Մեկնաբանություն

29.05.2012 17:18


Ծառուկյանականների և բալասանյանների պայքարը

Ծառուկյանականների և բալասանյանների պայքարը

Գագիկ Ծառուկյանի գլխավորած ԲՀԿ-ն, մերժելով կոալիցիա կազմելու առաջարկը, ոչ միայն պահպանեց իր անկախությունը և ինքնուրույնությունը, ոչ միայն նպաստեց իր վարկանիշի աճին, այլև ստեղծեց պայմաններ, որը հույս է ներշնչում, որ կարելի է դուրս գալ այս ծանր իրավիճակից եւ շարժվել առաջ: Այդ քայլով երկիրը գոնե ժամանակավորապես չընկղմվեց լճացման մեջ:

Միամտություն կլինի կարծել, որ միայն այս քայլով լուծվեցին բոլոր հարցերը: Միամտություն կլինի նաև կարծել, որ մերժելով կոալիցիան ԲՀԿ-ն լուծեց իր բոլոր խնդիրները: Այո՛, Գագիկ Ծառուկյանի որոշումն ապացուցեց, որ ԲՀԿ-ն ինքնուրույն քաղաքական ուժ է, եւ որ ԲՀԿ-ն գնալու է իր ճանապարհով, բայց թե ուր կտանի այդ ճանապարհը, կախված է այդ կուսակցության հետագա քայլերից:

Այժմ  ԲՀԿ-ի համար կարևորագույն խնդիր է դառնում  սեփական ձեռագրով, գրագետ եւ ակտիվ խորհրդարանական խմբակցություն ունենալը:  Սա չափազանց կարեւոր է, քանզի, մեծ հաշվով, ԲՀԿ-ն առաջին անգամ է հնարավորություն ստանում ԱԺ-ում ինքնուրույն գործելու:

Սկզբի համար  Ծառուկյանը  պետք է կարեւորագույն քայլեր իրականացնի՝ ԲՀԿ–ի կոմֆորմիստներին  երկրորդ պլան մղելու համար: Դրանով հնարավոր կլինի օր առաջ ջարդել խմբակցության ներքին գրաքննությունը:

Դատելով ԲՀԿ ցուցակում ընդգրկված մի շարք գործիչներից՝ ինտելեկտուալ ռեսուրսներով ԲՀԿ-ն ի վիճակի է կարճ ժամանակում դառնալ հանրային շահերը ներկայացնող ակտիվ ուժ: Մյուս կողմից  գաղտնիք չէ, որ ԲՀԿ-ում դեռ քիչ չեն հարմարվողականները, նրանք, ովքեր պատրաստ են քվեարկել ցանկացած որոշման օգտին, միայն թե ավելորդ խնդիրների մեջ չհայտնվեն: ԲՀԿ-ում որքան քիչ լինեն նրանք, ովքեր սեփական կարծիք չունեն, այնքան կշահի այդ կուսակցությունը, այնքան կբարձրանա Ծառուկյանի թիմի վարկանիշը:

Ըստ ՀՀ օրենսդրության՝ ԲՀԿ-ն կարող է ունենալ չորս հանձնաժողովի նախագահ: Դրանք պետք է լինեն մարդիկ, ովքեր թարմություն կբերեն թե՛ ԱԺ-ին, թե՛ ԲՀԿ-ին: Եթե Ծառուկյանը տեղի տվեց  բալասանյանների եւ նմանների թախանձագին խնդրանքներին, ապա ԲՀԿ-ն էապես կորուստներ կունենա: Ծառուկյանին պետք չեն  օեկաբարգավաճական դեմքեր` պատրաստ ամեն րոպե լքելու կուսակցության շարքերը: ԲՀԿ–ին ու հանրությանը պետք են մարդիկ, ովքեր իրենց քաղաքական վերելքը կապահովեն իրենց գործունեությամբ ու թիմային լուրջ աշխատանքով:

ԲՀԿ-ն կարեւորագույն քայլ է կատարել վերածվելու ինքուրույն եւ դասական իմաստով քաղաքական ուժի, իսկ հետագա հաջողությունների համար անհրաժեշտ է, որ կուսակցության ներսում ընթանան ակտիվ եւ շահագրգիռ քաղաքական քննարկումներ, այսինքն՝ առողջ գործընթացներ: Ակնհայտ է նաեւ, որ այդ քննարկումները կտուժեն, եթե դրանց մասնակցեն կոմֆորմիստները՝ փորձելով շողոքորթել մեծամասնությանը:

Չպետք է մոռանալ նաեւ, որ կոմֆորմիստները հեշտությամբ են ճկվում ուժի առաջ, հեշտությամբ են տեղի տալիս ճնշումներին եւ առավել հեշտությամբ են գնում գործարքների: ԲՀԿ-ն հիմա հայտնվել է այնպիսի վիճակում, որ պետք է ամեն ինչ անի ցանկացած սխալից խուսափելու համար: Իսկ այդ ուղղությամբ առաջին քայլը պետք է լինի հարմարվողականներից եւ սեփական կարծիք չունեցողներից ազատվելը: Ավելի քան պարզ է, որ երկարաժամկետ հաջողության հասնելու համար անհրաժեշտ է, որ ԲՀԿ-ն վերջնականապես վերածվի քաղաքական ուժի:

Արման Սահակյան        

Այս խորագրի վերջին նյութերը