռչակ Ռուբեն Հայրապետյանին հրապարակավ համարում իր ընկերը։ Ասում են, թե պատճառն այն է, որ Ռուբենը Արամ Սարգսյանին խոստացել է, որ շուտով իրեն են վերադարձնելու կոպեկներով սեփականաշնորհված Արարատի ցեմենտի գործարանը։

Ի դեպ, Ծառուկյանին այդպես  չհանդուրժող Արամ Սարգսյանն ինչպե՞ս է թույլ տալիս, որ իր կրտսեր եղբայրը ծաղկեփնջերով դիմավորի Արարատ ընտրարշավի եկած նույն Ծառուկյանին, ապա նաև Սերժ Սարգսյանին, բայց ամենևին չերևա, երբ այստեղ է գալիս Լևոն Տեր-Պետրոսյանը, ում գլխավորած համամասնական ցուցակում «Հանրապետության» ղեկավարը 3-րդ համարն է զբաղեցնում։

10. Հավաստի տեղեկությունների համաձայն` վերջին շրջանում Արամ Սարգսյանի և Ռուբեն Հայրապետյանի ընկերական կոչված հարաբերությունները չափազանց ջերմացել են, և նրանց հանդիպումները, երբեմն նաև ոչ անհայտ Անդրանիկ Քոչարյանի մասնակցությամբ, դարձել են գրեթե ամենօրյա։

Մեկ այլ տեղեկության համաձայն՝ ընտրարշավի օրերին Ռուբեն Հայրապետյանը անգամ հաջողացրել է Արամ Սարգսյանի հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ՝ նախագահական նստավայրում։ Այստեղ ավելացնենք նաև, որ մարտ-ապրիլ ամիսներին Արամ Սարգսյանի ընտանիքին մի քանի անգամ հյուրընկալվել են Տիգրան Սարգսյանը, ինչպես նաև Սերժ Սարգսյանի շրջապատը ներկայացնող տարատեսակ պաշտոնատար անձինք։

* * *

Այսպիսով՝ Սերժ Սարգսյանի գլխավորած կլանաօլիգարխիկ թիմի ջանքերով Հայաստանում ստեղծվել է «պրոամերիկյան» մի խմբավորում, որը իշխանական լրատվամիջոցները  շտապել են արդեն հռչակել որպես «Արևմտամետ բևեռ»։ Եթե ԱՄՆ-ի հույսը Արամ Սարգսյանի նմաններն են, ապա վա՜յ Ամերիկային։ Իրականում, սակայն, ոչ մի Ամերիկա էլ չկա, և Արամ Սարգսյանն ընդամենը հայտնվել է «Սերժի բևեռում»։

Վերջին հրապարակային ելույթներում Արամ Սարգսյանը, ցույց տալու համար իր, իբր, անշահախնդրությունը, սիրում էր կրկնել հետևյալ միտքը. «Որպես Վազգեն Սարգսյանի եղբայր՝ ես խնդիր չունեի Հայաստանում ամենահարուստ մարդկանցից մեկը լինելու»։ Արամ Սարգսյանը չի հասկանում, որ դրանով նախ՝ անարգում է հանգուցյալ եղբորը ու նրա հիշատակը։ Ինչո՞ւ պիտի որևէ մեկի եղբայր լինելու հանգամանքը հիմք հանդիսանա ամենահարուստ մարդկանցից մեկը կամ որևէ այլ բան դառնալու համար։ Սա ենթագիտակցական խոստովանություն է այն բանի, թե իրականում Արամ Սարգսյանն ինչն է համարում իր կյանքի նպատակը։ Ահա այդ նպատակին էլ պատրաստ է ծառայեցնել ամեն ինչ՝ եղբոր հիշատակից մինչև քաղաքական կողմնորոշում։

Վերջում մեկ բարոյախոսություն. պետք է միշտ կասկածանքով վերաբերվել այն մարդկանց, ովքեր տեղի–անտեղի, գիշեր-ցերեկ Աստծու անունն են տալիս։ Արամ Սարգսյանի չափ Աստծու անունը արտասանել և արտասանում են միայն Արտաշես Գեղամյանն ու «Լեննագանի» Վարդանիկը, ինչպես նաև Արամի ընտանիքի բարեկամ Տիգրան Սարգսյանը։

Խոսրով Գրիգորյան

Այս խորագրի վերջին նյութերը