Մեկնաբանություն

25.05.2012 16:42


Դադար վերցնելու արվեստը

Դադար վերցնելու արվեստը

Մայիսի 24-ին իշխանությունների վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցների, այդ թվում եւ հեռուստաալիքների ուշադրության կենտրոնում էր հայտնվել ՀԱԿ ներկայացուցիչ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Ո՛չ, նա չէր գովերգել իշխանություններին կամ ՀԱԿ-ից դուրս գալու հայտարարություն չէր արել, պարզապես լրատվամիջոցներից մեկի խնդրանքով մեկնաբանել էր ԲՀԿ-ի որոշումը` մաս չկազմել կոալիցիային:

«ԲՀԿն չի ստացել այն, ինչ ուզում է, եւ չի միանում»,- ասել է ՀՀ նախկին վարչապետը, որը Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակով պատգամավոր է ընտրվել: «Պարտադիր չէ, որ դա պաշտոն լինի, կամ ինչ որ ա է։ Բայց, կրկնում եմ, չի ստացել այն, ինչ ուզում է»,- ըստ լրատվամիջոցների՝ ասել է Հրանտ Բագրատյանը:

Անվիճելի է, որ նա   լուրջ տնտեսագետ է, անվիճելի է, որ նա փայլուն հոդվածներ է գրում եւ հիմնավոր ելույթներով քննադատում Կառավարության վարած տնտեսական քաղաքականությունը, բայց երբ մարդը ոտք է դնում մեծ քաղաքականություն, պետք է ծանր ու թեթեւ անի հրապարակայնորեն ասված յուրաքանչյուր բառ: Վստահաբար, եթե այդպես լիներ 95-ին , 96-ին, ապա հիմա Հայաստանում բոլորովին այլ վիճակ կլիներ, բայց անցյալը հետ չես բերի: Հիմա էլ դեռ ուշ չէ, հիմա էլ կարելի է լուրջ հետեւություններ անել եւ դասեր քաղել:

Երբ Հրանտ Բագրատյանը երեկ համոզվեց, որ դարձել է հեռուստաալիքների լուրերի թողարկման սիրելին, պետք է որ հասկանար, որ կոպիտ վրիպում է թույլ տվել: Եթե հասկացել է, ապա պետք է անմիջապես բացեր փակագծերը եւ ասեր այն, ինչ իսկապես ցանկացել է ասել:

Հիմա մեկ կենտրոնից  կառավարվող լրատվամիջոցները Բագրատյանի խոսքերը մեջբերում են գրեթե ամեն առիթով` հույս ունենալով, որ այդ կերպ կկարողանան վատթարացնել ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի՝ միասնական շտաբում ձևավորված փոխհարաբերությունները:

Քաղաքականությանը եւ լրատվական դաշտին մոտ կանգնածների համար հասկանալի է, թե ինչ է ցանկացել ասել Հրանտ Բագրատյանը, բայց շարքային քաղաքացիների համար ամեն ինչ այդքան հասկանալի չէ:

Պարզ է, որ ՀՀ նախկին վարչապետը չէր կարող քաջատեղյակ չլինել, որ, իրոք, ԲՀԿ-ն կոալիցիային մաս կազմելու համար պայման է դրել, որպեսզի երկրում արմատական բարեփոխումներ իրականացվեն ու արմատապես փոխվի կառավարությունը  եւ նրա ծրագիրը: Բագրատյանին պետք է որ հայտնի լիներ, որ, ըստ հավաստի աղբյուրների,  ԲՀԿ-ն  բանակցություններում պնդել է, որ ՀԱԿ-ի ունեցած իրական ազդեցությունը հաշվի առնելով՝ այս քաղաքական ուժին եւս հրավիրել  Կառավարություն, ընդ որում, ոչ թե կոալիցիոն, այլ հակաճգնաժամային: Չի բացառվում, որ Հրանտ Բագրատյանը երբ ասել է, թե պարտադիր չէ, որ ԲՀԿ-ն պաշտոն պահանջած լինի, նկատի է ունեցել հենց դա:

Համաձայնե՛ք, որ Բագրատյանի կշիռն ունեցող գործիչը չպետք է իրեն թույլ տա առանց շունչ քաշելու հեռախոսով պատասխանել այս կամ այն լրագրողի տված հարցին: Ով ով, բայց նա պետք է որ քաջ իմանար, որ հայաստանյան ժամանակակից լրատվամիջոցների մեծ մասը վարպետացած է խոսքը կոնտեքստից կտրելու եւ ինչ-ինչ նպատակների ծառայեցնելու գործում, իսկ եթե նախկին վարչապետը տեղյակ չէ լրատվական դաշտում տիրող իրավիճակից, ապա դա արդեն այլ խոսակցության թեմա է:

Երբ մտնում ես քաղաքականություն, այն էլ Հայաստանի նման երկրում, պետք է ուշադրություն դարձնես ցանկացած բառին, քայլին եւ հայացքին: Ավելին, պետք է կարողանաս ճիշտ ժամանակին դադար վերցնել եւ նոր ասել այն, ինչ ցանկանում ես կամ չես ցանկանում: 

Բագրատյանը մեր այս ասածը թող ընդունի որպես բարի խորհուրդ։ «Նիչևո լիչնևո»։

Արման Սահակյան     

Այս խորագրի վերջին նյութերը