Լրահոս

28.05.2012 10:40


Վարդան Օսկանյան. «Պետք է կարողանանք միասնական կամք ցուցաբերել տնտեսապես հզոր և քաղաքականապես կայուն երկիր կառուցելու հարցում»

Վարդան Օսկանյան. «Պետք է կարողանանք միասնական կամք ցուցաբերել տնտեսապես հզոր և քաղաքականապես կայուն երկիր կառուցելու հարցում»

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը շնորհավորել է Հանրապետության տոնի կապակցությամբ.

«Շնորհավորում եմ Հանրապետության տոնի կապակցությամբ:

Սա և՛ Սարդարապատի ճակատամարտում մեր հաղթանակի, և՛ դրան հետևած Հայաստանի Առաջին Հանրապետության ծնունդի տոնն է: Թեև Առաջին Հանրապետությունն ընդամենը երկու տարվա կյանք ունեցավ, բայց այդ երկու տարիները մեր պատմության անկյունաքարային պահերից մեկն էին: Իրոք, դժվար է ասել՝ ինչպիսի Հայաստան կունենայինք այսօր, եթե այդ երկու տարիները լինեին այլ, քան եղել են: Համենայն դեպս, այսօր ունենք այն, ինչ ունենք:

1918թ. մայիսի 28-ի անկախության հռչակագրում գրված է. «Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծումով և Վրաստանի և Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր դրության հանդեպ Հայոց Ազգային Խորհուրդը իրեն հայտարարած է հայկական գավառների գերագույն և միակ իշխանությունը: Որոշ ծանրակշիռ պատճառներով թողնելով մոտիկ օրերում կազմել Հայոց ազգային կառավարություն՝ Ազգային Խորհուրդը ժամանակավորապես ստանձնում է կառավարական բոլոր ֆունկցիաները՝ հայկական գավառների քաղաքական ու վարչական ղեկը վարելու համար»:

Ալեքսանդր Խատիսյանն իր հուշերում գրում է, որ այս հայտարարության խմբագրությունը հանձնված է եղել Ահարոնյանին, Նիկոլ Աղբալյանին, Հովհաննես Քաջազնունուն և իրեն:

Եթե նկատում եք, հռչակագրում չկան ո՛չ «անկախություն», ո՛չ «Հայաստանի Հանրապետություն» և ո՛չ էլ «Հայաստան» բառերը: Հետագայում Ռուբեն Տեր-Մինասյանն իր հուշերում հետևյալ կերպ է բացատրում դա. «Հայաբնակ գավառների և ոչ Հայաստանի գերագույն իշխանություն հայտարարելը ուներ իր իմաստը: Նախ` դրանով կակնարկվեր այն բոլոր հայաբնակ գավառներին, որ ընկած էին Ադրբեջանի և Վրաստանի մեջ, քանի որ հյուսիսից չկար դեռևս որոշ սահման: Երկրորդ՝ նա [հռչակագիրը] չէր ուզեր Հայաստան անունը գործածելով՝ ընդառաջել Թուրքիո այն ձգտումին, որ Հայկական հարցի կենտրոնը Տաճկած Հայաստանից փոխադրվի Անդրկովկասյան Հայաստանի մեջ»: Ռուբեն Տեր-Մինասյանն այս ձևակերպումը վերագրում է Ստեփան Մամիկոնյանին՝ գրելով․ «Հայ ամենամեծ հայրենասեր Ստեփան Մամիկոնյանի այդ վարպետ բանաձևումով միայն կարող էր պաշտպանվել հայկական դատը ինչպես Տաճկած Հայաստանում, նույնպես և Կովկասյան Հայաստանում»:

Ինչ վերաբերում է Սարդարապատի ճակատամարտին, ապա այն, թերևս, մեր ժողովրդի՝ պատմության դժվարագույն պահին միասնական կամք դրսևորելու լավագույն արտահայտություններից մեկն էր: Սարդարապատի խորհուրդն այսօր պետք է վերաբերի նաև մեր ներքին մարտահրավերներին: Մեր պատմության այս կարևոր պահին մենք պետք է կարողանանք միասնական կամք ցուցաբերել առավել արդար, առավել առողջ, առավել հավասար և տնտեսապես հզոր և քաղաքականապես կայուն երկիր կառուցելու հարցում:

Այս խորագրի վերջին նյութերը