Լրահոս

28.05.2012 11:21


Ադրբեջանի «Սթրեսաթափման» օրը

Ադրբեջանի «Սթրեսաթափման» օրը

«Եվրատեսիլը» վերջապես և բարեբախտաբար վերջացավ, և Ադրբեջանն արդեն կարող է մի փոքր շունչ քաշել: Մեր խեղճ հարևանների համար այն դարձավ իսկական անեծք, քանի որ եվրոպական այդ մրցույթը հոնքը սարքելու փոխարեն եկավ պաշտոնական Բաքվի աչքը հանեց և ուղղակի հեռացավ…

Բանն այն է, որ Ադրբեջանի իշխանությունները մեծ ջանքեր էին  գործադրել, որպեսզի աշխարհին` հանձին Եվրոպայի, ցույց տային իրենց վերջին տարիների գրանցած «հաջողությունները», իսկ եվրոպացիները, իսկ ավելի կոնկրետ` աշխարհի տարբեր երկրներից ժամանած լրագրողները, եկան ու գրանցեցին և այն էլ ինչպես գրանցեցին մեր արևելյան հարևանի  պատկերն իր ամբողջ գունապնակով: Ամբողջ աշխարհի հեղինակավոր պարբերականները (BBC, Euronews, The Independent, The Wall Street Journal և այլն) հոդվածներ գրեցին և նույնիսկ ծավալուն տեսանյութեր կազմեցին Ադրբեջանի` թե՛ ժողովրդավարության, թե՛ այդ գաղափարախոսության առանձին ճյուղերում գրանցած «փառահեղ» հաջողությունների մասին. Սեփականության իրավունքի խախտման բազմաթիվ դեպքեր` կապված «Եվրատեսիլի» համերգային համալիրի կառուցման հետ, խաղաղ ցուցարարների հանդեպ կիրառվող բռնություն և ահաբեկում, քաղբանտարկյալների թվի շարունակական աճ, կոռումպացված տնտեսական և քաղաքական համակարգ, ավտորիտար քաղաքական ռեժիմ, որը հանգիստ կարելի է անվանել տոտալիտար (միանձնյա) և այլն: Կարճ ասած` լրագրողները քարը քարի վրա չթողեցին և ջրի երես հանեցին այն, ինչ տարիների շարունակ փորձում էր ջանասիրաբար կոծկել «Նորին Գերազանցություն Մեծն Ալիևը»:

Մայիսի 27-ը Ադրբեջանցիները հանգիստ կարող են հռչակել հանգստյան և «ստրեսաթափման» օր: Այդ օրը Ադրբեջանը վերջապես ձեռբազատվեց այն բարոյական լծից, որը պատճառել էր իր համար այդքան անսովոր քաղաքակիրթ աշխարհը: Դե ինչ, սա թող հերթական դասը լինի մեր հարևանների համար, որ ի վերջո սկսեն ժամանակ առ ժամանակ իրականություն վերադառնալ և հասկանալ, որ նման Ադրբեջան աշխարհը հանդուրժել չի պատրաստվում և առավել ևս չի պատրաստվում մի բան էլ խրախուսել նրա ընդլայնմանը:

Հ.Գ. «Чёрный PR — тоже PR»

Էրիկ Երիցյան

Այս խորագրի վերջին նյութերը