Լրահոս

27.05.2009 16:57


Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ

Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի առթիվ:
1918 թվականի մայիսի 28-ը հայ ժողովրդի դարավոր պայքարի պսակն էր: Օտար լծի, անխնա շահագործման, ազգային ու կրոնական խտրականության, բռնությունների, ջարդերի և վերջապես ցեղասպանության միջով անցած մեր ժողովուրդն այսպիսով ստանձնում էր պատասխանատվություն. պատասխանատվություն սեփական ճակատագրի հանդեպ: Ստանձնում էր պատասխանատվություն աշխարհի և պատմության առաջ: Դա մի պահ էր, երբ շատերին թվում էր, թե Հայաստանն ու հայ ժողովուրդն այլևս երբեք ուշքի չեն գալու հասցված ծանր հարվածներից: Բայց երկու փլուզվող կայսրությունների փլատակների տակից հերոսական ճիգով կրկին վեր էր հառնելու մի նոր՝ վերապրած ժողովուրդ և նորակերտ երկիր: 1918 թվականի մայիսյան հաղթանակներն արդեն խոսուն վկայություններ էին մեր ժողովրդի ոգու ամրության, ազատ ապրելու անկոտրում կամքի և հայոց գալիքի հանդեպ անսահման հավատի: Մայիսյան հերոսամարտերը մեր պատմության մեջ ազգային անվերապահ միասնության ամենավառ օրինակներից են և, համոզված եմ, դեռ ներշնչելու են բազմաթիվ սերունդների, ինչպես մեր սերնդին՝ Արցախյան ազատամարտում:
Յուրաքանչյուր ազգի կազմակերպվածության բարձրագույն ձևը պետականությունն է: Սա տեսականորեն գիտեին բոլորը, բայց այդ տեսությունը պետք է միս ու արյուն ստանար հայ ժողովրդի լավագույն զավակների աշխատանքով ու քրտինքով, համոզմունքով ու գիտելիքով, անմնացորդ նվիրումով ու նաև կյանքով: Անկախ այն հանգամանքից, թե ինչ հաջողվեց և ինչ չհաջողվեց երկուս ու կես տարի գոյատևած Հայաստանի Հանրապետությանը, մի բան հստակ է. նա դարձավ խարիսխը ներկա Հայաստանի, որի քաղաքացին լինելու պատիվն ունենք մենք:
Ներկա Հայաստանը ժառանգորդն է հազարամյակների մշակութային ու քաղաքակրթական նվաճումների, որ արարել ու մեզ են կտակել մեր նախնիները: Բայց նա նաև 21-րդ դարի երկիր է, որն այսօր դիմագրավում է արդիական մարտահրավերների և իր քաղաքական ուղեգիծը մշակում է՝ հայացքն ապագային հառած: Այդ ապագայում մենք տեսնում ենք Հայաստանը որպես պաշտպանված ու ապահով երկիր, որպես քաղաքական ազատությունների երկիր, որպես տնտեսական վերելք ապրող երկիր, որպես գիտակրթական միջազգային մակարդակ ունեցող երկիր, որպես երկիր, որ ապրում է խաղաղ ու կայուն տարածաշրջանում: Այս խոսքերն այսօր կարող են երազանքի նման հնչել, բայց չհավատալ և քայլեր չձեռնարկել դրանց իրականացման ուղղությամբ, նշանակում է չհավատալ բարու և արդարության հաղթանակին, չհավատալ հայ ժողովրդի հավերժությանը:
Ես մեծ ցանկություն ունեմ, որ այս տոնական օրը մենք ո՛չ միայն երախտագիտությամբ գլուխ խոնարհենք Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսների հիշատակի առաջ, ո՛չ միայն հպարտանանք առաջին հանրապետությունը կերտողների սխրանքներով, այլև մտածենք, թե մենք ինքներս վաղն ինչ արժանի գործերով ենք ներկայանալու հաջորդ սերունդների դատին:
Մայիսի 28-ը ապացույց է այն իրողության, որ մենք որպես ազգ ի վիճակի ենք մեծ խնդիրներ դնել մեր առջև և ազգովին լուծել, իսկ դրա համար անհրաժեշտ են հավաքական ջանք, ներքին համաձայնություն, փոխադարձ հարգանք, մեծահոգություն ու ներողամտություն: Ցավոք, մենք միշտ չէ, որ դրսևորում ենք այս որակները:
1918-1920 թվականները մեր ազգի վերածննդի, նրա ստեղծագործ ուժերի և կարողությունների պոռթկման, ազատ ու անկախ ապրելու իրավունքի իրացման տարիներ էին մեր ժողովրդի համար: Մանուկ հանրապետությունը կործանվեց, բայց իր գոյությամբ և իր վախճանով հասցրեց լուրջ պատգամներ հղել հայոց բոլոր ապագա սերունդներին: Հայաստանի Հանրապետության կարճատև պատմությունն այսօր էլ մեզ հիշեցնում է, որ պետք է արմատից մերժենք ազգային միասնությունը հյուծող ներքին թշնամությունները, անհանդուրժողականությունը դիտենք իբրև չարիք: Հայաստանի առաջին հանրապետության կառավարությունը շատ եռանդ ու ջանք էր գործադրում, որպեսզի արգելակի հայ հասարակության պառակտումը գաղափարական կամ դասակարգային հողի վրա: Բայց, ցավոք, դա չհաջողվեց: Քենի, ոխակալության և անհամերաշխության սերմերը տվեցին իրենց դառը պտուղները:
Լա՞վ ենք , արդյոք, սերտել այս պատգամը: Ես ասում եմ ո՛չ, ցավոք, ո՛չ: Հենց միայն մարտիմեկյան իրադարձությունները բավարար են պնդելու համար, որ մենք դեռ լուրջ անելիքներ ունենք անցյալից դասեր քաղելու հարցում: Բոլորիս ցավը հանդիսացող այդ դեպքերը վկայեցին, որ մեր օրերում ևս հնարավոր է իրավիճակ, երբ պարտվում են բոլորը, պարտվում է միասնականությունը, բարությունը, երբ հաղթանակում է չարացածությունը, անհանդուժողականությունը, տիրապետում են կրքերը:
Ինչ-որ պահի պետք է կանգ առնել:
Ինչ-որ պահի պետք է սկսել նոր էջից:
Սա են պահանջում անցյալի դասերը, սա է պահանջում մեր երկրի ապագան:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր մեծ տոն է: Կրկին շնորհավորելով բոլորիս Հանրապետության տոնի առթիվ՝ մաղթում եմ խաղաղ երկինք, երջանկություն, հաջողություն ու նոր ձեռքբերումներ՝ ի փառս մեր հայրենիքի և հանուն մեր ժողովրդի:

Այս խորագրի վերջին նյութերը