Լրահոս

27.05.2009 18:56


Հանրապետական ընդունող հանձնաժողովը առաջին նիստն է գումարել

Հանրապետական ընդունող հանձնաժողովն այսօր, ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանի գլխավորությամբ, նախարարությունում գումարել է իր առաջին նիստը։ ԿԳ նախարարը կարևորել է առաջիկա աշխատանքների հստակ կանոնակարգված և հրապարակային կազմակերպումը։ «Հաշվի անելով, որ քննական գործընթացները մշտապես արժանանում են մեր հասարակության ուշադրությանը, չափազանց կարևոր է հրապարակայնության և հանրության վստահության ապահովումը»,- ասել է նա։ 
ՀԸՀ պատասխանատու քարտուղար Ս. Մելիքյանը տեղեկացրել է, որ մայիսի 27-ի տվյալներով, հանրապետության պետական բուհեր է դիմել 10 հազար դիմորդ։ Ընդունելության քննությունների կանոնների համաձայն՝ նրանցից 159-ը օգտվելու են տարբեր արտոնություններից, քանի որ պատկանում են սահմանված սոցիալական խմբերին։ Մասնավորապես, դիմորդներից 78-ը զոհված ազատամարտիկի երեխա է, 68-ը՝ մանկուց հաշմանդամ, 13-ը՝ առանց ծնողական խնամքի։     
Հանձնաժողովը քննարկել և հաստատել է կենտրոնացված քննությունների ժամանակացույցը, ըստ որի՝ դրանք տեղի կունենան հուլիսի 15-26-ը։ Այս տարի կենտրոնացված կարգով կանցկացվեն հայոց և օտար լեզուների բանավոր քննությունները, ինչպես նաև ապագա լրագրողների ստեղծագործական մրցույթը։ Շարադրության այս քննությունը կտևի 4 ժամ, բողոքարկման առումով կգործի նախորդ տարիների քննությունների համար գործող նույն կարգը։
Քննարկվել է նաև ռուսերենի ուսուցմամբ դասարանների և դպրոցների շրջանավարտների հարցը, ովքեր ավարտական վկայականում «Հայոց լեզու» առարկայից գնահատական չունեն։ ՀԸՀ որոշմամբ, այն ֆակուլտետներում, որտեղ «Հայոց լեզու» առարկայի գնահատականը ոչ մրցութային է, ռուսերենի ուսուցմամբ դասարանների շրջանավարտներին կթույլատրվի դրա փոխարեն ներկայացնել «Ռուսաց լեզվի» գնահատականը։ Ջավախքի դիմորդների պարագայում նույն ֆակուլտետներում որպես ոչ մրցութային միավոր կընդունվի ավարտական վկայականի «Հայոց լեզվի» միավորը։

Այս խորագրի վերջին նյութերը