Մեկնաբանություն

30.05.2012 14:31


ԲՀԿ–ն պետք է դասեր քաղի

ԲՀԿ–ն պետք է դասեր քաղի

Մինչև ՀՀԿ–ի հետ կոալիցիա կազմելու աննպատակահարմարության մասին Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, տարատեսակ լուրեր էին տարածվում։ Խոսվում էր այն մասին, որ ԲՀԿ–ն նախարարների ու մարզպետների քանակն է ուզում ավելացնել, և որ Ծառուկյանը Տիգրան Սարգսյանի փոխարեն վարչապետի պաշտոնում ուզում է տեսնել Հովիկ Աբրահամյանին։ Այսինքն՝ փորձ էր արվում իբր կայացած նոր կոալիցիայի մասին հայտարարության ձգձգումը ներկայացնել որպես աթոռների քանակի շուրջ «բազառ»։ Սերժ Սարգսյանը փակ տիպի գործիչ է և փակ քննարկումների մասին դաշտ նետվող նմանատիպ տեղեկատվական հոսքերը նրան ձեռնտու էին, քանի որ յուրաքանչյուր «հավաստի» լուր հարվածում էր ԲՀԿ–ի վարկանիշին, իսկ նախագահին դարձնում «հարցեր լուծող և պայմաններ թելադրող»։

Նկատենք, որ այդօրինակ պատկերի մեղավորը հենց ԲՀԿ–ն էր, որը հրապարակային տեսք չէր տալիս իր այն առաջարկներին ու նախապայմաններին, որոնք դրել էր Սերժ Սարգսյանի առաջ։ Միամտություն էր դիմացինի պարկեշտության վրա հույս դնելը։ ՀՀԿ ղեկավարին սատարող լրատվամիջոցներն էլ, օգտվելով Ծառուկյանի լռակյացությունից ու անփորձությունից և հրահանգավորվելով համապատասխան կենտրոնից՝ շարունակ «մուտիլովկաներ» էին տարածում։

Միշտ էլ այդպես է. երբ դու փակ քաղաքականություն ես վարում, ապա դիմացինդ, իր արժեհամակարգից ելնելով, հազար ու մի բան կարող է ներկայացնել հանրությանը։ Հետևաբար, հետագայում խուսափելու համար նման իրավիճակներում կրկին հայտնվելու հեռանկարից՝ ԲՀԿ–ն պետք է որդեգրի բաց քաղաքականություն  վարելու գործելակերպ և հանրությանը տեղեկացնի, թե ինչն ինչոց է։

www.top-news.am կայքը, հիմնվելով լավատեղյակ աղբյուրենրի վրա, ներկայացրել է այն փաթեթը, որի շուրջը այդպես էլ համաձայնության չեկան Ծառուկյանն ու Սարգսյանը։

Ըստ կայքի՝ ԲՀԿ–ի 8 կետից բաղկացած հակաճգնաժամային փաթեթը հետևյալ հարցերն է շոշափել.

1.Փոխվում է վարչապետը:

2. Կառավարությունը կոչվում է ոչ թե կոալիցիոն, այլ հակաճգնաժամային:

3. Նոր վարչապետին նշանակում է Սերժ Սարգսյանը` իր հայեցողությամբ:

4. Ս. Սարգսյանի՝ որպես միասնական նախագահի թեկնածուի նախապայմանը հանվում է:

5. Իշխանության բոլոր օղակներում, այդ թվում՝ կառավարությունում ներգրավվելու առաջարկ է արվում ՀԱԿ-ին, ՀՅԴ-ին, «Ժառանգությանը»:

6. Նոր վարչապետն ունենում է լայն լիազորություններ:

7. ԲՀԿ-ն պատրաստակամություն է հայտնում իր քվոտայով կառավարություն գործուղել ոչ կուսակցական, բայց մեծ հեղինակություն ունեցող մասնագետների: Նույնն ակնկալում է ՀՀԿ-ից

8. Ստեղծվում են բոլոր նախապայմաններն առաջիկա ՏԻՄ ընտրություններն ազատ և թափանցիկ անցկացնելու համար:

Ինչպես տեսնում եք, այստեղ որևէ խոսք չի եղել Տիգրան Սարգսյանին Հովիկ Աբրահամյանով փոխարինելու կամ ԲՀԿ–ին լրացուցիչ նախարարական տեղեր հատկացնելու մասին։ ԲՀԿ–ն, փաստացի, առաջարկել է Իշխանությունը կիսելու և ԱԺ ընտրությունների իրական արդյունքները հաշվի առնելու տարբերակով շարժվել առաջ։

Համոզված ենք, որ եթե Ծառուկյանն «էն գլխից» հրապարակային տեսք տար այս առաջարկներին, ապա «անկախ» լրատվամիջոցների ու «վերլուծաբանների» «հավաստի աղբյուրները» կցամաքեին։

Մի խոսքով՝ ԲՀԿ–ն պետք է այս ամենից դասեր քաղի և համապատասխան հետևություններ անի։ Կուսակցության նոր կարգավիճը գործելու այլ տարբերակ չի թողնում, քան հանրության հետ շփումները առավելագույնս բաց ու թափանցիկ դարձնելը։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը