Մեկնաբանություն

24.05.2012 15:03


Շտապես` մարդկանց կծիծաղեցնես

Շտապես` մարդկանց կծիծաղեցնես

Իշխանությունները եւ նրանց վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցները վաղուց եւ երկար էին նախապատրաստվել մայիսի 23-ի ուշ երեկոյան կայացած Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպմանը: Լավատեղյակ աղբյուրներն ասում են, որ արդեն նախապես գրվել էին հոդվածներ, որոնք գովերգում էին իշխանություններին, արձանագրում Սերժ Սարգսյանի փառահեղ հաղթանակը եւ վարկաբեկում Գագիկ Ծառուկյանին:

Եթե լավատեղյակ աղբյուրներն էլ չլինեին, ապա լրատվամիջոցներից մի քանիսի անփութությունն էլ կհուշեր, որ հոդվածները վաղուց գրված էին, եւ իշխանությունների մտքով անգամ չէր անցնում, որ իրենց առաջարկները կմերժվեն Գագիկ Ծառուկյանի կողմից:

Եւ այսպես, Ծառուկյան–Սարգսյան հանդիպումը սկսվել է ժամը 22-ին, բայց վերահսկվող կայքերից մեկն արդեն 21.30-ի սահմաններում լուր էր տեղադրել, թե այդ հանդիպումն արդեն կայացել է, եւ որ Գագիկ Ծառուկյանը ստորագրել է «ղազագիրը»: Բնականաբար, այդ կայքին հանձնարարվել էր լուրը դնել 23.30-ի կողմերը, բայց կանացի շտապողականությունն իր չար խաղը խաղաց` անհարմար վիճակի մեջ դնելով մի ամբողջ իշխանական համակարգի: Տասնհինգ րոպե անց այս լուրը հանվեց, բայց արդեն ուշ էր: Ամեն ինչ արդեն պարզ էր:

Ծուռ հայելու ֆունկցիա կատարող այդ կայքի վիճակում հայտնվեցին նաեւ այն լրատվամիջոցները, որոնց համար իսկական անակնկալ էր Գագիկ Ծառուկյանի որոշումը:

Ավելին, անգամ երբ հայտնի էր Գագիկ Ծառուկյանի որոշման մասին, այդ կայքերը գրում էին, թե հակասական տեղեկություններ են ստացվում կոալիցիա լինել–չլինելու մասին, եւ հրապարակում էին նախապես գրված հոդվածները փոքր–ինչ ձեւափոխումներով, մինչեւ հասկացան, որ ճշմարտությունն արդեն հայտնի է բոլորին:

Իսկապես, անհարմար բան ստացվեց:  

ՀՀԿ–ականներին ու նրանց կից գործող մարդկանց այժմ այլ բան չի մնում, քան որպես «հայտնի» սրտի մխիթարանք գրել՝ «Իսկ ո՞վ էր ասում, որ ԲՀԿ–ն հրավիրվել է կոալիցիա» կամ «ԲՀԿ–ի կոալիցիա չմտնելը խաղ է»։ Նմաններին ասենք, որ հենց Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ–ի մամլո խոսնակն էին ասել, թե ԲՀԿ–ի հետ կոալիցիա կազմելու հարց կա օրակարգում։ Իսկ «ընդդիմադիր» դաշտի այն սազանդարները, որոնք գեղամյանաբարո ձևով պաշտպանում էին Սերժ Սարգսյանի շահերը, կարող են փոխհատուցում պահանջել պատվիրատուից, քանզի վերջնականապես «փչացան» և խուրդվեցին ԲՀԿ–ի մասով իրենց «կանխատեսումներում» և «վերլուծականներում»։

Արման Սահակյան

Հ.Գ.։ Ծառուկյանի հայտարարությունից հետո մի շարք իշխանամետ և «անկախ» լրատվամիջոցներ պետք է փակվեն, եթե, իհարկե, առաջնորդվում են բարոյական չափանիշներով և իրենց հիմնական առաքելությունը չեն համարում ընթերցողներին ապատեղեկատվություն մատուցելն ու մանիպուլյացիան։

Այս խորագրի վերջին նյութերը