Լրահոս

23.05.2012 09:05


Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր

«10 դեկտեմբերի, 1948թ.»

Նախաբան

Քանզի մարդկության ընտանիքի բոլոր անդամներին հատուկ արժանապատվության և հավասար ու անօտարելի իրավունքների ճանաչումն աշխարհի ազատության, արդարության և խաղաղության հիմքն է,

քանզի մարդու իրավունքների նկատմամբ քամահրանքն ու արհամարհանքը հանգեցրել են մարդկության խիղճը վրդովող բարբարոսական գործողությունների, և քանի որ իբրև մարդկության վեհ նպատակ է հռչակված այնպիսի աշխարհի ստեղծումը, որտեղ մարդիկ կվայելեն խոսքի ու համոզմունքների ազատություն և զերծ վախից ու կարիքից,

 քանզի անհրաժեշտ է օրենքի իշխանությամբ պաշտպանել մարդու իրավունքները, որպեսզի նա, որպես վերջին միջոց, հարկադրված չընդվզի բռնակալության ու ճնշման դեմ,  քանզի անհրաժեշտ է նպաստել ազգերի բարեկամական հարաբերությունների զարգացմանը, քանզի Միավորված ազգերի ժողովուրդները Կանոնադրության մեջ վերահաստատել են իրենց հավատը մարդու հիմնական իրավունքների, մարդ անհատի արժանապատվության ու արժեքի, տղամարդու ու կնոջ իրավահավասարության հանդեպ և վճռել սոցիալական առաջադիմությանն ու կենսապայմանների բարելավմանն աջակցել առավել ազատության պայմաններում,  քանզի անդամ պետությունները պարտավորվել են, Միավորված ազգերի հետ համագործակցելով, հասնել մարդու իրավունքների ու հիմնական ազատությունների նկատմամբ համընդհանուր հարգանքի ու դրանց պահպանման,  քանզի այս իրավունքների ու ազատությունների համընդհանուր ըմբռնումը վիթխարի նշանակություն ունի այս պարտավորության լիակատար իրականացման համար.

 ԳԼԽԱՎՈՐ ԱՍԱՄԲԼԵԱՆ

հրապարակում է սույն

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ

 Որպես առաջադրանք բոլոր ժողովուրդներին ու ազգերին, որպեսզի յուրաքանչյուր անհատ և հասարակության յուրաքանչյուր մարմին, մշտապես նկատի ունենալով այս ՀՌՉԱԿԱԻՐԸ, ձգտի ուսուցման ու կրթության միջոցով նպաստելու այս իրավունքների ու ազատությունների նկատմամբ հարգալից վերաբերմունքին և ազգային ու միջազգային առաջադիմական միջոցառումներով ապահովելու դրանց համընդհանուր արդյունավետ ճանաչումն ու պահպանումը, թե° անդամ պետությունների ժողովուրդների և թե° դրանց իրավասության տակ գտնվող տարածքների ժողովուրդների կողմից:

 Հոդված 1.

Բոլոր մարդիկ ծնվում են ազատ ու հավասարª իրենց արժանապատվությամբ և իրավունքներով: Նրանք օժտված են բանականությամբ ու խղճով, և պարտավոր են միմյանց նկատմամբ վարվել եղբայրության ոգով:

 Հոդված 2.

Յուրաքանչյուր ոք ունի սույն Հռչակագրում նշված բոլոր իրավունքներն ու ազատություններըª անկախ որև ռասայական. մաշկի գույնի, սեռի, լեզվի, կրոնի, քաղաքական և այլ համոզմունքների. ազգային կամ սոցիալական ծագման, ունեցվածքի, դասային պատկանելության կամ որևէ այլ կարգավիճակի տարբերակման:

Ավելին, որևէ տարբերակում չպետք է դրվիª ելնելով անհատի երկրի կամ տարածքի քաղաքական, իրավական կամ միջազգային կարգավիճակից, լինի դա անկախ, խնամարկյալ, ոչ ինքնավար կամ որևէ այլ սահմանափակումով պետական կազմավորում:

 Հոդված 3.

Յուրաքանչյուր ոք ունի կյանքի, ազատության և անձնական և անձեռնմխելիության իրավունք:

  Հոդված 4.

 Ոչ ոք չպետք է մնա ստրկության կամ անազատ վիճակում, ստրկությունը և ստրկավաճառությունըª իրենց բոլոր տարատեսակներովª արգելվում են:

 Հոդված 5.

Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգման կամ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի ու պատժի:

 Հոդված 6,

Ամեն ոք, ուր էլ որ լինի, իրավասուբյեկտ ճանաչվելու իրավունք ունի:

 Հոդված 7.

Օրենքի առաջ բոլոր մարդիկ հավասար են և, առանց որևէ խտրության, օրենքի հավասար պաշտպանության իրավունք ունեն: Բոլոր մարդիկ սույն Հռչակագրով հաստատված հավասարությունը խախտող որևէ խտրականությունից, սադրանքից պաշտպանվելու հավասար իրավունք ունի:

 Հոդված 8.

Յուրաքանչյուր ոք սահմանադրությամբ կամ օրենքով իրեն տրված հիմնական իրավունքները ոտնահարվելու դեպքում այդ իրավունքները իրավասու ազգային դատարանների միջոցով արդյունավետ կերպով վերականգնելու իրավունք ունի:

 Հոդված 9.

Ոչ ոք չի կարող ենթարկվել կամայական կալանքի, ձերբակալման կամ արտաքսման:

 Հոդված 10.

Յուրաքանչյուր ոք իր իրավունքներն ու պարտականությունները ճշտելու և իրեն ներկայացված քրեական մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար լիակատար հավասարության հիման վրա իրավունք ունի պահանջելու, որ իր գործը հրապարակայնորեն և արդարության բոլոր պահանջների պահպանմամբ քննվի անկախ և անկողմնակալ դատարանի կողմից:

 Հոդված 11.

1. Հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք իրավունք ունի անմեղ համարվել, քանի դեռ իր մեղքը օրինական կարգով չի հաստատվել հրապարակային դատական քննության միջոցով, որի ժամանակ նրան տրվում են պաշտպանության բոլոր հնարավորությունները:

2. Ոչ ոք չի կարող հանցագործության մեջ մեղադրվել որևէ արարք կատարելու կամ անգործության համար, որը կատարելու պահին ազգային օրենքներով կամ միջազգային իրավունքով հանցագործություն չի համարվել: Չի կարող նաև ծանր պատիժ տրվել, քան այն, որը կարող էր սահմանվել հանցանքը կատարելու ժամանակ:

 Հոդված 12.

Ոչ ոք չպետք է իր անձնական ու ընտանեկան կյանքի, տան կամ նամակագրության նկատմամբ կամայական միջամտության ենթարկվի, ոչ էլ որևէ ոտնձգությանª պատվի ու հեղինակության նկատմամբ: Յուրաքանչյուր ոք նման միջամտությունից կամ ոտնձգությունից օրենքով պաշտպանվելու իրավունք ունի:

 Հոդված 13.

1. Յուրաքանչյուր ոք ազատորեն տեղից տեղ փոխադրվելու և ցանկացած պետության սահմաններում բնակավայր ընտրելու իրավունք ունի:

2. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի լքելու ցանկացած երկիր, ներառյալ իր սեփականը, և վերադառնալու իր երկիրը:

 Հոդված 14.

1.         Յուրաքանչյուր ոք հետապնդումից այլ երկրներում ապաստան փնտրելու և այդ ապաստանից օգտվելու իրավունք ունի:

2.         Այդ իրավունքը չի կարող կիրառվել այնպիսի ոչ քաղաքական հանցագործությունների կամ արարքների համար հարուցված հետապնդումների դեպքում, որոնք հակասում են Միավորված ազգերի կազմակերպության նպատակներին ու սկզբունքներին:

 Հոդված 15.

1.         Յուրաքանչյուր ոք քաղաքացիության իրավունք ունի:

2.         Ոչ ոք չի կարող կամայականորեն զրկվել իր քաղաքացիությունից կամ իր քաղաքացիությունը փոխելու իրավունքից:

 Հոդված 16.

1.         Չափահաս տղամարդիկ և կանայք, առանց որևէ ցեղային, ազգային կամ կրոնական սահմանափակման, ամուսնանալու և ընտանիք կազմելու իրավունք ունեն: Նրանք հավասար իրավունքներ ունեն ամուսնանալիս, ամուսնության ընթացքում և ամուսնալուծության ժամանակ:

2.         Ամուսնությունը կարող է կայանալ միայն ամուսնացող կողմերի լիարժեք ու ազատ համաձայնության դեպքում:

3.         Ընտանիքը հասարակության բնական ու հիմնական բջիջն է եւ հասարակության ու պետության կողմից պաշտպանվելու իրավունք ունի:

 Հոդված 17.

1.         Յուրաքանչյուր ոք սեփականություն ունենալու իրավունք ունիª ինչպես միանձնյա, այնպես էլ ուրիշների հետ համատեղ:

2.         Ոչ ոք կամայականորեն չպետք է զրկվի իր սեփականությունից:

 Հոդված 18.

Յուրաքանչյուր ոք մտքի, խղճի ու դավանանքի ազատության իրավունք ունի, այդ իրավունքը ներառում է իր դավանանքը կամ համոզմունքները փոխելու ազատության եւ իր դավանանքը կամ համոզմունքները մենակ ուրիշների հետ մեկտեղ, հրապարակով կամ գաղտնի քարոզելու, եկեղեցական արարողությունների, պաշտամունքի եւ ծիսակատարությունների միջոցով արտահայտելու ազատություն:

 Հոդված 19.

Յուրաքանչյուր ոք համոզմունքների ազատության եւ դրանք անկաշկանդ արտահայտելու իրավունք ունի, այս իրավունքը ներառում է համոզմունքներին անարգել հավատարիմ մնալու,

տեղեկատվություն ու գաղափարներ որոնելու, ստանալու եւ լրատվության ցանկացած միջոցներեվ տարածելու ազատությունըª անկախ պետական սահմաններից:

 Հոդված 20.

1.         Յուրաքանչյուր ոք խաղաղ հավաքների ու միություններ կազմելու իրավունք ունի:

2.         Ոչ ոք չի կարող հարկադրաբար անդամակցել որեւէ միության:

 Հոդված 21.

1.         Յուրաքանչյուր ոք անմիջականորեն կամ ազատ ընտրված ներկայացուցիչների միջոցով իր երկրի կառավարմանը մասնակցելու իրավունք ունի:

2.         Յուրաքանչյուր ոք իր երկրում պետական ծառայության մտնելու հավասար հնարավորության իրավունք ունի:

3.         Ժողովրդի կամքը պետք է լինի կառավարության իշխանության հիմքը, այդ կամքն իր արտահայտությունը պիտի գտնի պարբերական եւ անեղծ ընտրություններում, որոնք պետք է անցկացվեն համընդհանուր եւ հավասար ընտրական իրավունքի պայմաններում, գաղտնի կամ քվեարկության ազատությունն ապահովող այլ հավասարարժեք ձեւերի միջոցով:

 Հոդված 22.

Յուրաքանչյուր ոքª որպես հասարակության անդամ, սոցիալական ապահովության իրավունք ունի եւ ազգային ջանքերի ու միջազգային համագործակցության միջոցով, յուրաքանչյուր պետության կառուցվածքին ու ռեսուրսներին համապատասխան, օգտվում է իր արժանապատվության եւ իր անձի ազատ զարգացման համար անհրաժեշտ տնտեսական, սոցիալական ու մշակութային իրավունքներից:

 

Հոդված 23.

1.         Յուրաքանչյուր ոք աշխատանքի, աշխատանքի ազատ ընտրության, արդարացի ու նպաստավոր աշխատանքային պայմանների եւ գործազրկությունից պաշտպանվելու իրավունք ունի:

2.         Յուրաքանչյուր ոքª առանց որեւէ խտրականության, հավասար աշխատանքի դիմաց հավասար վարձատրության իրավունք ունի:

3.         Յուրաքանչյուր աշխատող իր եւ իր ընտանիքի մարդավայել գոյությունը ապահովող արդար ու գոհացուցիչ վարձատրության իրավունք ունի, որն անրաժեշտության դեպքում պետք է լրացվի սոցիալական ապահովության այլ միջոցներով:

4.         Յուրաքանչյուր ոք արհեստակցական միություններ ստեղծելու եւ իր շահերը պաշտպանելու համար արհեստակցական միություններին անդամակցելու իրավունք ունի:

 

Հոդված 24.

Յուրաքանչյուր ոք հանգստի ու ժամանցի, այդ թվումª աշխատանքային ժամերի խելամիտ սահմանափակման եւ պարբերաբար վճարովի արձակուրդների իրավունք ունի:

 Հոդված 25,

1.         Յուրաքանչյուր ոք այնպիսի կենսամակարդակի իրավունք ունի, որը պատշաճ է իր եւ իր ընտանիքի առողջության ու բարեկեցության համար, ներառյալ սնունդը, հագուստը, բնակարանը, առողջապահությունը եւ անհրաժեշտ սոցիալական ծառայությունները, ինչպես նաեւ ունի ապահովության իրավունք գործազրկության, հիվանդության, հաշմանդամության, այրիանալու, ծերության կամ իր կամքից անկախ գոյության այլ միջոցների անհրաժեշտության դեպքում:

2.         Մայրությունն ու մանկությունը հատուկ հոգածության եւ օժանդակության իրավունք ունեն: Ամուսնությունից կամ արտամուսնական կապից ծնված բոլոր երեխաները պետք է բոլոր երեխաները պետք է օգտվեն միեւվնույն սոցիալական պաշտպանությունից:

 

Հոդված 26.

1.         Յուրաքանչյուր ոք կրթության իրավունք ունի: Կրթությունը, առնվազն տարրական եւ հանրակրթական փուլերում, պետք է անվճար լինի: Տարրական կրթությունը պետք է պարտադիր լինի: Տեխնիկական եւ մասնագիտական կրթությունը պետք է հանրամատչելի լինի, իսկ բարձրագույն կրթությունը, ընդունակություններին համապատասխան հավասարապես մատչելիª բոլորի համար:

2.         Կրթությունը պետք է նպատակաուղղված լինի անձի լիարժեք զարգացմանը եւ մարդու իրավունքների ու հիմնական ազատությունների նկատմամբ հարգանքի ամրապնդմանը: Այն պետք է նպաստի բոլոր ազգերի, ռասայական եւ կրոնական խմբերի միջեւ փոխըմբռնմանը, հանդուրժողականությանն ու բարեկամությանը, էլª ավելի նպաստի Միավորված ազգերի կազմակերպության խաղաղապահպան գործունեությանը:

3.         Ծնողներն իրենց երեխաների համար կրթության տեսակն ընտրելու առաջնային իրավունք ունեն:

 

Հոդված 27.

1.         Յուրաքանչյուր ոք հասարակության մշակութային կյանքին ազատորեն մասնակցելու, արվեստներից բավականություն ստանալու, գիտական առաջընթացին մասնակցելու եւ դրա բարիքներից օգտվելու իրավունք ունի:

2.         Յուրաքանչյուր ոք իր հեղինակած գիտական, գրական կամ գեղարվեստական աշխատանքի բարոյական եւ նյութական շահերի պաշտպանության իրավունք ունի:

 Հոդված 28.

Յուրաքանչյուր ոք սոցիալական ու միջազգային այնպիսի կարգուկանոնի իրավունք ունի, որի առկայությամբ սույն Հռչակագրում շարադրված իրավունքներն ու ազատությունները լիովին իրագործելի են:

 

Հոդված 29.

1.         Յուրաքանչյուր ոք համայնքի առաջ պարտականություններ ունի, որտեղ եւ հնարավոր է նրա անհատականության ազատ ու լիարժեք զարգացումը:

2.         Իր իրավունքներն ու ազատություններն իրականացնելիս յուրաքանչյուր ոք պետք է ենթակա լինի միմիայն այնպիսի սահմանափակումների, որոնք օրենքով սահմանված են բացառապես ուրիշների իրավունքների եւ ազատությունների պատշաճ ճանաչումն ու հարգանքն ապահովելու եւ ժողովրդավարական հասարակարգում բարոյականության արդարացի պահանջները, հասարակական կարգը եւ ըդհանուր բարեկեցությունը բարելավելու նպատակով:

3.         Այդ իրավունքների ու ազատությունների իրականացումը ոչ մի դեպքում չպետք է հակասի Միավորված ազգերի կազմակերպության նպատակներին ու սկզբունքներին:

 Հոդված 30.

Սույն Հռչակագրում ոչինչ չի կարող մեկնաբանվել որպես որեւէ պետության, մարդկանց խմբի կամ առանձին անհատների ընձեռված իրավունքª զբաղվելու այնպիսի գործունեությամբ կամ կատարելու այնպիսի արարք, որոնք նպատակաուղղված լինեն սույն Հռչակագրում շարադրված իրավունքներն ու ազատություններն ի չիք դարձնելուն:

Այս խորագրի վերջին նյութերը