Մեկնաբանություն

02.06.2012 11:26


Իրական ու կեղծ օլիգարխիան

Իրական ու կեղծ օլիգարխիան

Հայաստանի հանրության գիտակից հատվածը հասցրել է համոզվել, որ Սերժ Սարգսյանի ղեկավարած իշխանական համակարգը նեոբոլշևիկյան բնույթի է և կառավարում է բացառապես դեմագոգիայի ու ստի միջոցով։

Շատերն են ֆիքսել, որ երբ իշխանությունը մի բան է ասում, ուրեմն ճիշտ հակառակ բանն է լինելու։ Հիշենք թեկուզ տխրահռչակ Տիգրան Սարգսյանի՝ «Միջազգային տնտեսական ճգնաժամը կշրջանցի Հայաստանը» կանխատեսում–խոստումը։

Գրեթե բոլորն են հասկացել, որ այս իշխանությունը գաղափարներ և սկզբունքներ չունի։ Սրանք պատրաստ են հանդես գալ ծայրահեղ քիրվայականից մինչև ծայրահեղ ազգայնական, օրթոդոքս ռուսամետից մինչև նվիրյալ արևմտամետի հագուկապով, միայն թե մնան իրենց տեղում։ Միակ գաղափարն ու սկզբունքը, որին Սերժ Սարգսյանի գլխավորած թիմը նվիրված է, փողի պաշտամունքն է, ինչ էլ իր հերթին հավերժ իշխանություն ունենալը դարձնում է «իդեա ֆիքս»։

Քողածածկելու համար այս ամենը՝ Սերժ Սարգսյանի շուրջ մի շարք միֆեր են հյուսվում, որոնցից կուզենայի առանձնացնել երկուսը։

Միֆ 1–ին՝ Սերժ Սարգսյանն արևմտամետ գործիչ է։

Իրականությունը, սակայն, լրիվ այլ է. Սարգսյանը ո՛չ արևմտամետ է, ո՛չ ռուսամետ և ո՛չ էլ հայամետ։ Նա երբեմն արևմտամետ է, երբեմն ռուսամետ, իսկ երբեմն էլ թուրքամետ։ Այս ամենը ցույց է տալիս, որ նա պարզապես աթոռամետ է։ Իսկ այն, որ նախագահի PR–շիկները փորձում են հակառուսական տրամադրություններ տարածել Հայաստանում ու այդ լույսի ներքո Սերժին «արևմտամետ բարի մարդ» ներկայացնել, պարզապես ծիծաղ է առաջացնում։ Կարծեմ տատս չէր մեկ տարի առաջ ՌԴ–ում անպայման ձգտում հանդիպել դեռևս վարչապետ Պուտինին ու հանուն դրա պատրաստ էր նվաստանալ՝ Վլադիմիրի տան «տաբուրետկին» մի հինգ րոպե նստելու հնարավորության դիմաց, որպեսզի հետո վերադառնա Հայաստան ու տարածի, թե «մի երկու կիլո դաբրո» է բերել Պուտինից։

Կարծեմ տատս չէր նաև Հայաստանում Ռուսաստանի ռազմաբազաների տեղակայումը երկարաձգելու պայմանագրի ստորագրողը։

Հարցն այն  չէ, որ ՀՀ ղեկավարը պետք է պարտադիր ռուսատյաց լինի, որ համարենք լավ նախագահ, կամ պարտադիր հակաարևմտամետ լինի, որ համարենք կարգին ղեկավար. դա ապուշություն է։ Հարցը տվյալ դեպքում այն է, որ Սերժին են «վիզ դրած» ներկայացնում հակառուս և արևմտամետ, ինչը չի համապատասխանում իրականությանը, քանզի նա թուրքամետ ու եսիմինչամետ էլ կդառնա, միայն թե աթոռը պահի, և ուրեմն խոսել նրա կողմնորոշման մասին՝ հնարավոր է միայն պատվերով վերլուծաբան լինելու կամ քաղաքական տհասությամբ աչքի ընկնելու դեպքում։

Միֆ 2–րդ՝ Սերժ Սարգսյանը պայքարում է ՀՀԿ–ի քրեաօլիգարխիկ շրջանակների և բոլոր օլիգարխների դեմ։

Սա ամենամեծ բլեֆն է, որը տարիներ շարունակ մատուցվում է մեր հանրությանը։ Նախ պետք է հստակ նշել, որ Հայաստանում գործող կլանաօլիգարխիկ կամ քրեաօլիգարխիկ համակարգի պարագլուխը Սերժ Սարգսյանն է։ Հետևաբար նա չի կարող պայքարել իր դեմ։ Եթե Սերժն իրոք ուզում է պայքարել օլիգարխիայի դեմ, ապա թող հրաժարական տա և նորմալ ընտրությունների երաշխավոր դառնա։ Եվ ուրեմն, հասարակությունն իսկապես պետք է պայքարի օլիգարխիայի դեմ՝ որպես թիրախ ունենալով իրականներին, այլ ոչ թե կեղծ օլիգարխներին։ Իրականների հարցերը լուծելով՝ կեղծի հարցն ավտոմատ կլուծվի։

Ինչպես քաղաքագիտությունից հայտնի է՝ «օիլգարխիա» հասկացությունը վերաբերում է քաղաքական կառավարմանը և դրա ձևին։ Օլիգարխիան մարդկանց փոքր խմբի անվերահսկելի գերիշխանությունն է հանրային մեծամասնության նկատմամբ։ Օլիգարխիան ունի սրածայր բուրգի տեսք և իր ազդեցությունը նախևառաջ տարածվում է պետական կառավարման համակարգի վրա։ Եվ վերջապես, օլիգարխիան իշխանության տեսակ է և վերին իշխանավորի կառավարման ոճ։ Սա ես չեմ ասում, սա Արիստոտելն է ասում։ Ելնելով այդ ամենից՝ պետք է նշել, որ նրանք, ովքեր Հայաստանում օլիգարխներ են հռչակվել, ավելի շուտ կիսակրիմինալ դեմքեր են, մեծ փողատերեր կամ պարզապես խոշոր սեփականատերեր։

Մեզանում տարածված «կլիշեներ» կան, ըստ որոնց՝ օլիգարխ է համարվում նա, ով մականուն ունի, պատգամավոր է, շրջում է թիկնազորով, թանկարժեք մեքենայով և ունի շատ փող, բայց դա պարզունակ պատկերացում է։ Եթե այդ տրամաբանությամբ առաջնորդվենք, ապա ցանկացած մեկն ով ամիսը 5 հազար դոլար փող է աշխատում, հանգիստ կարող է հռչակվել օլիգարխ։ Ի դեպ, իշխանությունը հենց դա էլ ուզում է, որ բոլոր քիչ թե շատ փող ունեցողները հռչակվեն ատելի օլիգարխներ, որպեսզի իրենք հանրության քաղքենիական շերտի, որոշ «սութի» ակտիվիստների և կիսասոված զանգվածի ուղղակի կամ անուղղակի աջակցությամբ պայքարեն այդ ատելիների դեմ և «օլիգարխների» փողերը խլելուց ու թուրքմենբաշիական համակարգ ստեղծելուց հետո բոլորին «ֆուկ» անեն՝ առաջին հերթին նույն այդ քաղքենիներին, «բնապահպաններին» և կիսասովածներին։

Կրկնեմ, ՀՀ թիվ մեկ օլիգարխը Սերժ Սարգսյանն է։ Նրան հաջորդում է Տիգրան Սարգսյանը։ Մեր երկիրը կառավարող օլիգարխիայի մեջ են մտնում նաև նախագահի մերձավոր շրջապատի մարդիկ, «հոգևոր» դասի վերնախավը և մեկ–երկու մականունավոր բիզնեսմեն։ Վերջ։ Մնացածին օլիգարխ համարելը լավագույն դեպքում անգրագիտության դրսևորում է։

Նրանք, ովքեր Սերժին ներկայացնում են որպես քրեաօլիգարխիկ շրջանակների դեմ պայքարող, այդպիսով փորձում են տարանջատել նրան մականունավորներից ու հանրությանը ներկայացնել «պուպուշ» իմիջով։ Մականուն ունենալը օլիգարխ լինելու հետ բացարձակապես կապ չունի, իսկ եթե ոմանց համար մականվան առկայությունը դրա տիրոջն ավտոմատ կերպով դարձնում է օլիգարխ, ապա ասեմ, որ Սերժ Սարգսյանն էլ դեռևս հայատյաց Կեվորկովի մոտ աշխատելու տարիներից մականուն ունի, պարզապես չարժե այն նշել՝ հարևան երկրին չուրախացնելու համար։

Իրականությունն այն է, որ Սերժ Սարգսյանն իրոք ուզում է պայքարել մականունավոր փողատերերի և ընդհանրապես բոլոր տրամաչափի սեփականատերերի դեմ, որպեսզի ստեղծի «մեկ օլիգարխի տնտեսություն»՝ բնականաբար իր բարձր հովանու ներքո։ Ահա ա՛յս մասին է, որ «համեստաբար» լռում է իշխանական ագիտպրորպը։ Մնացածը դեմագոգիա է և նեոբոլշևիկյան քարոզչություն։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը