Մեկնաբանություն

29.05.2012 16:18


Ի՞նչ է սպասվում ԲՀԿ–ին և ՀՀԿ–ին

Ի՞նչ է սպասվում ԲՀԿ–ին և ՀՀԿ–ին

Այն բանից հետո, երբ պարզվեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մաս չի կազմելու նոր կոալիցիային, շարունակ խոսվում է Գագիկ Ծառուկյանի թիմին սպասվող իշխանական ճնշումների մասին։ Իշխանամերձ լրատվամիջոցներն այս թեմաներով անգամ քարոզչահոգեբանական գրոհներ են կազմակերպում և անանուն ԲՀԿ–ականներին հղում անելով՝ ընթերցողների մոտ փորձում են կարծիք ձևավորել, թե ԲՀԿ–ում դժգոհ են Ծառուկյանի հայտարարությունից, բայց ասենք, որ դա հերթական «մուտիլովկան» է, որը ցույց է տալիս, թե ինչքան են «մանթո» իշխանությունները և ինչ քայլեր են ուզում ձեռնարկել։

Կա տեսակետ, ըստ որի՝ եթե Սերժ Սարգսյանն իրեն հատուկ ոճով ճնշումներ չկիրառի ԲՀԿ–ի նկատմամբ, ուրեմն վերջինս պայմանավորված է ՀՀԿ–ի հետ, և կոալիցիա չմտնելը խաղ է, իսկ եթե ճնշումներ կիրառի, ապա ԲՀԿ–ն չի դիմանա։ Նկատենք, որ իշխանամետ լրատվամիջոցներով տարածվող այդ տեսակետներն իրարամերժ են։ Եթե իրենք համոզված են, որ ԲՀԿ–ի՝ կոալիցիա չմտնելը խաղ է, ապա ինչո՞ւ են այդ դեպքում համոզմունք հայտնում, որ շուտով իշխանությունը «նայեզդ» է անելու Ծառուկյանի վրա։ Իսկ եթե գիտեն, որ այս ամենը խաղ չէ, ապա ինչո՞ւ են ապատեղեկատվություն տարածում և փորձում մոլորեցնել հանրությանը և որտեղի՞ց այն վստահությունը, որ ԲՀԿ–ն չի դիմանա ճնշումներին։

Ոմանք այժմ անկեղծ, իսկ ոմանք էլ պատվիրովի կարծիք են հայտնում առ այն, որ Սերժ Սարգսյանը մի կողմից կսկսի նեղել ԲՀԿ–ամերձ գործարարներին, իսկ մյուս կողմից էլ կփորձի «անասնագողությամբ» զբաղվել, այն է՝ ԲՀԿ–ից արտահոսք կազմակերպել ու թուլացնել այդ կառույցը։

Ուշագրավ է, որ ԲՀԿ–ի դեմ սպասվող գործողությունների մասին խոսելիս զուգահեռներ են տարվում ՕԵԿ–ի հետ այն առումով, որ ԲՀԿ–ի դեմ ճնշումներն անխուսափելի են, ինչպես եղավ Արթուր Բաղդասարյանի՝ ԱԺ նախագահից ընդդիմադիր դաշտ տեղափոխվելուց հետո։ Մեր կարծիքով, սակայն, ԲՀԿ–ի և ՕԵԿ–ի միջև զուգահեռներն անտեղի են։ Միայն քաղաքականապես անմեղսունակները կամ պատվեր կատարողները կարող են նույնացնել ՕԵԿ–ի ու ԲՀԿ–ի՝ կոալիցիայից դուրս գալն ու նրանց ճակատագրերի նույնացումը, և ահա թե ինչու։

1. ՕԵԿ–ն ի սկզբանե ստեղծվել է Սերժ Սարգսյանի գործուն միջամտությամբ, իսկ ԲՀԿ–ն՝ ի հեճուկս Սերժ Սարգսյանի, ով 2007–ի խորհրդարանական ընտրություններից առաջ ամեն ինչ անում էր, որպեսզի Գագիկ Ծառուկյանը չկարողանա առանձին կուսակցությամբ մասնակցել ընտրություններին։ Այսինքն՝ ՕԵԿ–պարագայում Սերժ Սարգսյանն առաջնորդվեց «Ես քեզ ծնել եմ, ես էլ քեզ կոչնչացնեմ» կարգախոսով, իսկ ահա ԲՀԿ–ի պարագայում, ինչպես նշեցի, Սերժ Սարգսյանը որևէ կապ չունի այդ կառույցի ստեղծման հետ։ Ի դեպ, Գագիկ Ծառուկյանը ՀՀ–ում գործող այն միակ խոշոր սեփականատերն է, ով, ի տարբերություն մյուսների, Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք երբեք «չերեզ» Սերժ Սարգսյան չի շփվել նախագահի հետ և երբեք չի համարվել Սարգսյանի շրջապատի մարդ, իսկ սա շատ կարևոր հանգամանք է։ Դա նշանակում է, որ Ծառուկյանը, ի տարբերություն մյուսների ու մասնավորապես՝ Արթուր Բաղդասարյանի, կոմպլեքս չունի Սերժ Սարգսյանին «ոչ» ասելու և ինքնուրույն գործելու. ԲՀԿ ղեկավարի համար դա բնական վիճակ է։ ԲՀԿ առաջնորդը «ոչ» ասաց Սարգսյանի՝ միասնական ցուցակով ԱԺ ընտրություններին մասնակցելու առաջարկին, ինչպես նաև «ոչ» ասաց նոր կոալիցիա կազմելու խնդրանքին։ Իր հայտարարությամբ՝ Ծառուկյանը նաև «ոչ» ասաց Սերժ Սարգսյանին որպես նախագահի թեկնածու պաշտպանելուն։

2. ՕԵԿ–ը 2003–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցում էր որպես իշխանության մաս կազմող ուժ և իր ցուցակում ընդգրկել էր գործարարների, ովքեր ֆինանսավորում էին Արթուր Բաղդասարյանի ընտրարշավն իշխանության գիտությամբ ու հրահանգով, և երբ ՕԵԿ առաջնորդն անցավ ընդդիմադիր դաշտ, նույն այդ գործարարներն իշխանության հրահանգով դուրս եկան այդ կառույցից ճիշտ այնպես, ինչպես մտել էին։ Ի տարբերություն ՕԵԿ–ի՝ ԲՀԿ–ն իշխանական կոալիցիայի անդամ էր լրիվ այլ կարգավիճակով ու այլ հանգամանքների բերումով։ Ավելորդ չէ նշելը, որ նախընտրական շրջանում ԲՀԿ–ն հստակ հայտարարում էր, որ դեմ է ՀՀԿ–ի մենաշնորհին, ու ամեն կերպ տարանջատվում էր Սերժ Սարգսյանից, ինչը չէր արել 2003–ին Բաղդասարյանը՝ փորձելով օգտվել վարչական լծակներից ու նոր միայն տարանջատվել Սարգսյանից։ Ասել է թե՝ Գագիկ Ծառուկյանը ընտրություններից առաջ էր դիրքավորել իրեն քաղաքական դաշտում, այլ ոչ թե ընտրություններից հետո է կարծիք փոխել, ինչպես Բաղդասարյանը վարվեց ԱԺ նախագահ դառնալուց հետո։ Այնպես որ կոալիցիա չմտնելը ԲՀԿ վերջին համագումարի և ընտրարշավի տրամաբանական արդյունքն էր. Ծառուկյանը չդավաճանեց իր ընտրազանգվածին։

3. Գագիկ Ծառուկյանը, ի տարբերություն Արթուր Բաղդասարյանի, սեփական ֆինանսական միջոցներով էր ընտրարշավն անցկացնում ու կուսակցություն պահում և այդ առումով որևէ կախվածություն չի ունեցել և չունի իր շուրջը գտնվող գործարարներից, եթե չասենք հակառակը։ Հետևաբար՝ եթե Ս. Սարգսյանին հաջողվի մեկ–երկու գործարարի պոկել Ծառուկյանի շրջապատից, ապա դա ԲՀԿ–ի ֆինանսական վրա զրոյական ազդեցություն կթողնի, իսկ քաղաքական առումով միայն դրականորեն կանդրադառնա ԲՀԿ վարկանիշի վրա, իսկ դա նախագահական ընտրություններից առաջ շատ կարևոր հանգամանք է։

4. Երբ ՕԵԿ–ը 2006–ին դարձավ ընդդիմություն, Հայաստանում այլ քաղաքական իրավիճակ էր. իշխանությունը բավական վստահ էր իր ուժերի վրա, իսկ կառավարման բուրգը ճաքեր չուներ, և փոքրաթիվ օրինացականներին ճնշելը որևէ բարդություն չէր ներկայացնում։ Այժմ լրիվ այլ պատկեր է՝ ՀՀԿ–ն մնացել է վարկաբեկված և ինքնալուծարված ՕԵԿ–ի հույսին, իսկ ԲՀԿ–ն ունի մեծաթիվ խմբակցություն ԱԺ–ում և փայլուն հարաբերություններ ընդդիմադիր դաշտի մյուս առաջատար ուժերի՝ ՀԱԿ–ի և ՀՅԴ–ի հետ։ Եվ ամենակարևորը՝ ԲՀԿ–ն, ըստ պաշտոնական տվյալների, ստացել է մոտ կես մլն քվե, ու եթե հանկարծ ՀՀԿ վերնախավում շփոթվեն ու փորձեն ճնշումներ բանեցնել Գագիկ Ծառուկյանի վրա, ապա կստանան այնպիսի պատասխան, որ Սերժ Սարգսյանին քիչ չի թվա։ Կասկածից վեր է, որ Ծառուկյանի հայտնի հայտարարությունից հետո ԲՀԿ վարկանիշը զգալիորեն աճել է մայիսի 6–ին արձանագրված ցուցանիշից, և ՀՀԿ–ի «թղթե» ձայներին կարող է լուրջ հակահարված տրվել։

5. Եվ ամենակարևորը։ ՕԵԿ–ը 2006–ին կոալիցիայից դուրս գալուց հետո փորձում էր իր շուրջը համախմբել փոքր ու միջին բիզնեսի չկազմակերպված շերտերին, սակայն 2008–ի նախագահական ընտրություններից հետո դավաճանեց նրանց ու զրոյացավ։ Իսկ ահա ԲՀԿ–ի հետևում այսօր ոչ միայն բիզնեսի փոքր ու միջին շերտերն են, այլ նաև խոշոր բիզնեսի զգալի մասը։ Այլ կերպ ասած՝ ԲՀԿ–ն այսօր ներկայացնում է Սերժ Սարգսյան–Տիգրան Սարգսյան զույգի վարած տնտեսական քաղաքականությունից դժգոհ ազգային բուրժուազիայի շահերը՝ գումարած սոցիալապես անապահով խավերին ու ՀՀԿ–ի քաղաքական մենաշնորհին դեմ արտահայտվողներին։

Եվ այսպես, ԲՀԿ–ի ու ՕԵԿ–ի միջև զուգահեռներ տանողներն ընդամենը Բաղրամյան 26–ի հերթական պատվերն են կատարում կամ էլ «ազնիվ քյարփինջ» են ու ծամում են այն, ինչը հրամցվում է «անկախ» լրատվամիջոցների կողմից։

Օբյեկտիվ գնահատելով ստեղծված իրավիճակը՝ պետք է դնել ոչ թե «Կճնշի՞ արդյոք Ս. Սարգսյանը ԲՀԿ–ին», այլ «Կարո՞ղ է արդյոք Ս. Սարգսյանը ճնշել ԲՀԿ–ին» հարցադրումը։ Պատասխանն ակնհայտ է՝ ո՛չ. Սերժ Սարգսյանը չի կարող ճնշել ԲՀԿ–ին, քանի որ լեգիտիմության լուրջ պրոբլեմ ունի և եթե հանկարծ դիմի նման քայլերի, ապա կստանա առնվազն կես միլիոնանոց հանրահավաք Երևանի կենտրոնում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։  Մանավանդ որ ԲՀԿ–ին ձայն տվողները դրան են սպասում, էլ չասած այն մասին, որ հակաՀՀԿ–ական կոալիցիայի մեջ մտնող ՀԱԿ–ի ու ՀՅԴ–ի ընտրազանգվածների ձեռքները նույնպես քոր է գալիս։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը