Լրահոս

27.05.2009 15:38


ԼՂՀ մշտական ներկայացուցիչը մասնակցել է Մարսելում կայացած համաժողովին

Մայիսի 25-ին Ֆրանսիայի Մարսել քաղաքի Պոլ Սեզանի համալսարանում տեղի է ունեցել «Միջազգային իրավունքը հարավկովկասյան հակամարտությունների քաղաքական իրողությունների համատեքստում» թեմայով համաժողով:

Միջոցառումը կազմակերպվել էր ֆրանսահայ կազմակերպությունների համակարգման կոմիտեի /ՖԿՀԿ/ մարսելյան բյուրոյի նախաձեռնությամբ:

Համաժողովին մասնակցել են Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Մարսելի փոխքաղաքապետ Ռոլան Բլումը, ԱԺ պատգամավոր Սիլվի Անդրիոն, ՖԿՀԿ նախագահ Պասկալ Շամասյանը, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, համալսարանի դասախոսներ և ուսանողներ, կազմակերպությունների ղեկավարներ և հայկական համայնքի անդամներ, լրագրողներ:

Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության ակունքներին ու սկզբնապատճառներին: Միաժամանակ նա նշել է հակամարտությունը ուժի միջոցով լուծելու անհնարինությունը և ընդգծել ադրբեջանա-ղարաբաղյան և համանման այլ հակամարտությունների կարգավորման գործընթացում միջազգային իրավունքի դերի կարևորությունը:

Մշտական ներկայացուցիչը նշել է, որ միջազգային հանրության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը տարածաշրջանում վերջնական խաղաղության ու կայունության հաստատման գրավականն է:

Այս խորագրի վերջին նյութերը