Լրահոս

26.05.2009 18:11


Շիրակի մարզում կարտոֆիլն օգտագործվում է որպես անասնակեր

Շիրակի մարզում կարտոֆիլն օգտագործվում է որպես անասնակեր

Շիրակի մարզպետարանում այսօր ասուլիս էին հրավիրել մարզի  համեմատաբար խոշոր 4 համայնքների գյուղապետները: Ազատանի, Ախուրյանի, Առափի և Կամոյի գյուղապետները ներկայացրել են գյուղատնտեսական տարվա բացման հետ կապված առկա խնդիրները: Գյուղապետների խոսքերով՝ հիմնախնդիր են համարվում նախորդ տարվանից մնացած կարտոֆիլի բերքի իրացումը և նորի ցանքսի կազմակերպումը:

«Այսպիսի բան չէր եղել. մարդիկ 20 դրամով, նաև դրանից պակաս գնով կարտոֆիլը որպես անասնակեր վաճառում են: Շատերը նույնիսկ տոննաներով փչացած կարտոֆիլ են թափել: Կարտոֆիլի բերքի իրացման հարցում անհարժեշտ է պետական աջակցություն։ Նախորդ տարի այդ աջակցությունը չկար, ու փաստի առջև կանգնեցինք: Եթե այս տարի ևս պետությունը չաջակցի, լուրջ խնդիրներ կառաջանան: Նախորդ տարիներին հիմնականում Վրաստան էինք արտահանում։ Հիմա ինչ-ինչ խնդիրների պատճառով զրկվել ենք նման հնարավորությունից, իսկ տեղական շուկան առաջարկը չի բավարարում»,- նշել է Ախուրյանի համայնքապետ Արծրունի Իգիթյանը:

Ազատան համայնքում վիճակն ավելի տխուր է, քանի որ այնտեղ հիմնականում զբաղված են կարտոֆիլագործությամբ:

«Անցած տարի միայն Ազատանում 1500 հեկտար կարտոֆիլ ենք ցանել՝ չհաշված ազատանցիների կողմից հարևան համայնքներում վարձակալած տարածքները: Ներկա պահին Ազատանում ապրանքային տեսքով 200 տոննա կարտոֆիլ կա: Ֆերմերներ կան, որոնց պահեստներում 500-700 տոննա սերմանցու կարտոֆիլ կա, չգիտեն՝ ինչ անեն: Մարդիկ չեն ուզում այս տարի կարտոֆիլ ցանել։ Մոտ 500 հեկտարով կրճատվել են կարտոֆիլի ցանքատարածությունները»,- ասել է Ազատանի գյուղապետ Վարդան Իկիլիկյանը:

Գյուղապետների խոսքերով՝ իրենք բացատրական աշխատանքներ են տանում գյուղացիների հետ, որ շարունակեն կարտոֆիլ ցանել կամ էլ այս տարի զբաղվեն այլ մշակաբույսերով: Սակայն բերքի իրացման հարցում համայնքներն ակնկալում են պետության աջակացությունը:

 Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը