Լրահոս

28.05.2012 13:53


Հայտարարվեց Օձունի վանքի վերականգնման մրցույթի հաղթողը

Հայտարարվեց Օձունի վանքի  վերականգնման մրցույթի հաղթողը

Օձունի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու վերականգնումը կիրականացնի «ԼևԳուգ» ՓԲԸ-ն: Մրցույթի հաղթողը պարտավորվում է ավարտել V-VII դարերի հայ ճարտարապետության մարգարտի նորոգումն ու վերականգնումը երեք տարվա ընթացքում: Նախագծի արժեքը կազմում է 320 մլն դրամ:

Սույն թվականի մարտի 27-ին հայտարարված մրցույթին մասնակցեցին 8 հայկական շինարարական ընկերություններ: Մրցութային հանձնաժողովը, որի կազմում ընդգրկված են Հայ Առաքելական եկեղեցու, ՀՀ մշակույթի նախարարության և  «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները,  երեք փուլերի ընթացքում քննարկելով հայտերը, ընտրեց երկու հավակնորդի: «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը լավագույնը համարեց  «ԼևԳուգ» ՓԲԸ–ի առաջարկությունը:

Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու վերականգնումը կսկսվի շինարարական աշխատանքների կատարման թույլտվություն ստանալուց հետո: Այդ ժամանակացույցի պահպանումը և աշխատանքի որակը վերահսկելու է համատեղ իրազեկ հանձնաժողովը, հեղինակային վերահսկողությունը դրված է նախագծի կազմողների վրա: Արդեն ստորագրված է պայմանագիր տեխնիկական վերահսկողությունն իրականացնող մասնագետների հետ:                                                                  

Օձունի Սուրբ Մարիամ Աստվածածնի եկեղեցու վերականգնման ծրագրի իրականացումը կդառնա պետության և մասնավոր բիզնեսի համագործակցության անդրանիկ օրինակը: Վերանորոգողները պարտավորվում են վերականգնել իրենց հանձնարարված շինությունը` խստագույնս համաձայն գիտականորեն հիմնավորված նախագծի:

Այս խորագրի վերջին նյութերը