Լրահոս

26.05.2012 09:05


Թեղուտի ֆորումը հետաձգվում է

Թեղուտի ֆորումը հետաձգվում է

Ինչպես նախապես հայտարարված էր «Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը» մայիսի 26-ին` այս շաբաթ օրը, նախատեսում էր Հայաստանի ամերիկյան համալսարանում կազմակերպել «Թեղուտ. հա՞նք, թե՞ կյանք» խորագրով ուսանողական ֆորում, որի նպատակն էր հանրությանը ներկայացնել Թեղուտի հանքարդյունաբերական աղետաբեր ծրագիրը: 

Նախաձեռնությունը համալսարանի ուսանողական խորհրդի միջոցով նախապես պայմանավորվածություն էր ձեռք բերել «Մանուգյան» դահլիճում  նշված միջոցառումն անվճար իրականացնելու համար: 

 Ղեկավարությունը, միջոցառումից երկու օր առաջ տեղեկանալով Թեղուտի ֆորումի մասին, ուսանողական խորհրդին առաջարկում է արգելել լրատվամիջոցների ներկայությունը տվյալ միջոցառմանը: Սակայն, քանի որ միջոցառումը հանրային էր, նախաձեռնությունը որևէ կերպ չէր կարող սահամանափակել լրատվամիջոցների մասնակցությունը: 
Միջոցառումից մեկ օր առաջ, արդեն շրջանցելով ուսանողական խորհուրդը, համալսարանի ղեկավարությունը նախաձեռնությանն առաջարկել է վարձակալության պայմանագիր կնքել: 

Քիչ անց՝ աշխատանքային օրվա ավարտից առաջ, համալսարանի ղեկավարությունը տեղեկացրել է, որ առհասարակ հրաժարվում է տրամադրել «Մանուգյան» դահլիճը Թեղուտի ֆորումի համար, քանի որ խախտվել է դահլիճի վարձակալություն ստանալու համար դիմումի ընթացակարգը, բացի այդ, Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքականության համաձայն՝ արգելվում է համալսարանում քաղաքական ենթատեքստ ունեցող հարցերի քննարկումը: 
 Փոխարենը, համալսարանի ղեկավարությունն առաջարկել է ապագայում վարձակալությամբ տրամադրել տարածք Հայաստանի ամերիկյան համալսարանի Բիզնես կենտրոնում: 

Առաջացող հարցադրումներ` 
• Արդյոք ձևական բնույթ չե՞ն կրում քաղաքացիական հասարակություն կայացնելու մասին մի շարք հաստատությունների և կառույցների հայտարարությունները

• Ո՞րն է այն տեղը, որտեղ ենթադրվում է, որ կարող է կայանալ այդ քաղաքացիական հասարակությունը 
• Ինչպե՞ս կարելի է հստակ սահմանազատել քաղաքացիականը և քաղաքականը՝ կամայական շահարկումներից խուսափելու համար
• Արդյոք Հայաստանում ուսանղությունն ունի՞ ազատություններ, ո՞ւմ համար են ԲՈՒՀ-երը

 Հ.Գ. Թեղուտի ֆորումը հետաձգվում է: Մանրամասների համար կտեղեկացնենք: 
«Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնություն»

Այս խորագրի վերջին նյութերը