Մեկնաբանություն

31.05.2012 15:28


«Դեժա վյու» կամ Բաղրամյան 26–ի ֆիասկոն

«Դեժա վյու» կամ Բաղրամյան 26–ի ֆիասկոն

Հովիկ Աբրահամյանը, վերադառնալով ԱԺ նախագահի աթոռին, անմիջապես հայտարարել է, թե ճշմարտությունը հիվանդանում է, բայց չի մահանում։ Դժվար է ասել, թե այդ խոսքերն ում էին ուղղված և ում էր ուզում «կծել» Աբրահամյանը, բայց փաստն այն է, որ նա կրկին հայտնվեց նույն տեղում՝ իսկական «դեժա վյու»–ի զգացողություն առաջացնելով Բաղրաման պողոտայում և Հանրապետության հրապարակում։

Հիմա ճիշտ ժամանակն է հիշեցնել, թե ինչեր էին տարածում Սերժ Սարգսյանի շրջապատի մարդիկ, երբ Հովիկ Աբրահամյանը հրաժարական տվեց 4–րդ գումարման ԱԺ նախագահի պաշտոնից։ Սրանք մի մեծ հեքիաթ էին հորինել ու «անկախ» լրատվամիջոցների օգնությամբ հանրությանը փորձում էին համոզել, թե Ս. Սարգսյանը Հովիկին «հրաժարեցնելով» կանխել է քոչարյանական դավադրությունը։ Եթե հիշում եք, այն օրերին խոսվում էր, թե իբր Հովիկ Աբրահամյանը «չերեզ» ՃՈ նախկին ղեկավար ու ներկայումս 6 տարվա ազատազրկման դատապարտված Մարգար Օհանյան ձգտելու էր մայիս 6–ի ընտրություններում ԲՀԿ–ին քվե ապահովել և այդպիսով ճանապարհ հարթել Ռոբերտ Քոչարյանի վերադարձի համար։ Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին աշխատանքից հանելն էլ էր այս ենթատեքստում հրամցվում, թե իբր լավ չի տիրապետել համակարգին, քանի որ իր քթի տակ դավադրություն է կազմակերպվել, որը Սերժ Սարգսյանը հերոսաբար կանխել է ՊՆ այն ժամանակվա փոխնախարար ու ներկայիս ոստիկանապետ Վովա Գասպարյանի «ժուչոկի» օգնությամբ. իսկական «դիշովի» ամերիկյան ֆիլմի սցենար կամ հնդկական կինո։

Ճիշտ է, պաշտոնյաների հրաժարականները որպես դավադրության կանխում ներկայացնելը դադարեցվեց այն  բանից հետո, երբ հրաժարական տվեց նաև Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը, բայց «անկախ» լրատվամիջոցները շարունակում էին առաջ տանել այն գիծը, թե Հովիկ Աբրահամյանին հրաժարական պարտադրելով Սերժ Սարգսյանը բարձրացրել է իր ինքնավստահության աստիճանն իշխանության ներսում։

Այսօր, երբ Հովիկ Աբրահամյանը կրկին դարձել է ՀՀԿ–ի պաշտպանյալ ԱԺ նախագահը, պետք է արձանագրել Սերժ Սարգսյանի, նրա թիմի և իշխանությանը սատարող քարոզչամեքենայի հերթական ֆիասկոն։

Դատե՛ք ինքներդ. եթե նախագահի շրջապատն այն օրերին Հովիկին հեռացնելը ներկայացնում էր որպես Սերժի դիրքերի ամրապնդում և քոչարյանական դավադրության կանխում, ապա այժմ կա՛մ պետք է ընդունի, որ Սարգսյանը «կոտրվել» է Քոչարյանի կողմից՝ 2–րդ նախագահի «մարդուն» և համատեղությամբ դավադրության գործիքին կրկին հանձնելով ԱԺ–ն, կա՛մ էլ պետք է ընդունի, որ մեկ տարի առաջ «հավայի մուտիլովկեք» էր տարածում Հ. Աբրահամյանի մասին ու ինքնահանգստացնող մեդիտացիայով զբաղվում՝ Սերժի դիրքերի ուժեղացման «մոմենտով»։

«Անկախ» լրատվամիջոցներն իրենց հերթին պետք է ընդունեն, որ, ինչպես միշտ, զբաղված են եղել հանրությանը պատվիրովի մանիպուլյացիայի ենթարկելով։ Չնայած ընդունեն–չընդունեն, միևնույն է, ինչպես կյանքն է  ցույց տալիս, «անկախների» արածները բացահայտվում են 40 օրից. մի քանի օր ավելը, կամ պակասն արդեն էական չէ։

Հովիկ Աբրահամյանի ԱԺ նախագահ վերընտրվելուց հետո արժե հիշեցնել նաև այն, որ մայիսի 6–ի ընտրություններից հետո Սերժ Սարգսյանի շրջապատի ցուցմամբ շրջանառության մեջ դրվեց այն «լուրը», թե իբր ԲՀԿ–ն ՀՀԿ–ի հետ կոալիցիա կազմելու պայման է դնում Գագիկ Ծառուկյանի խնամի Հովիկ Աբրահամյանին կա՛մ ԱԺ նախագահ, կա՛մ վարչապետ նշանակելը, սակայն Սերժ Սարգսյանն անդրդվելի է, և ըստ իրենց ունեցած «հավաստի տեղեկությունների» վարչապետ կմնա Տիգրան Սարգսյանը, իսկ ԱԺ նախագահ՝ Սամվել Նիկոյանը և բացի այդ՝ Սարգսյանը բարկացած է Հովիկի վրա, քանզի վերջինիս ծննդավայր Արարատի մարզում ՀՀԿ–ն լավ արդյունքների չի հասել, իսկ ԲՀԿ–ն ահագին ձայներ է տարել, հետևաբար՝ Ծառուկյանի պայմանը չի բավարարվի և Հ. Աբրահամյանին ոչինչ էլ չի հասնի։

Ինչպես հայտնի է,  ԲՀԿ–ն չմտավ կոալիցիա, բայց Հովիկ Աբրահամյանը դարձավ ԱԺ նախագահ։ Դե հիմա թող «անկախ» լրատվամիջոցներն ու նրանց տերերը պատրաստ լինեն լսել հետևյալ «ժելեզնի» դատողությունները. եթե նոր կոալիցիայի մաս կազմելու Ծառուկյանի նախապայմանը եղել է Հովիկ Աբրահամյանին ԱԺ նախագահ կամ վարչապետ նշանակելը, ապա դուրս է գալիս, որ Սերժ Սարգսյանը կատարել է Ծառուկյանի պահանջը, բայց նույնիսկ այդ դեպքում ԲՀԿ–ն չի համաձայնել մեռյալ ՕԵԿ–ի ու դրա հույսին մնացած ՀՀԿ–ի հետ կոալիցիա կազմել։ Հետևաբար՝ Բաղրամյան 26–ից Հովիկին ԱԺ նախագահ առաջադրելով՝ «պոստ ֆակտում» քծնել են ԲՀԿ առաջնորդին։ Իսկ եթե իրականում ԲՀԿ–ն Հովիկ Աբրահամյանի թեման չի շոշափել նոր կոալիցիայի շուրջ բանակցությունների ժամանակ, ապա այս էլ որերորդ անգամ պետք է ֆիքսել Սերժ Սարգսյանի քարոզչական թիմի փչած փուչիկների պայթյունը։ Ասել է թե՝ ոչ միայն ՀՀԿ–ի համերգին բերված փուչիկներն են պայթում, այլ նաև քարոզչական փուչիկները։

Մի խոսքով, Սերժ Սարգսյանի թիմն իր փորած փոսն ընկավ բոլոր առումներով և մասնավորապես Հովիկ Աբրահամյանի մասով ստիպված է «դեժա վյու» ապրել։ Հարցն այստեղ այն չէ, որ Աբրահամյանը արժանի է կամ արժանի չէ խոսնակի դերին։ Հարցն այն է, որ ոմանց սրած բիզը մտավ իրենց ... ժելեած մազերի կամ տիրացուական կիսասափրած մորուքի մեջ։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Դատելով ամենից՝ Սերժ Սարգսյանը նախընտրական փուլում առաջ քաշելով «Հավատանք, որ փոխենք» կարգախոսը, նկատի ուներ ԱԺ նախագահի պաշտոնում Սամվել Նիկոյանին Հովիկ Աբրահամյանով փոխելը։ Հայ ժողովուրդն էլ տանջվում էր՝ հասկանալու համար, թե ինչ է ուզում ասել միայնակ քարոզարշավ անցկացրած Ս. Սարգսյանը՝ «խոխմա» կարգախոս հնչեցնելով։ Հիմա ամեն ինչ պարզ է։

Ի դեպ, նախորդ ընտրություններում Սերժ Սարգսյանը քարոզչական արշավն անցկացնում էր «Առա՛ջ, Հայաստան» կարգախոսի ներքո։ Արդյունքում՝ Հայաստանը բոլոր առումներով հետընթաց ապրեց։ Կարելի է միայն ենթադրել, թե ինչ է սպասվում «Հավատանք, որ փոխենքից» հետո։ Ու որպեսզի այս մառազմը երկար չշարունակվի, հարկավոր է նախագահական ընտրության ժամանակ, իրոք հավատալ սեփական ուժերին և փոխել Սերժ Սարգսյանին։

Հ.Գ.-2։ Հովիկ Աբրահամյանի ԱԺ նախագահ դառնալուց հետո կարելի է գրեթե փակված համարել արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու սերժսարգսյանական մտադրությունների թեման։ Եթե Սերժը հրաժարական տա և գնա արտահերթ ընտրության, ապա այդ դեպքում, ըստ ՀՀ Սահմանադրության, Հովիկը կդառնա նախագահի պաշտոնակատար և հաստատ դավադրություն կկազմակերպի։ Նախագահականում դա լավ գիտեն և ստիպված են սպասել մինչև փետրվար, որն իրենց ոչ մի լավ բան չի խոստանում։

Այս խորագրի վերջին նյութերը