Լրահոս

03.06.2012 13:04


Ի պատասխան Հայկական ծրագրեր ընկերության հայտարարության

Ի պատասխան Հայկական ծրագրեր ընկերության հայտարարության

Ս.թ. մայիսի 31-ին տարբեր լրատվամիջոցների կողմից տարածվել է Հայկական ծրագրեր ընկերության հայտարարությունը, որում, մասնավորապես, բացասական որակավորումներով անդրադարձ է կատարվում Հայաստանի Հանրապետությունում Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկա իրավիճակին, ինչպես նաև «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի գործունեությանը:

Ելնելով վերոգրյալից, հայտարարում ենք հետևյալը`

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը դեռևս 2000թ.-ից հայտարարվել է Տնտեսության զարգացման գերակա ճյուղերից մեկը և այս տարիների ընթացքում, չնայած առկա որոշ խնդիրների, տարեց տարի արձանագրում է կայուն աճ (տարեկան` միջինում 25%) և այս տենդենցը պահպանվեց նույնիսկ համաշխարհային տնտեսական ճգնաժամի տարիներին, երբ բազում այլ ոլորտներում գրանցվեց անկում: Ավելին` 2011թ. ոլորտի աճը շուրջ 30% էր: Ոլորտում այսօր գործում է ավելի քան 350 կազմակերպություն (տարեկան ստեղծվում է միջինում 30-40 նոր ընկերություն)` ապահովելով 7000-ից ավելի մասնագիտական աշխատատեղ:

Նշված ցուցանիշները գալիս են ապացուցելու, որ Հայտարարության հեղինակը միայն մեծ ջանքերի գործադրման դեպքում կարող էր “հիմա ցավով արձանագրել, որ ՏՏ ոլորտը Հայաստանում կործանման եզրին է”:

Կարծում ենք, որ նշված եզրակացությունը Հայտարարության հեղինակի թյուրիմացության մեջ գտնվելու արդյունք է, որն էլ իր հերթին հետևանք է ՏՏ ոլորտային կազմակերպված կառույցներին (միություններ, ակումբներ, խորհուրդներ, աշխատախմբեր և այլն) վերջինի` բավական երկար ժամանակ անմասն լինելու:

Հարկ ենք համարում նաև նշել, որ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ) 2005թ.-ից հանդիսանում է ՏՀՏ և Բարձր տեխնոլոգիաների հայաստանյան խոշորագույն բիզնես ասոցիացիայի` Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության անդամ: Վերջին տասը տարիների ընթացքում ՁԻՀ-ը, ստանձնելով Հայաստանում Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հիմնական ծրագրի առաքելությունն, իր ուրույն դերակատարությունն է ունեցել այդ գործընթացում: Հայաստանյան և միջազգային մասնավոր, պետական, հասարակական և այլ շահագրգիռ կառույցների հետ սերտ համագործակցությամբ ՁԻՀ-ի կողմից նախաձեռնվել և իրականացվում են ոլորտային այնպիսի մարտահրավերների հաղթահարմանն ուղղված միջոցառումներ և ծրագրեր, ինչպիսին են` որակյալ կադրերի պատրաստումը, ներդրումների ներգրավումը, ենթակառուցվածքների ձևավորումը, վերազգային կազմակերպությունների ներգրավումը և, վերջապես, միջազգային շուկաներում Հայաստանի` որպես տեխնոլոգիական ոլորտի առաջատար երկրի վարկանիշի ձևավորումն ու բարձրացումը:

ՁԻՀ-ն իր մասնագիտական թիմով միշտ վստահելի և կայուն գործընկեր է եղել Հայաստանի ՏՏ մասնավոր ընկերությունների և միությունների համար: ՁԻՀ-ի գործունեությունը բարձր է գնահատվել նաև օտարերկրյա գործընկերների կողմից, և այսօր հայաստանյան «Ձեռնարկությունների ինկուբատոր»-ի հաջողված մոդելը ներդրվում է բազմաթիվ զարգացող երկրներում:

ՁԻՀ-ի գործունեությամբ  հիրավի հետաքրքրված բոլոր անձանց խորհուրդ կտայինք այցելել հիմնադրամի պաշտոնական կայքէջը (www.eif.am), որտեղ մանրամասնորեն նկարագրված են իրականացվող բոլոր ծրագրերն ու միջոցառումները:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը