Լրահոս

26.05.2009 16:11


Անահիտ Բախշյանը Սերժ Սարգսյանից ակնկալում է Փաստահավաք խմբի բնականոն գործունեության վերականգնում

«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Անահիտ Բախշյանը նամակով դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ նրա ուշադրությունը հրավիրելով այն հանգամանքին, որ ս.թ. մայիսի 4-ից Փաստահավաք խմբի աշխատանքներն, ըստ էության, սառեցված են: Բանն այն է, որ խմբի ղեկավար Վահե Ստեփանյանը մեկնել է արձակուրդի, ինչը ՀՀ նախագահի 2008թ. հոկտեմբերի 23-ի Կարգադրությամբ նախատեսված չէ, իսկ ամբողջ փաստաթղթային բազան պահվում է նրա տնօրինությանը հանձնված չհրկիզվող պահարանում' փակի տակ: Մայիսի 25-ին վերադառնալով արձակուրդից, Ստեփանյանն անսպասելիորեն հայտարարել է իր հրաժարականի մասին:

«Իր յոթամսյա գործունեության ընթացքում ենթարկվելով տարբեր ճնշումների և հաղթահարելով բազմաթիվ խոչընդոտներ՝ Փաստահավաք խումբը, այդուհանդերձ, ՀՀ նախագահի 2008թ. հոկտեմբերի 23-ի Կարգադրության համապատասխան դրույթների ոգով մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին է ներկայացրել էական փաստեր, որոնք նաև բխում են ԵԽԽՎ 1643 բանաձևի պահանջներից: Ակնկալում ենք Ձեր կարգադրությամբ ձևավորված Փաստահավաք խմբի բնականոն գործունեության վերականգնում»,- ասված է նամակում:

Այս խորագրի վերջին նյութերը