Մեկնաբանություն

25.05.2012 14:54


Իշխանամետ լրատվամիջոցների և վերլուծաբանների «սև հինգշաբթին»

Իշխանամետ լրատվամիջոցների և վերլուծաբանների «սև հինգշաբթին»

Գագիկ Ծառուկյանի հայտնի հայտարարությունից հետո բավական ծանր դրության մեջ հայտնվեցին տասնյակ իշխանամետ կայքերն ու թերթերը, ինչպես նաև վարչապետին կից գործող «աստծվածավախները», որոնք օրեր շարունակ, հղում անելով իրենց «հավաստի աղբյուրներին», գրում ու գրում էին, թե ԲՀԿ–ն ՀՀԿ–ի հետ անպայման կոալիցիա է կազմելու կամ արդեն իսկ կազմել է, պարզապես դեռ չի հայտարարվում, քանի որ նախարարական աթոռների ու մարզպետների քանակի սակարկություն է գնում։

Բաղրամյան 26–ի վերահսկողության տակ գտնվող ԶԼՄ կոչվածները շտապում էին նոր կոալիցիա կազմելը ներկայացնել որպես Սերժ Սարգսյանի հաղթանակ և խիստ «ընդդիմադիր» դիրքերից «վերլուծություններ» էին ներկայացնում ընթերցողներին։

ԲՀԿ առաջնորդի հինգշաբթի օրն արած հայտարարությունը պայթեցրեց բոլոր այն լրատվամիջոցները, որոնք պատվիրատուի շռայլությունից ոգևորված՝ ապատեղեկատվություն էին տարածում նոր կոալիցիայի թեմաներով։ Եկեք ուրեմն արձանագրենք, որ վարձկանների համար «սև հինգշաբթիի» վերածվեց Ծառուկյանի մայիսի 24–ի հայտարարությունը։

Իշխանամետ լրատվամիջոցները երեկ պայթեցին այնպես, ինչպես ՀՀԿ–ի նախընտրական վերջին հանրահավաքի ժամանակ պայթեցին էժանագին գազով լցված փուչիկները, որոնք փորձանքի պատճառ դարձան համերգ–հավաքի կազմակերպիչների ու ներկաների համար՝ շոկի մեջ գցելով բոլորիս։

Ինքն իրեն և ընթերցողին հարգող լրագրողը կամ վերլուծաբան ներկայացողը, ով օրեր շարունակ խոսել է ԲՀԿ–ի կոալիցիա մտնելու մասին որպես կայացած փաստ և էժանագին նյութեր գրել այդ թեմայով, պետք է փոխի մասնագիտությունը և զբաղվի, ասենք, քիսաջիությամբ կամ, ինչպես «Առավոտի» գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն արեց, ընդունի որ սխալվել է այդ հարցում ու նոր միայն շարունակի մնալ լրատվական դաշտում։

Այս օրերին մի բան էլ վերջնականապես բացահայտվեց բոլոր անտեղյակների համար։ Կարծում եմ, որ արդեն կասկած չկա, թե որ լրատվամիջոցներն ու մարդիկ են ծվարած նախագահականի պատերի տակ։

Ծիծաղելին այն էր, որ ԲՀԿ–ն հայտարարել էր՝ կոալիցիայի մեջ չի մտնելու, բայց որոշ «անկախ» լրատվամիջոցներ դեռ շարունակում էին համոզմունք հայտնել, թե ԲՀԿ–ն ընդամենը մարզպետի ու նախարարի պորտֆելի սակարկություն է անում և անպայման կմտնի կոալիցիա։ Այդ «անկախներն» այդպիսով կա՛մ իրենց էին, կներեք արտահայտությանս, էշի տեղ դնում, կա՛մ ընթերցողներին։ Իսկ ավելի հավանականն այն է, որ և՛ այդ լրատվամիջոցներին, և՛ ընթերցողներին էշի տեղ էր դրել հակաԲՀԿ–ական հոդվածների պատվիրատուն, բայց վերջում ինքը հայտնվեց շատ անհարմար վիճակում՝ հընթացս «քաշելով» նաև իր քարոզչական գործիքներին։

Ավելորդ չէ նշել, որ հինգշաբթին «սև» ստացվեց նաև իշխանության համար ԲՀԿ–ի դեմ «դհոլություն» անող նորաթուխ գեղամյանների՝ մինչև մայիսի 6–ի ընտրությունները մեծածախ առքուվաճառքի միջոցով թրաֆիքինգի ենթարկված «Ժառանգության» որոշ ներկայացուցիչների համար։ Սրանք, իրենց փորձից և փչացածությունից ելնելով, համոզված էին, թե ՀՀԿ–ի հետ ցանկացած հարաբերություն, բանակցություն կամ քննարկում պետք է ավարտվի անկողնում, բայց ԲՀԿ–ի քայլի հետևանքով իրենք հայտնվեցին աղբարկղում։

Զավեշտն այն է, որ ԲՀԿ–ից ստացած ապտակից հետո, դասեր քաղելու և գլուխը մի տեղ թաքցնելու փոխարեն, իշխանամետ լրատվամիջոցները և հաստիքային «դհոլները» հիմա էլ գրում ու հայտարարում են, թե իրենք գիտեին, որ ԲՀԿ–ն կոալիցիա չի մտնելու, և որ դա Սերժ Սարգսյանի հետ համեձայնեցված է ու նպատակ ունի վերահսկել ընդդիմադիր դաշտը։ «Խոխման» այն է, որ նույն անվան տակ կամ մի քանի լրատվամիջոցներում տարբեր անունների տակ գրվող նույն մարդը երեկ հայտարարում էր, թե Սերժ Սարգսյանին հաջողվել է ԲՀԿ–ին բերել կոալիցիա, իսկ այսօր գրում է, թե Սերժ Սարգսյանի հաղթանակն է ԲՀԿ–ի կոալիցիա չմտնելը։

Փաստորեն, սրանք այնքան չեն հարգում իրենց ընթերցողներին, որ ժամը մեկ իրարամերժ տեսակետներ են ներկայացնում։ Իշխանություններն էլ իրենց հերթին չեն հարգում սեփական հաճախորդներին ու նախապես պլանավորած ասուլիսի ուղարկելուց առաջ դրանց չեն զգուշացնում, որ ԲՀԿ–ի հետ կոալիցիան չի ստացվել և անհեթեթ վիճակում չհայտնվելու համար պետք է մի փոքր վերանայել առաջադրանքը։ Գոնե զգուշացնեին տնաշենները, թե չէ սրանք «սարեր շարժելուց» ազատ ժամանակ խոսում են ԲՀԿ–ի դեմ ու կասկած չեն հայտնում, որ կոալիցիա անպայման կլինի՝ անտեղյակ լինելով, որ մինչև իրենց կասկած չհայտնելը ԲՀԿ–ն արդեն հայտարարություն էր տարածել, որ նպատակահարմար չի համարում նոր կոալիցիայի մեջ մտնելը։

Հոդվածին կից ներկայացված տեսանյութում պարզ երևում է, թե ինչպես է «մեծն վերլուծաբանի» լեզուն փաթ ընկնում և դեմքն անբնական տեսք ստանում, երբ լրագրողները հուշում են, որ ԲՀԿ–ի՝ նոր կոալիցիայի մաս կազմելու անխուսափելիության մասին խոսելուց առաջ լավ կլիներ, որպեսզի Ստյոպիկը ծանոթանար Ծառուկյանի հայտարարությանը։ Ի պատիվ անմանդատ ժառանգականի պետք է ասել, որ նա ընդամենը մի քանի վայրկյան է խառնվում իրար ու մի կերպ թուքը կուլ տալիս, որից հետո հավաքվում է ու արդեն վերլուծություններ ներկայացնում կոալիցիա չմտած ԲՀԿ–ի մասով։ Ինչևէ։

Դաժան, շատ դաժան մարդիկ են վճարովի գրչակների ու դհոլ–քաղաքագետների պատվիրատուները, այլապես օրվա մեջ իրար հակասող բաներ չէին պահանջի հաճախորդներից ու այդպես չէին «փչացնի» նրանց։ Չնայած մյուս կողմից էլ՝ վարձկաններին ու սազանդարներին հասնում է։ Կոպիտ դար է, կոպիտ բարքեր։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ ԲՀԿ–ի հայտարարությունից հետո հանրապետականների վիճակն այնքան վատ է, որ մնացել են ՕԵԿ–ի և ՀՀԿ–ի գաղափարական առաջամարտիկ Սամվել Ալեքսանյանի քարոզչության պատասխանատու Սուրեն Սուրենյանցի քաղաքագիտական գնահատականների հույսին։ Եվ այս ուժը հավաքել է 44 տոկո՞ս։ Ով այդ բլեֆին հավատում է, թող «չերեզ» մյուս կարկառուն ՀՀԿ–ական Ռուբեն Հայրապետյանի մտնի Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցություն։

Այս խորագրի վերջին նյութերը